Ամսագիրը վերահրատարակվեց:) Ապրիլի 2-ին «Golden Tulip» հյուրանոցի Ձմեռային դահլիճում կայացավ «National Geographic Traveler» ամսագրի շնորհանդեսը: Մեկ տարի ընդմիջումից հետո վերահրատարակված ամսագիրը կտպագրվի տարեկան 6 անգամ` երկու ամիսը մեկ: Ամսագրի հրատարակիչ Տիգրան Մանգասարյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ ամերիկյան «Traveler» ամսագրի հրատարակության լիցենզիա ունի 14 երկիր. «Այդ 14-ից մեկն էլ մենք ենք, որ իրավունք ունենք հայերեն լեզվով հրատարակել «National Geographic Traveler»-ը»: Տիգրան Մանգասարյանը «National Geographic Traveler»-ը համարում է առաջին լուրջ, մասնագիտական ամսագիրը տուրիզմի բնագավառում. «Այն կմշակի ճանապարհորդելու բարձր մշակույթը: Ամսագիրը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին ու տեղացիներին ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային վայրերին, կհանդիսանա Հայաստանն աշխարհին ներկայացնելու գործիք»: Խոսելով «National Geographic Traveler»-ի դիզայնից` հրատարակիչը նշեց, որ շապիկի դեղին շրջանակն ու որոշ դետալներ թելադրվում են «Traveler»-ի կողմից, բայց ամեն համարում կանեն այնպիսի ձեւավորումներ, որոնք կլինեն նոր ու հետաքրքիր: Հայաստանյան մյուս ամսագրերի հետ էլ համեմատելով` ասաց. «Այն գլամուր չէ եւ երբեք չի էլ լինի»: Խմբագրակազմը մեծ տեղ է հատկացնում լուսանկարներին. «Ունենք շատ լավ թիմ, որի աշխատանքը համապատասխանում է ամսագրի ֆորմատին»: «National Geographic Traveler»-ի գլխավոր խմբագիր Արեգ Նազարյանն էլ հավելեց, որ ամսագրում տեղ են գտնելու իրենց կողմից կատարված ուսումնասիրությունները. «Այստեղ կլինեն հնեաբանական, քրիստոնեական եւ հատկապես էկոտուրիզմին վերաբերող նյութեր, ուսումնասիրություններ»: Շնորհանդեսին, է թիվս այլ հյուրերի, ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ով Bravo.am-ի հետ զրույցում ամսագրին դրական գնահատական տվեց ու ասաց, որ իրենք էլ կաջակցեն «National Geographic Traveler»-ին. «Այս տարի Հայաստանում են լինելու«Traveler»-ի 14 մասնաճյուղերի հրատարակիչները, որոնք կմասնակցեն վեհաժողովի: Մենք եւս դրա հետ կապված ծրագրեր ունենք»: Նշենք, որ «National Geographic Traveler»-ի հայաստանյան առաջին համարը հրատարակվել է 2008 թ-ին, ապա հրատարակիչ Ռուբեն Մանգասարյանի վաղաժամ մահվանից հետո որոշ ժամանակ լույս չի տեսել: Վերահրատարակությունից հետո «National Geographic Traveler»-ը վաճառվելու է 1800 դրամով: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: