×


Աշոտ Ադամյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Հայ երկու մարզիկ, որոնք մասնակցել են բազկամարտի աշխարհի առաջնությանը, դարձել են աշխարհի չեմպիոններ: Այս տարվա նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած արմրեսթլինգի աշխարհի առաջնությանը Հայաստանից մասնակցել են 18-ամյա Աշոտ Ադամյանը եւ 29-ամյա Վրեժ Սեդրակյանը:

Բազկամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Ադամյանը


Տղաները ոսկե մեդալներ են նվաճել  60 եւ 75 կգ քաշային կարգերում: Ի դեպ, առաջնությանը մասնակցել է ավելի քան 1200 բազկամարտիկ 52 երկրից: 


Երիտասարդ բազկամարտիկ Աշոտ Ադամյանը պատմում է, որ չեմպիոն է դարձել աջ ձեռքով` անցկացնելով 8 մենամարտ եւ հաղթելով բոլորում: Աշոտի հակառակորդների թվում էին մարզիկներ Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, իսկ եզրափակիչ մենամարտը աշխարհի գործող չեմպիոն Ղրղզստանի ներկայացուցչի հետ էր:


“Պարապում եմ արդեն 3 տարի, շաբաթը 5 օր, 2-ական ժամ: Բազկամարտում, ինչպես եւ բոդիբիլդինգում, մարզիկը զարգացնում է իր ողջ մկանային համակարգը, այլ ոչ միայն ձեռքերը, ինչպես շատերն են մտածում: Ձեռքի ուժից բացի, մեծ նշանակություն ունի մեջքի եւ ոտքերի ամրությունը, որոնք պետք է օգնեն մարզիկին կայուն մնալ մենամարտերի ժամանակ: Պարապելիս շեշտը դրվում է ոչ այնքան ծանր քաշերի հետ աշխատելու, որքան վարժությունը գրագետ կատարելու վրա”, - պատմում է Աշոտը, որը աշխարհի չեմպիոնական տիտղոսից բացի արդեն հասցրել է 4 անգամ անընդմեջ դառնալ իր տարիքային եւ քաշային խմբում Հայաստանի առաջատարը եւ բրոնզ նվաճել 2010 թվականի Եվրոպայի առաջնությունում:

Բազմամարտի աշխարհի չեմպիոններ Աշոտ Ադամյանը եւ Վրեժ Սեդրակյանը


Հաղթանակի համար երիտասարդը երախտապարտ է իր մարզչին` բազկամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանին, որն այս տարի չմասնակցեց մրցումներին վնասվածքի պատճառով, բայց փոխարենը լավ պատրաստեց Աշոտին:


“Հայաստանի պետական ագրարային համալսարանի տրանսպորտի բաժնի երկրորդ կուրսի ուսանող եմ: Համալսարանում շատ ուրախացան, երբ իմացան հաղթանակիս մասին, հատկապես դեկանը”, - ասում է Աշոտը:


Թե ինչպես կշարունակի Աշոտ Ադամյանի սպորտային եւ մասնագիտական կարիերան, իր ասելով, ժամանակը ցույց կտա, իսկ մինչ այդ ինքը հաջողությամբ համատեղում է ուսումը մարզումների հետ` նպատակ ունենալով պահել աշխարհի չեմպիոնի տիտղոսը բազկամարտի աշխարհի հաջորդ առաջնությանը, որը կկայանա 2012 թվականին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում:


Տեքստը` Ռուբեն Հարությունյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աշոտ Ադամյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW