Յոթի խորհուրդը` ձեռքերի միջոցով Ապրիլի 4-ին նշվող սուրբ Հարության` Զատկի տոնի առթիվ Նարեկացի արվեստի միությունում ապրիլի 2-ին բացվեց “Ես եմ…” խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը: Այն ներկայացնում է Հիսուս Քրիստոսի յոթ սահմանումներն իր անձի մասին: Ֆոտոշարքի հեղինակը նկարչուհի Լիլի Ալթունյանն է: Լիլի Ալթունյանը պատմեց, որ լուսանկարներն արել է դեռ 4 տարի առաջ. “Նկարել էի զուտ ինձ համար, չէի կարծում, որ այսքան արձագանք կունենան: Այս ֆոտոներով բացիկներ էի պատրաստում ու նվիրում: Մի օր էլ որոշեցի, որ պիտի ցուցադրեմ այս լուսանկարները”,- պատմեց Լիլին ու հավելեց. “Քրիստոսի յոթ սահմանումները փորձել եմ մեկնաբանել ձեռքերի սիմվոլիկայով: Արել եմ ֆոտոները, հետո դրանց վրա աշխատել եմ պաստելով, այսինքն` խառը տեխնիկա եմ կիրառել”: Լիլին զբաղվում է դիզայնով, լուսանկարչությամբ: Անցած տարի մայիսին իր առաջին անհատական ցուցահանդեսն է ունեցել ՆՓԱԿ-ում` “Քառանկյան մեջ” խորագրով: Ինչպես ինքն է ասում, վիզուալ արվեստի ներկայացուցիչ է, լուսանկարչությունն էլ արտահայտման ձեւերից մեկն է: 25-ամյա Աննա Բարսեղյանը հեղինակին ճանաչելով` նշեց, որ այս լուսանկարները Լիլիի խորությունն են արտահայտում. “Հոգեւոր տեսանկյունից Լիլին ցույց է տալիս իր լայն մտածելակերպը դեպի կրոնը: Յոթի խորհուրդը, գաղափարը լավ է ներկայացրել ձեռքերի միջոցով: Շատ հավանեցի հատկապես հացով ձեռքերը”: Նարեկացի արվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Լեւոն Իսկենյանը Bravo.am-ին հայտնեց, որ նախապես որոշվել էր Սուրբ Ծննդի ժամանակ ցուցահանդեսը բացել, բայց այն հետաձգվեց ու համընկավ Սուրբ Զատկի տոնին. “Շատ լավ է, որ հիմա արվեց ցուցահանդեսը: Այս շաբաթ Սուրբ Հարության թեմայով այլ միջոցառումներ էլ ենք արել, մարդկանց բացատրել ենք տոնի խորհուրդը, ծիսակարգը”: “Ես եմ…” խորագրով ֆոտոցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 9-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: