×


Elite Life Fair 2010

Elite Life Fair 2010

Կայացավ շքեղության եւ նրբաճաշակության երրորդ ցուցահանդեսը Գեղեցիկ եւ հարուստ կյանքով ապրողների կամ վերոնշյալին ձգտողների համար երեկ կայացավ թվով երրորդ “Elite Life Fair”-ը: Շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդեսի հիմնականում երեկոյան հագուստներով հյուրերը հոկտեմբերի 15-ին անցան կարմիր գորգով ու հյուրընկալվեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շքասրահում:  Elite Life Fair 2010 Շքեղությանը հաղորդակից գործարարներին, քաղաքական գործիչներին, մշակույթի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, Սփյուռքից, Վրաստանից, Ռուսաստանից հյուրերին “գեղեցիկ եւ հետաքրքիր ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ” ողջունելու էր եկել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: “Իրականում մեր քաղաքակիրթ Հայաստանին անհրաժեշտ է այսպիսի գեղեցիկ, ապրանքանիշերով ներկայացվող ցուցահանդես: Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը արժանի է այն ամենին, ինչ այստեղ դուք տեսնում եք: Ողջունում եմ եւ բոլորիս հաջողություն մաղթում”,- իր ելույթում նշեց Երեւանի քաղաքապետը: Gagik Beglaryan “Elite Life Fair 2010”-ին ներկայացված էին շքեղ ավտոմեքենաներ, էլիտար բնակարաններ, թանկարժեք զարդեր, բարձրակարգ տեխնիկա եւ բարձրորակ սպասք, կահույք, ծառայություններ: Երեկոյի երաժշտական մասն ապահովում էր ՀՀ Հեռուստառադիոյի պետական ջազ նվագախումբը` Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, պարային զույգը արգենտինական տանգո ներկայացրեց, հարսանյաց զգեստների ցուցադրություն եղավ: Naira, Gaga, Avetis Khakhamyan & Maya Poghosyan “Elite Life Fair”-ի կազմակերպիչն է իրեն հայաստանյան բարձրաշխարհիկ կյանքի մի մասը համարող Elite Life ընկերությունը: “Արդեն երրորդ անգամ եւ մի քանի անգամ ավելի մեծ մասշտաբներով ենք իրականացնում միջոցառումը: Այդ ամենը խոսում է նրա մասին, որ այս ցուցահանդեսը կարողանում է գերակատարել իր նպատակը: Իսկ նպատակը հետեւյալն է` ծանոթացնել եւ ավելի մատչելի ձեւով ներկայացնել տվյալ ոլորտը սպառողին”,- ասաց Elite Life ընկերության նախագահ եւ ամսագրի տնօրեն Ավետիս Խախամյանը: Նրա կինն էլ` Մայա Պողոսյանը, ուրախությամբ նշեց, որ հյուրերի հագուկապից զգացվում է` պատրաստվել են հատուկ երեկոյի համար: “Elite Life Fair 2010” Երեկոն վարող Արամ Չախոյանը իրեն էվոլյուցիայի ականատես է համարում:  “Հիշում եմ  առաջին Elite Life Fair-ը: Ակնհայտ պրոգրես է երեւում: Էլիտար կյանք Մոզամբիկում էլ կա. ամեն տեղ մարդկանց փոքրամասնություն գոյություն ունի, ովքեր ավելի շատ փող ունեն, քան մյուսները: Եթե փող կա, ուրեմն կան մարդիկ, որ դրանից շատ ունեն: Հետեւաբար ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են թանկարժեք ապրանքներ, որոնք սովորական մահկանացուներին հասանելի չեն, կարող ենք համարել էլիտար: Ինձ համար էլիտար հասկացողությունն ուրիշ է, դա մարդու տեսակ է` հատուկ ներաշխարհով, էսթետիկայի ընկալմամբ: Ես մեծ հույսեր եմ կապում, որ ներկաների գոնե քսան տոկոսը կգնահատի այս գեղեցիկ ջահերը, կահույքն ու մեքենաները”,- ասաց մեքենաների նկատմամբ անտարբեր հաղորդավարն ու շեշտեց. “Ես էլիտար մարդ չեմ, ունեմ մի քանի թանկարժեք կոստյում, որոնք հագնում ու փող եմ աշխատում, որը որ ծախսում եմ` ասենք, լավ թանկ գրքեր գնելով: Ադքան փող չունեմ, որ օգտվեմ այստեղ ներկայացված ապրանքներից, ունենայի էլ, կյանքում նման բան չէի անի: Էլիտար կյանքով ապրելու համար այնքան ուղեղդ հանգիստ պետք է լինի ու այնքան սոցիումից կտրված պետք է լինես, առօրյա, կենցաղային խնդիրներից, որ անցնես թանկարժեք կյանքի վայելմանը”: Aram Chaxoyan Շուշան Պետրոսյանն առաջին անգամ էր շքեղության ցուցահանդեսին մասնակցում: “Առաջին անգամ հրավեր չեմ ունեցել, երկրորդ անգամ հրավիրատոմս ունեցել եմ, բայց Միացյալ Նահանգներում էի, չկարողացա գալ: Կան բաներ, որոնք որ նրբաճաշակության խորհրդանիշ են ինձ համար: Այնքան տարօրինակ է` շատ-շատերը, հատկապես տղամարդիկ, կոմպլեքսավորվում են ժամանակակից հագնվել: Բայց ես այսօր տեսնում եմ գեղեցիկ հագնված երիտասարդների, շատ ճաշակով, անուշիկ կանանց, դա ինձ ուրախացնում է: Մի կրակայրիչ եմ հավանել սիգարների տաղավարում. ամուսինս սիգար ակումբի անդամ է: Մեքենաների սալոնում եմ եղել. փոքրս սարսափելի սիրում է մեքենաներ:)”,- ասաց երգչուհին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին