×


“Լուսատտիկների կանչը”

“Լուսատտիկների կանչը”

Ահավոր վախենալու կատակերգություն Կամերայինում :) Փետրվարի 4-ին Երեւանի Կամերային թատրոնի փոքր դահլիճում կայացավ “Լուսատտիկների կանչը” ահավոր վախենալու կատակերգության պրեմիերան: Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանն է: Կատակերգության մեջ կգտնեք Օթելլոյին, Դեզդեմոնային, Համլետի հոր ուրվականին եւ բազում ուրիշ կերպարներ: Luiza Nersisyan and Sergey Danielyan Թե ինչի՞ մասին էր ներկայացումը, պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն ասում է, որ “չգիտի” :): “Անցյալ անգամ ինձ շատ հետաքրքիր բաներ ասացին, որ ես չէի էլ նախատեսել: Հիմա թատրոնի մասին շատ են խոսում` այս է դարձել, այն է դարձել, շոու է, շոու չի… Այս ներկայացմամբ փորձեցինք պատասխանները տալ, թե ինչ խառնաշփոթ է այս ասպարեզում: Եթե հանդիսատեսն ինչ-որ բան քաղեց, հաճելի է: Հանրաճանաչ կերպարներ կային, շատ բաներ կային, շիլա-փլավ էր, կարծում եմ` հանդիսատեսը լավ տրամադրությամբ գնաց”,- ասաց Արա Երնջակյանը: “Լուսատտիկների կանչը” երկու անգամ է բեմադրվել: “Առաջին անգամ փորձեցինք երկու տարի առաջ, հետո թատրոնը վերանորոգման մեջ էր: Հիմա նոր դերակատարներ են, մոտ մի ամիս ու կես աշխատեցինք բեմադրության վրա: Ավելի կարճ կտեւեր, պարզապես այս ներկայացումն երկու կազմ է խաղում: Երկու տարբեր ներկայացումներ են: Քեթրին Մանասյանը լրիվ ուրիշ Շարլոտ է խաղում: Բոլոր դերասաններն ուզում էին խաղալ, ու քանի որ երեկոյան ժամը 9-ին երկրորդ ներկայացումն ենք խաղալու թատրոնում, դերասանները շատ չեն հոգնի, մի կազմը մի ներկայացումը կխաղա, մյուսները` հաջորդը”,- պարզաբանեց Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: “Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում “Արվեստը զոհեր է պահանջում” արտահայտությունը ներկայացման մեջ հումորային է. հանդիսատեսի խմիչքի մեջ թույն է լցված: “Իրականում այն մարդիկ, ովքեր արվեստով են զբաղվում, իրոք զոհեր են, որովհետեւ այն պայմաններում, որ աշխատում են թատրոնները, զոհաբերություն է պետք: Ինձ թվում է` որոշ հանդիսատես կարող է լուրջը հասկանալ, շատ ավելի խորը ընկալել, դա շատ լավ է”,- ասաց Արա Երնջակյանը: Սարսափ ֆիլմեր շատ կան, ներկայացումներ` ոչ Երբ Լուիզա Ներսիսյանին առաջարկել են մարմնավորել Շառլոտին, միանգամից համաձայնել է: Ներկայացման մեջ Լուիզան կացնահարվում է: “Շատ երկար ենք աշխատել, ութ Շառլոտի տեսակ ենք գտել: Թումանյանի համար կինն ու գինին են անբաժան, Երնջակյանի համար` կինն ու կացինը:): Այսօր ֆեմինիստական շարժումն այնքան է զարգացել, որ կանանց հնարավոր է սանձահարել միայն կացնի միջոցով, սա, իհարկե, հումոր էր: Բայց յուրաքանչյուր կնոջ պետք է քնքշություն եւ բռունցք”,- ասաց Լուիզա Ներսիսյանը: Luiza Nersisyan Շարլոտին եւ նրա մորը կացնահարել էր ամուսինը, ում դերում է Սերգեյ Դանիելյանը: Դերասանը կարծում է, որ իրականում կինը կացնահարելու համար չէ: Ռաֆայել Երանոսյանը բոլշեւիկի հագուստով Համլետի հոր ուրվականի դերում էր: “Հաճույքով մարմնավորեցի այս կերպարը, բոլոր ներկայացումներում իմ անունով եմ հանդես գալիս` Ռաֆո, սա առանձնանում էր դրանով: Լուսատիտիկը վերջը չկանչեց, որովհետեւ սատկեց”: Rafayel Yeranosyan Սպասավոր Ջոնի կերպարում շոտլանդական կիլտով լուրջ Անդոն ժարգոնային արտահայտություններ էր անում բեմում: “Երեսունականների ոճում էի, լուրջ սպասավոր` բակենբարդներով, բայց այսօրվա լեքսիկոնն էլ էինք օգտագործել”,- ասաց Անդոն: Հասմիկ Դանիելյանը մատուցողուհի Սյուզիի դերում է, ով բոլորին թունավորում է. “Ըստ իմ կերպարի` ինչքան շատ զոհ, այնքան լավ վիճակում կլինի արվեստը: Իմ տեսանկյունից` բնականաբար, ոչ: Դերաբաշխման ժամանակ տարբեր կերպարներում եմ հանդես եկել, սա է դուր եկել, իմ տարիքին Սյուզին է համապատասխան, շատ եմ սիրում այս կերպարը, մանավանդ երբ կրակում է:) : Վարպետացել եմ, կարող եմ սնայպերով վերացնել մի քանիսին”: Hasmik Danielyan Իրականում Կամերային թատրոնում պրեմիերա էր նաեւ փոքր դահլիճում ներկայացում խաղալը: Հանդիսատեսը սեղանների շուրջն էր նստած, հյուրասիրվում էր, սուրճ, կոնյակ էր խնում եւ ներկայացում նայում: “Այսօրվանից երկու դահլիճ ունենք` մեծը եւ երկրորդ հարկի փոքրը: Ներկայացումը մի քիչ կատակ է, ուզում ենք զվարճանալ, ուրախանալ: Բացի այդ, չկա սարսափ ներկայացում, սարսափ ֆիլմեր կան, բայց ներկայացում` ոչ: Այդ իմաստով էլ ցանկանում էինք նոր բան անել: Բացի այդ, նորություն է, որ հանդիսատեսը ավելի անկաշկանդ վիճակում էր նայում ներկայացումը”,- ասաց Արա Երնջակյանը: Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին ներկայացումը դուր եկավ: “Դրական էմոցիաներով եմ գնում նայելու ցանկացած որակի, տեսակի, ոճի, ժանրի ներկայացում: Կարող է ինձ շատերը չհասկանան, բայց այս ներկայացման մեջ ահավոր դուր եկավ շատ կարեւոր մի բան, որ ռեժիսորը հումորով էր վերաբերվում իրեն, աշխարհին, լուրջ թատրոն ասվածին: Շատ սիրելի, վառ, լավ աշխատված կերպար էր ինձ համար, մյուսներին չեմ նսեմացնում,  Լուիզան ցույց է տալիս բացարձակ աշխատանք: Գիտեք, բեմում մի վայրկյան ինքնատիրապետումն ու կենտրոնացումն չկորցնելը շատ դժվար է: Կոչ եմ անում հանդիսատեսին թեթեւ, ինքն իրեն հումորով վերաբերվելու կարողությամբ զինված գալ ներկայացումն նայելու”,- ասաց Նազենի Հովհաննիսյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW