Նկարիչ-դիզայներ Անուշ Հովհաննիսյանն իր ծննդյան օրը նշանավորել է իր առաջին անհատական ցուցահանդեսի բացմամբ: Նոյեմբերի 2-ին Երեւանի պատմության թանգարանում երիտասարդ նկարչի մտերիմները, ընկերները եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել են ցուցասրահում ներկայացված կտավները:
Անուշ Հովհաննիսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Ցուցադրված 50-ից ավելի աշխատանքներն իրենցից ներկայացնում են գծանկար, գրաֆիկա, նատյուրմորտ, բատիկ եւ կերամիկական աշխատանքներ, նաեւ վիտրաժ` ապակենախշ գործեր, որոնք աչքի են ընկնում վառ գույների համադրությամբ: Ի դեպ, ցուցահանդեսի բացման օրն իր կրած զգեստն ու աքսեսուարները եւս Անուշը ստեղծել է սեփական պատկերացմամբ :):
“Նայիր աշխարհին իմ գույներով” խորագիրն էլ նկարչուհու մտահղացումն է: Նա զբաղվել է նաեւ ցուցահանդեսի կազմակերպչական հարցերով. “Անհատական ցուցահանդեսը ճանաչման, նոր մտքերի ու առաջարկների հնարավորություն է տալիս: Սա հաջորդ ցուցահանդեսների ու նոր հաջողությունների սկիզբն է”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անուշ Հովհաննիսյանը:
Անուշ Հովհաննիսյանի աշխատանքներից
Աղջկա խոսքով` նկարելու շնորհն իրեն փոխանցվել է հայրիկից` գեղանկարիչ Լեւոն Հովհաննիսյանից. “16 տարեկան էի, երբ առաջին անգամ իմ նկարը գնեցին ու Փարիզ տեղափոխեցին, ինչը շատ ուրախալի փաստ էր ինձ համար”:
Անուշը սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայնի բաժնում, այնուհետեւ 2 տարի սովորել է Երգի թատրոնի վոկալի բաժնում. “Որոշ ժամանակահատված բացարձակ չէի նկարում, ձեռքս “փակվել” էր. սկսեցի երգեցողությամբ զբաղվել: Փուլ առ փուլ ստեղծագործում եմ տարբեր ասպարեզներում: Գրում եմ բանաստեղծություններ, երգեր, բայց դրանք դեռ միայն ինձ համար են, չեմ տարածում: Թեեւ միգուցե հաջորդ տարի բանաստեղծություններիս գիրքը հրատարակեմ. պետք է ժամանակ գտնեմ ու այն ինքս նկարազարդեմ”:
Մոդել Մարինա Ավետյանը եւ Անուշ Հովհաննիսյանը
Անուշի աշխատանքները ցուցասրահում կարող ես տեսնել ու գնահատել մինչեւ նոյեմբերի 16-ը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: