×


Ալեքսանդր Բաբասյանը՝ որդուն միայնակ խնամելու եւ կնոջ ԱՄՆ մեկնելու առիթի մասին

Սննդաբան Լիլիթ Բաբասյանն, ով դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն է, երեկ նշում էր ծննդյան տարեդարձը: Ինստագրամում արած հրապարակումներից պարզ դարձավ, որ տոնական օրը նա անցկացրել է ընտանիքից հեռու. այս օրերին Անահիտ Սիմոնյանի հետ Միացյալ Նահանգներում է:

BRAVO.am-ը զրուցել է Ալեքսանդր Բաբասյանի հետ՝ ճշտելու ինչպիսին է իր եւ որդու առօրյան առանց Լիլիթի, եւ ինչու չեն ընկերակցել նրան այս ուղեւորության ընթացքում:

Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքը


«Լիլիթի՝ ԱՄՆ-ում տարեդարձը նշելն ամբողջովին պատահականությունների շղթա էր: Մենք ունեինք արդեն ծրագրեր, թե որտեղ ու ինչպես ենք նշելու, սակայն հանգամանքների բերումով այլ բան ստացվեց: Անկեղծ ասած՝ ես ընդհանրապես չեմ սիրում ԱՄՆ-ն եւ երբեք ցանկություն չեմ ունեցել այցելել: Իսկ կնոջս երազանքն էր լինել այնտեղ, եւ շուրջ մեկ տարի կլինի, ինչ ինձ համոզում էր, որ գնայինք: Միշտ կարողանում էի մի պատճառ գտնել եւ հետաձգել այն, հատկապես, երբ տանել չեմ կարողանում երկար օդում լինել. այդ թռիչքներն ինձ համար սթրեսային են»,-անկեղծացել է դերասանն ու ուրախությամբ հավելել.«Երջանիկ է այն մարդը, ում երազանքներն իրականանում են, եւ հատկապես ծննդյան օրն են իրականանում»:

Այնպես է ստացվում, որ այս շրջանում ԱՄՆ պետք է մեկներ Լիլիթի մտերիմ ընկերուհին՝ Անահիտ Սիմոնյանը, եւ նրանք երկուսով են մեկնում.«Չեմ սիրում առանց երեխայի որեւէ տեղ գնալ, մանավանդ՝ մեկնել. սթրես եմ տանում: Առանց որդուս ընդամենը մեկ անգամ եմ մեկնել հանգստի, եթե դա կարելի է այդպես անվանել, քանի որ հանգստիս այդ 10 օրն ավելի շատ անհանգստացել եմ: Չէի կարողանում հանգստանալ ու ուրախանալ, երբ գիտեի, որ երեխան մեզ հետ չէ, սակայն նշեմ, որ Լիլիթը, իմանալով իմ` որդուս հանդեպ անսահման ուշադրությունն ու աներեւակայելի սերը, հանգիստ է»:

Ալեքսանդր Բաբասյանը՝ որդու հետ


Այս օրերին 2 Ալեքսանդրները միասին են անցկացնում իրենց ժամանակը. «Միասին լինելը միմիայն հաճույք է: Անգամ, երբ կինս այստեղ է, որդուս ինձ հետ տանում եմ ամեն տեղ՝ աշխատանքի, նկարահանումների, զբոսանքի ու իմ ընկերական հանդիպումներին»,-ասել է նա եւ ոգեւորությամբ նշել, որ իր ու որդու կապն աննկարագրելի է.«Չեմ մտածում ու պլանավորում, թե ինչպիսին լինեմ որդուս հետ. դա իմ ներսից է գալիս ու ինքնաբուխ է: Երեխայիս հետ շատ ժամանակ անցկացնելն իմ ե՛ւ հայրական պարտականությունն է, ե՛ւ ցանկությունը, եւ անչափ երջանկացնում է ինձ: Միշտ վայրկյան առաջ շտապում եմ տուն, որ նրա հետ լինեմ, հաճախ հրաժարվում եմ տարբեր հրավերներից, որ ժամանակս որդուս նվիրեմ: Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ երեխայիս համար ուտելու բան պատրաստել կամ լողացնել, իսկ այսօր հպարտ եմ, որ անում եմ այդ ամենը: Իսկ ո՞վ է ասել, որ երեխայի խնամքով զբաղվելը միայն մայրիկների պարտականությունն է. պարզապես դա հիմնականում մայրիկներն են անում, իսկ մարդկանց թվում է` ուրեմն նրանց աշխատանքն է: Արդյո՞ք օրինաչափ է, որ հայրիկները գալիս են տուն, երեխայի հետ խաղում մոտ 20 րոպե, բողոքում հոգնածությունից եւ շտապում ընկերների մոտ: Կամ օրինակ` դրսում երեխային տալիս են հեռախոս, պլանշետ, միայն թե իրենց չխանգարի. շատ ցավալի են նման դեպքերը: Երեխաների հետ շփվել ու խոսել է պետք: Միշտ մտածում եմ, որ դեռ կհասցնեմ գումար աշխատել, բայց այ, որդիս այս տարիքում էլ չի լինի: Անհամեստություն թող չլինի, բայց վստահորեն ասում եմ, որ շատուշատ մայրիկներից ավելի հոգատար ու ուշադիր հայր եմ»:

Եվ վերջում դերասանը նշեց, որ, իհարկե, կարոտում են Լիլիթին, բայց իր համար նաեւ շատ կարեւոր էր կնոջ` երազանքն իրականացնելը.«Նրան մաղթում եմ, որ լինի շատ առողջ, մեր կողքին, երջանիկ ինձ հետ, եւ որ մենք, անպայման, ունենանք դուստր»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին