7-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 11-ին Այս տարի գուցե ծիրանի առատ բերք չունենանք, բայց դա Երեւանին ամենեւին չի խանգարի ամռանը 8 օր ծիրանաբույր կինոյով ապրել:): Հուլիսի 11-ից 18-ը Երեւանում կանցկացվի “Ոսկե ծիրան” 7-րդ միջազգային կինոփառատոնը: 7-րդ “Ոսկե Ծիրան”-ը աշխարհի 75 երկրներից մոտ 500 հայտ է ստացել: Առաջին անգամ մասնակցության ցանկություն են հայտնել Հորդանանը, Նիկարագուան, Վենեսուելան, Կոստա Ռիկան: “Մեզ համար էլ էր զարմանալի, որովհետեւ ամեն տարի 60-62 երկրից էինք հայտ ստանում: Դա ուրախալի է, բայց, ցավոք, մենք կարող ենք ընտրել ամենաշատը 100-120 ֆիլմ. էկրաններն են սահմանափակ”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Մրցութային ծրագիրը պահպանելու է երեք ձեւաչափերը` միջազգային խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր, հայկական համայնապատկեր: “Ոսկե ծիրան” երեւանյան միջազգային 7-րդ կինոփառատոնը կանցնի հայկական կինոյի հատուկ շեշտադրությամբ: Այս տարի փառատոնի շրջանակներում կնշվեն հայ կինոյի նվիրյալներ` կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի եւ Խորեն Աբրահամյանի 80, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյա հոբելյանները: Կնշվի նաեւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, դերասան Արմեն Ջիգարխանյանի հոբելյանը` 75-ամյակը: Վերնոյի եւ Փարաջանովի աստղերը կտեղադրվեն Երեւանում Փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանի տարեդարձը Երեւանում նշվելու է հենց կանադահայ անվանի ռեժիսորի մասնակցությամբ: Կլինեն “Անրի Վերնոյ 90” եւ “Ատոմ Էգոյան 50” հոբելյանական հատուկ ծրագրեր: “Ոսկե ծիրան” 7-րդ կինոփառատոնի մեկնարկը կտրվի Անրի Վերնոյի “Մայրիկ” ֆիլմով: “Այս ֆիլմի գլխավոր դերակատարներից էլ կլինեն Երեւանում: Անրի Վերնոյի որդին էլ է գալու. նա նույնպես ռեժիսոր է: Փակման ֆիլմի մասին դեռ կմտածենք, որովհետեւ ժամանելու են նաեւ մի քանի շատ խոշոր ռեժիսորներ, որոնց ֆիլմերի հենց այնպես, հերթական ցուցադրությունը լավ չի նայվի: Նրանցից մեկի ֆիլմով էլ կփակենք փառատոնը”,- ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Ի դեպ, կազմակերպիչները նշում են, որ Անրի Վերնոյը պատճառ է դարձել մի գեղեցիկ իրադարձության: “Մոսկվա” կինոթատրոնի պատերին բացվելու են համաշխարհային կինոհանրագիտարանի մեջ ընդգրկված ռեժիսորներ Անրի Վերնոյի, Սերգեյ Փարաջանովի, Ռուբեն Մամուլյանի, Համո Բեկնազարյանի աստղերը: Պատերից են սկսում, որովհետեւ կինոթատրոնին հարակից հատակը շուտով քանդվելու է ավտոկայանատեղի կառուցելու համար: Փառատոնն անցկացվելու է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծում է` Երեւանում լավագույն շաբաթն ենք վայելելու: “Ոսկե Ծիրան”-ի գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը: “ Աշխատում ենք միասին ծառայել մի գերագույն ապրանքանիշի, որ մեր հայրենիքն է: Մենք կարողացանք հասնել այն նպատակին, որ մեր ինքնությունն ավելի ճանաչելի դարձնենք արտասահմանում: Մի կարեւոր իրականություն կա. շատ պետություններ եւ ազգեր իրենց շոյված են զգում, որ կինոփառատոն ունեն, մենք էլ կարող ենք ասել` մի րոպե, մենք էլ ձեզ հավասար ենք, մենք էլ փառատոն ունենք: Եվ ամեն տարի ձգտում ենք բարձրացնել մակարդակը, որ իրենք մեզ զիջեն. պետք է ձգտենք”,- ասաց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: “Ոսկե ծիրան”-ն այս տարի երեւանյան պրեմիերաներով է հարուստ լինելու: “Երեւանյան պրեմիերաներ” ծրագրի շրջանակներում ներկայացվելու են Սերգեյ Սոլովյովի “Համադասարանցիները”, ամերիկացի Ռոբ Նիլսոնի “Ոգեշնչանքը”: “Երկու թուրք անվանի ռեժիսորներ էլ կան, որոնցից մեկը թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Ակինին է: Նա կներկայացնի իր “Հոգու խոհանոցը”: Իսկ Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիհ Կապլանօղլուն հանդես կգա իր “Մեղր” ֆիլմով”,- ասաց Միքայել Ստամբոլցյանը: Համաշխարհային կինոյի մի քանի անվանի ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություն էլ կլինի, Երեւանն ականավոր ռեժիսորների կհյուրընկալի: Իսկ մինչ այդ` մայիսի 25-ին “Ակադեմիա” պատկերասրահում տեղի կունենա “Հայֆիլմի” ֆիլմերի վերահրատարակված հայերեն եւ անգլերեն կատալոգի շնորհանդեսը, որ պարունակում է հայկական կինոյի ամբողջ ժառանգությունը: Ի դեպ, գիրքը առաջին անգամ մոտ տասը տարի առաջ է թողարկվել: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: