Այսօր կկայանա ֆիլմի երեւանյան պրեմիերան
“Արարատից Սիոն” փաստագրական ֆիլմը ներկայացնում է հայերի ներկայությունը Երուսաղեմում, հայ ժողովրդի դերը եւ ներդրումը մարդկության պատմության մեջ: Bravo.am-ն արդեն իսկ ներկայացրել է ֆիլմի բոլոր մանրամասները` http://www.bravo.am/news/ararat-zion/ : Այսօր “Մոսկվա” կինոթատրոնում կկայանա “Արարատից Սիոն”-ի երեւանյան պրեմիերան: 70 րոպե տեւողությամբ ֆիլմի հեղինակները դրա մանրամասներով կիսվեցին լրագրողների հետ կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
“Արարատից Սիոնը” թողարկել է “Վէմ Մեդիա Արուեստները”: Սցենարի հեղինակն ու պրոդյուսերը Տեր Մեսրոպ քահանա Արամյանն է, ռեժիսորը` Էդգար Բաղդասարյանը, գլխավոր օպերատորը` Ռուբեն Գասպարյանը: Ֆիլմը պատմում է աշխարհահռչակ դերասան Էյդան Քուինը, երաժշտության հեղինակներն են Լիզա Ջերարդը, ով “Գլադիատոր” ֆիլմի երաժշտության հեղինակն է, եւ Արա Թորոսյանը: Postproduction-ը, ձայնագրումը, հնչյունային համադրումն ու գունաշտկումն արվել է Միացյալ Նահանգներում:
Լրագրողների հարցերին պատասխանեցին Էդգար Բաղդասարյանը, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, Ռուբեն Գասպարյանը, ֆիլմի հովանավորներից “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ “Flagship Ventures” ընկերության տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ): “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը նաեւ ֆիլմի հայաստանյան ցուցադրության հովանավորն է:
“4 տարվա աշխատանքի արդյունք է ֆիլմը: “Արարատից Սիոնը” հայ ժողովրդի պատմությունն է աշխարհի կենտրոնում` գրված աշխարհի կողմից: Երեւանում ցուցադրվելու է ֆիլմի հայերեն թարգմանությունը, HD պրոյեկցիայով ցուցադրություն է լինելու, որ մայրաքաղաքում առաջին անգամ է կիրառվում: Աշխարհին մեզ ներկայացնելու խնդիր ունենք, շատ քիչ են այն դիմանկարային կինոները, որ ներկայացնում են մեզ աշխարհին, այս ֆիլմը մեր ժողովրդի կինոանձնագիրն է միջազգային ասպարեզում: Ֆիլմի մյուս կարեւոր նպատակը պատկանելիության հզոր կոչն է ժողովրդին, հատկապես երիտասարդությանը դուրս գալ փոքրության բարդույթից, հետեւել իրենց հայրերի ճանապարհին եւ տեր դառնալու մեր պատմությանը”,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց` սատարելու է ցանկացած ծրագրի, որ մաս է կազմում մեր ազգային պատկանելության. “Ֆիլմը յուրօրինակ ուղերձ է համայն մարդկությանը: Աշխարհի ազգերը թող իմանան, որ քրիստոնեությունը հայերի համար ոչ միայն հավատ է եղել, այլեւ գոյության հարց: Մենք, որ համարվում ենք մեր նախնիների շարունակությունը, ուսերի վրա մեծ պատասխանատվություն ու պարտականություն ունենք` շարունակել գոյատեւել”:
Մայիսի 12-ին Լոնդոնում տեղի կունենա “Արարատից Սիոն”-ի միջազգային պրեմիերան: Ֆիլմը ցուցադրվելու է նաեւ ԼՂՀ-ում, այս պահին այն մասնակցում է մի շարք միջազգային կինոփառատոնների, հաջողություններ գրանցում, սկսում է ֆիլմի հաղթարշավն աշխարհում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: