Աննա Հարությունյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այժմ նկարահանվում է գեղարվեստական “Չղջիկներ. չեզոք գոտի” լիամետրաժ ֆիլմում, որի ռեժիսորն Արտակ Զիլֆիմյանն է, սյուժեի եւ սցենարի հեղինակները` Լուսինե Մանուկյանը եւ Նվեր Գալստյանը, տնօրենը` Տիգրան Շահինյանը , օպերատորը` Գարիկ Աբելյանը:
Աննա Հարությունյանը` “Չղջիկներ. չեզոք գոտի” ֆիլմի նկարահանումներին
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Հովակ Գալոյանը եւ Աննա Հարությունյանը: Դերասանուհու փոխանցմամբ` գործողությունները տեղի են ունենում 1990-ականների սկզբին:
“Հետպատերազմյան շրջանն է, մի քանի հայ գերի են ընկել… Ազգային պատկանելության մասին շատ չի խոսվում. ֆիլմն ավելի համամարդկային է, որովհետեւ շատ ազգեր են պատերազմ տեսել: Հիմքում ընկերությունն է, փոխադարձ հարգանքը, խիզախությունը, կորուստը...”,-ասել է նա:
Դերասաններ Հովակ Գալոյանը եւ Աննա Հարությունյանը
Աննան` մարտական գործողությունների կիզակետում
“Երկու հոգու հետ գալիս եմ սահման` մասնագիտական աշխատանք կատարելու եւ գերի եմ ընկնում, բայց զենք չեմ վերցնում: Խումբ է ձեւավորվում, որը գալիս է ազատելու գերիներին: Հրամանատարի գլխավորությամբ, որին մարմնավորում է Հովակ Գալոյանը, հատուկ ջոկատը ավելի շատ մարդու է ազատում, քան նախատեսված էր”,-պատմել է Աննան` հավելելով հետեւյալը.“Անվստահ աղջիկը աստիճանաբար հավատում է իր ուժերին եւ դառնում կռվող տղաների ոգին: Նկարահանումների ընթացքում հետաքրքիր բան տեղի ունեցավ. կարելի է ասել, որ իմ կերպարը ոգեշնչեց ռեժիսորին, եւ մարտական գործողությունների ընթացքում կա նաեւ սիրո թելը: Գլխավոր դերակատարները սկսում են համակրել միմյանց` հանդիսատեսին երեւակայելու հնարավորություն տալով: Դերասանի առաքելությունը հենց լուսավորը ներկայացնելու մեջ է, նույնիսկ երբ կեղտոտ ես, ցեխոտ, սոված ու տանջված, հանկարծ հասկանում ես, որ սերն ամենազոր է, ինչի համար արժե ապրել ու դուրս գալ “ճահճից”: Եթե իմ զգացած ու ապրած էներգետիկայի գոնե 20 տոկոսը էկրանից արտացոլվի, հոյակապ կլինի:)”:
“Չղջիկներ. չեզոք գոտի” ֆիլմի նկարահանումներին
Նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Տավուշի մարզի սահմանային Այգեձոր եւ Չինարի գյուղերում. “Պարզ պատճառներով, տեղի բնակիչների համար սարսափելի էին կրակոցներով տեսարանների նկարահանումները: Ուզենք, թե` ոչ, ադրբեջանցիների հանդեպ կա այդ ատելությունը, օրինակ` երբ հյուրախաղերով Եգիպտոսում էինք, ինձ հարցրին` արդյոք թուրք եմ, ուզում էի սպանել ասողին”:
“Ուզում էի սպանել ինձ թուրք ասողին”. Աննա Հարությունյան
“Ուրախ եմ, որ ճանաչված դերասան եմ”. Աննա Հարությունյան
Սերիալներում նկարահանվող Աննան կարծում է` խելացի դերասանը յուրաքանչյուր աշխատանքից կարող է իր օգուտը քաղել. “Նույն սերիալներն ինձ տվել են կադրային մտածողություն, ինչը Թատերական ինստիտուտում սովորելիս չենք անցել: Եթե միանգամից նկարվեի ֆիլմում, կհայտնվեի կղզում: Նաեւ ճանաչված լինելն է նպաստում նոր առաջարկներ ստանալուն: Ուրախ եմ, որ ճանաչված դերասան եմ, շատերը կասեն, որ “աղբի” մեջ ճանաչվելն այնքան էլ լավ բան չէ, բայց համաձայն չեմ այդ վատ բնորոշումների հետ, պետք չէ նաեւ “գրդոն” անվանել: Իհարկե, իմ բախտը բերել է, որ “Գեներալի աղջիկը” սերիալում շատ չեմ երեւում. մտածելու, նորովի ներկայանալու ժամանակ ունեմ”:
Աննա Հարությունյանը` “Չղջիկներ. չեզոք գոտի” ֆիլմի նկարահանումներին
“Չղջիկներ. չեզոք գոտի” լիամետրաժ ֆիլմի նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, դեկտեմբերին սպասվում են նկարահանումներ Երեւանում, իսկ պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: