Աստղիկ Սաֆարյանը վաղը` մայիսի 15-ին, կներկայացնի իր նոր տեսահոլովակը, սակայն մինչ այդ BRAVO.am-ին պատմել է “Ուշ է” երգի խորհրդի ու ասելիքի մասին եւ հույս հայտնել, որ ակտիվ ռիթմերով փոփ-ռոք ժանրում երգն ունկնդիրներին կհաղորդի հաղթական տրամադրվածություն եւ բարձր տրամադրություն:):
Աստղիկ Սաֆարյանը
Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակն Աստղիկն է, գործիքավորումն արել է ԴերՀովան: Այս գործի միջոցով երգչուհին հորդորում է չկեղծել սերն ու զգացմունքները. “Անկեղծ սերն էլ չպետք է այնքան ուշացնել, որ նույնիսկ, երբ վերադառնա, հրաժարվես ընդունել”:
Երգում հնչող “մեր սերն արդեն հուշ է” խոսքերի համար նա չի զղջում.“Սովորաբար, որոշում կայացնելիս շատ զգույշ եմ, երկար ժամանակ ծանրութեթեւ եմ անում, այն հստակ ու վերջնական է լինում, եւ հետո չեմ զղջում”, - նշել է Աստղիկն ու հավելել, որ բնավորությամբ ուշացող է.“Ինչքան էլ չցանկանամ, միեւնույն է, գրեթե միշտ ուշանում եմ, ինչը համարում եմ իմ վատ հատկանիշներից մեկը:)”:
Աստղիկ Սաֆարյանը
“Ուշ է” փոփ-ռոք երգը նրա երկրորդ ձայնասկավառակից է: Երգչուհու խոսքով` միշտ ցանկություն է ունեցել այն ներկայացնել տեսահոլովակով.“Պահը հասունացավ: Ներկայացնում եմ ուժեղ մարդու զգացմունքները: Երգն աղջկա ազատ խոսքն է հենց այն մեկին, ով խաբել է ու խաղացել իր զգացմունքների հետ, բայց նա ճիշտ ժամանակին հասկացել եւ վերջ է դրել հարաբերություններին: Կարծում եմ` շատերի հետ կարող է նման դեպք պատահած լինել: Երբ հասկանում ես, որ հարաբերություններն ավարտվում են, եւ ընդունելով այդ փաստը, փորձում ես առաջ գնալու ուժ գտնել… Իսկ երբ նա փորձում է վերադառնալ, զգում ես` ուշ է, այլեւս պետք չեն ուշացած սերն ու խոսքերը, որոնց դու այդքան սպասում էիր այն ժամանակ”:
Տեսահոլովակը նկարահանվել է 2013-ի աշնանը` Երեւանի “Monic” ստուդիայում, երբ Աստղիկը հերթական անգամ վերադարձել էր հայրենիք.“Նախորդ այցիս ժամանակ նրանց հետ իրականացրել էինք մեծ ֆոտոշարք, որից հետո, ի դեմս տնօրեն Հայկ Սարդարյանի, աշխատեցինք այս տեսահոլովակի վրա: Անձնակազմը ջանք չխնայեց, որ լավ արդյունք ստանանք: Չկան դրսում նկարված տեսարաններ, սյուժե, բայց կա իմաստ, որը թաքնված է հերոսուհու` իմ կերպարներում: Հերոսուհին ըմբոստ աղջիկ է` ռոքային ոգով, որը բենդի երաժիշտների հետ փոխանցում է իր զայրույթն ու ուրախությունը”:
Աստղիկ Սաֆարյանն` “Ուշ է” տեսահոլովակի նկարահանումներին
Երգչուհին երեք կերպարում է, ինչպես նախորդ տեսահոլովակներում, այս անգամ եւս ինքնուրույն է ընտրել զգեստները.“Յուրաքանչյուր կերպարն իր մեջ թաքնված իմաստ է պարունակում եւ հատուկ է ընտրվել: Սկզբում կրում եմ իմ` “ACO՛” ապրանքանիշի դեղին ու կանաչ ժիլետները: Առաջինը խաղաքարտի նշանով դեղին ժիլետն է, որով հերոսուհին բացահայտել է, որ դիմացինի համար սիրային հարաբերությունները եղել են ուղղակի խաղ, իսկ վանդակավոր պրինտով կանաչ ժիլետը խորհրդանշում է այն, որ աղջիկը խաբեության պատճառով իրեն չի փակի վանդակում եւ չի տառապի չստացված սիրուց: Հետո նա արդեն ռոքային ոճում է, մենակ է, բայց ոչ միայնակ, ազատ է ու այլեւս չի լռում, վստահ է` ինչն ուշ է, արդեն մի լավ հուշ է”:
Օրեր առաջ Երեւանից կրկին վերադառնալով Բարսելոնա` Աստղիկն այժմ զբաղվում է իր նորաստեղծ ապրանքանիշի ֆոտոշարքով եւ Երեւանում ձայնագրված նոր երգի աշխատանքներով, որն առաջիկայում կներկայացնի հանդիսատեսին, իսկ “Ուշ է” տեսահոլովակին սպասեք վաղը BRAVO.am-ի “Videos” բաժնում:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: