Ցուցահանդես Հայաստանում Փետրվարի 10-ին Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց ցուցահանդես` նվիրված Իրանի Իսլամական հեղափոխության 31-րդ տարելիցին: Բացմանը ներկա էին ԻԻՀ նախագահի մշակութային խորհրդական Մեհդի Մուստաֆավին, արվեստաբաններ եւ հայաստանաբնակ իրանցիներ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ Մեհդի Մուստաֆավին, ով կարեւորեց երկու երկրների միջեւ սկսած մշակութային համագործակցությունն ու հույս հայտնեց, որ այն առաջիկայում իր արտացոլումը կգտնի թատրոնի, կինոյի, գրականության եւ այլ ոլորտներում: “Այսօր մենք ստորագրեցինք մշակութային համաձայնագիր` վկայելով , որ Իրան-Հայաստան հարաբերությունները խոր արմատներ ունեն: Մենք մեր պարտքն ենք համարում պահպանել այդ ավանդներն ու փոխանցել գալիք սերունդներին”: Ցուցահանդեսին ներկայացված էին փայտագործության, մետաղագործության, խեցեգործության, գեղանկարչության եւ բատիկայի յուրահատուկ նմուշներ: Կազմակերպիչների հավաստմամբ, ցուցահանդեսին ներկայացվել են Իրանից հրավիրված վարպետների` Մահբուբե Աղառեզայիի, Էսքյանդար Ղանբեյգիի, Փարավան Միրաֆթաբյանի, Հոդա Նաջաֆիի եւ Հոսեյն Սարջուղիանի աշխատանքները: Մետաղագործ Փարավան Միրաֆթաբյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնակցության առաջարկը ստացել է Հայաստանում Իրանի դեսպանատանը կից մշակույթի կենտրոնից: Փարավանն ասում է, որ հաճախ է իր երկիրը ներկայացնում նմանատիպ միջոցառումների ժամանակ. “Հայաստանը 18-րդ երկիրն է, որտեղ ես ներկայացնում եմ իրանական մշակույթը”: Մյուս մասնակիցների նման Փարավանը ցուցահանդեսի այցելուների ներկայությամբ կատարում էր իր աշխատանքը` փորագրում պղնձե սափորի վրա եւ բացատրում դրա նրբությունները. “Աշխատանքիս արդյունքը պետք է լինի առագաստը` շրջապատված թռչուններով”: Դրա համար 45 տարվա մետաղագործից երկար ժամանակ պահանջվեց, որից օգտվեցին ցուցահանդեսի այցելուները: Նշենք, որ ԻԻՀ հեղափոխության 31-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կտեւի մինչ փետրվարի 17-ը: Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: