Երեւանի փողոցներում երեկ վամպիրներ, կախարդներ ու սարսափելի այլ կերպարներով մարդիկ էին շրջում: Թվում էր՝ մահացածները դուրս են եկել անդրաշխարհից, եւ կենդանի մարդիկ կարող են շփվել նրանց հետ: Առիթը, իհարկե, Հելոուինն էր, որը սովորաբար նշվում է ԱՄՆ-ում, Կանադայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում: Վերջին տարիներին տոնը մասամբ սկսել են նշել նաեւ այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Երեւանում Հելոուին են նշել
Մեզ մոտ, իհարկե, շատերն անտարբեր են տոնի նկատմամբ, բայց, միեւնույն է, այն նշողները հիշեցրած կլինեն իրենց մասին: Երեկ, հավանաբար, տեսած կլինեք, թե ինչպես են երեխաները՝ դիմակներ հագած, թակում դռներն ու «սպառնում» իրենց կոնֆետներ հյուրասիրել: Իսկ նրանք, ովքեր ցանկանում էին մաս դառնալ արեւմուտքում նշվող հայտնի այս տոնին, կերպարանափոխվել էին եւ դուրս եկել փողոցներ, կամ էլ այցելել ակումբներ ու փաբեր, որտեղ մուտքը միայն իրենցն էր: Նույնիսկ տեղացող անձրեւը չէր խանգարում, որպեսզի նրանք շարունակեին իրենց ժամանցը:
BRAVO.am-ը նույնպես շրջել է «մեռյալների աշխարհում» եւ նրանցից հետաքրքրվել, թե ինչպես են ընտրել իրենց կերպարներն ու ինչպես են նախապատրաստվել տոնին: Սկզբում մեզ հանդիպեցին մահացած հարսնացուն եւ նրա կովբոյ ամուսինը: Աստղիկն ու Լուսանեն այնքան էլ պատահական չէին ընտրել իրենց կերպարները. «Մի քանի օր առաջ իմ ծնունդն էի նշում, եւ քանի որ տանը ծաղիկներ կային, որոնք դեռ չէին թառամել, մտածեցի՝ դրանք այս կերպարիս համար կարող եմ օգտագործել: Բացի այդ էլ ֆինանսական կորուստներ չունեցա, գումար խնայեցի (ժպտում է,- հեղ.): Մոտ երկու-երեք ժամ եմ նախապատրաստվել, դիմահարդարումս արել եմ սուրմայով եւ շրթներկով»,-պատմեց Լուսանեն: Իսկ Աստղիկը, ով հանդես էր գալիս նրա ամուսնու կերպարում, նշեց՝ ոճն իրեն հոգեհարազատ է. առօրյայում էլ է հաճախ կովբոյական հագուստ նախընտրում: Որոշ ժամանակ փողոցներում շրջելուց հետո պատրաստվում էին գնալ փաբ եւ երեկոն շարունակել այնտեղ:
Երեւանում Հելոուին են նշել
Շուշանը, Լիլիթն ու Արաքսյան էլ իրենց կերպարներն ընտրելիս ոգեշնչվել էին «Վամպիրի օրագրերը» հայտնի սերիալի հերոսներից եւ որոշել էին վամպիրներ լինել: Շուշանն ինքն էր օգնել ընկերներին համապատասխան դիմահարդարում ստանալ, ասաց՝ ամբողջը եղել է իմպրովիզի արդյունք, նկարել է այն, ինչ մտքին եկել է այդ պահին.«Ոչ մի անգամ Հելոուինով չեմ հետաքրքրվել, բայց այս տարի որոշեցի մասնակցել, որ երիտասարդներով մի քիչ ուրախանանք: Անկեղծ ասած՝ չեզոք վերաբերմունք ունեմ տոնի նկատմամբ, որովհետեւ ո՛չ նշում եմ, ո՛չ չեմ նշում: Պարզապես ուրախանում ենք»,- ասաց նա:
Երբ հարցրինք՝ կարծիքներ, մեկնաբանություններ հնչել են իրենց կերպարների մասին, Շուշանն ասաց, որ արձագանքները շատ են եւ հիմնականում վատ. «Սեւազգեստ հայ տղաներն են, որ վատ մեկնաբանություններ են անում: Շատերը թարս են նայում, ասում են՝ վայ, ինչ վախենալու է, ու այդ ամենը՝ հեգնանքով: Ուզում եմ հիշեցնել, որ տոնը սատանիստական չէ, այլ կելտական է, եւ սա պարզապես ուրախանալու եւս մեկ առիթ է մեզ համար»:
Երեւանում Հելոուին են նշել
Հելուուինի մասնակիցների թվում շատ էին նաեւ տղաները, որոնց կերպարներն անհամեմատ ավելի սարսափելի էին: Մեր զրուցակիցը՝ Կարենը, տոնը նշելու էր եկել ընկերուհու հետ, ինքը քայլող մեռյալի կերպարում էր, ընկերուհին` կախարդի: Իր կերպարի համար նա օգտագործել էր սոսինձ եւ բամբակ, այնուհետեւ այդ ամենը ներկել էր եւ ստացել մաշկազերծ արված դեմք.«Ճիշտն ասած՝ ուզում էի Թրամփը լինել, պարզապես այնքան վատ ստացվեց կերպարը, որ որոշեցի այսպես ներկայանալ: Ես շատ նորմալ եմ վերաբերվում Հելոուինին եւ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր չեն ընդունում: Նրանք, ովքեր չեն հասկանում սրա իմաստը, նշանակում է՝ չեն կարդացել, չգիտեն»,- ասաց նա:
Երեւանում Հելոուին են նշել
Մենք մի փոքր շրջեցինք նաեւ երեւանյան փաբերում: Այստեղ մարդկանցից բացի, հելոուինյան էին նաեւ պատերը, ջահերը եւ ամբողջ մթնոլորտը: Ամենուրեք փորագրված դդումներ էին, սարդեր ու սարդոստայններ, իսկ մի տեղ`անմիջապես դռան առջեւ, մարդկանց դիմավորում էր կտրված գլուխը: Կարելի է ասել`Երեւանը նույնպես կամաց-կամաց մոտենում է Հելոուինը նշող ազգերին, թեեւ այստեղ հիմնականում երիտասարդներն են մասնակից դառնում այդ խենթ օրվան: Մեզ թերեւս պակասում է միայն գրագետ մոտեցումը տոնի խորհրդին եւ ստեղծվող կերպարներին:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: