«Առայժմ չեմ պատրաստվում ամուսնանալ» Հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն այժմ ոչ միայն ասմունք է դասավանդում, այլեւ իր ասմունքի ստուդիան ունի, որն անվանել է ի պատիվ իր տատիկի` Հրաչուհի Ջինանյանի: Ստուդիան ունի տարիքային երկու խումբ` նախատեսված 7-11 ու 12-25 տարեկանների համար: Ասմունքից բացի, ստուդիայում դասավանդում են հայոց լեզու, հայ եւ ռուս պոեզիա, արվեստի պատմություն, համաշխարհային պոեզիա, բեմական հագուստի ոճ եւ խոսքի վարպետություն. “Դասերն անցկացնում են արհեստավարժ դասախոսներ, որոնք էլ հետաքրքիր մթնոլորտ են ապահովում: Ունեմ փայլուն սաներ, որոնցով կարող եմ հպարտանալ: Նրանք պարբերաբար գալիս են Դրամատիկական թատրոն, որտեղ էլ ներկայացումների վերաբերյալ քննարկումներ ենք անում”,- ասում է ստուդիայի հիմնադիրը: Հրաչուհու խոսքերով, իրենց նպատակը երեխաներին իրական ասմունք սովորեցնելն է. “Մարդիկ համարում են, որ ասմունքն անիմաստ շեշտադրումներն ու ձայնային ելեւէջներն են, բայց այդպես չէ: Փորձում ենք հիմք դնելու համար մյուս առարկաները լավ սովորեցնել: Իհարկե, պարտադիր չէ, որ բոլորը դառնան ասմունքող, դերասան կամ հաղորդավար, բայց շատ կարեւոր է, որ ի վերուստ տրված շնորհքը զարգացնեն իրենք իրենց համար”: Փետրվարին Հրաչուհին իր հոր` դերասան Արթուր Ութմազյանի հետ գտնվում էր Լոս-Անջելեսում: Նրանք հայ համայնքի համար ասմունքի երեկո են կազմակերպել` ներկայացնելով «Մարդը ափի մեջ» ծրագիրը: Միացյալ Նահանգներում նաեւ «Դու երկու տառ» խորագրով իրենց համատեղ առաջին ձայնասկավառակն են թողարկել: Ութմազյաններն ասմունքում են Համո Սահյանի, Պարույր Սեւակի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները: Հաղորդավարուհին առաջիկայում պատրաստում է մի ծրագիր, որով կվերադառնա եթեր. «Հիմա փակագծերը չեմ ուզում բացել ու չարած աշխատանքի մասին խոսել: ATV հեռուստաընկերության եթերում կտեսնեք ծրագիրը: Բացի հաղորդավարուհի լինելուց, ATV-ում գլխավոր խմբագիրն եմ, նաեւ զբաղվում եմ արտաքին կապերով»: Հրաչուհին վերջում ավելացրեց, որ դեռ չի պատրաստվում ընտանիք կազմել. «Բավական երկար ժամանակ փորձում էի այդ թեմայով չխոսել, բայց լրատվամիջոցներում իմ ու ընկերոջս լուսանկարների հայտնվելուց հետո մարդիկ կարծում էին, որ նշանվել եմ: Առայժմ չեմ պատրաստվում նշանվել ու ամուսնանալ, բայց երբ ժամանակը կգա, կմտածեմ այդ մասին», - նշեց Հրաչուկը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: