Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը ծնվել է դերասաններ Շաքե Թուխմանյանի եւ Ժան Նշանյանի ընտանիքում, օպերային երգչուհի Աննա Նշանյանի թոռն է: Հայ հանդիսատեսին նա ծանոթ է իր օպերային կատարումներով եւ “Եղբայրները” հեռուստասերիալում կերտած Միքոյի հոգեբանական կերպարով: BRAVO.am-ի հետ զրույցում Արմանն է` բեմից ու էկրաինց այն կողմ, իր զգացմունքներով, շրջապատի ու կյանքի մասին մտորումներով:
Արման Նշանյանը
Անցած ճանապարհի մասին
Ծնվել եմ Երեւանում : 2 տարեկանում գնացինք Լոս Անջելես, այնտեղ եմ մեծացել, թատերական 3 ինստիտուտ ավարտել, հետո գնացել եմ Վիեննա, սովորել տեղի կոնսերվատորիայում, համերգներ եմ տվել Եվրոպայում: Վիեննայում ծանոթացա ընկերուհուս հետ: Նա գալու էր Հայաստան, ես էլ եկա… Այստեղ սովորել եմ Բարսեղ Թումանյանի մոտ, ընդունվել կոնսերվատորիա, ավարտել մագիստրատուրան:
Բոլոր կողմերից արվեստով եմ շրջապատվել. ինձ համար արվեստ էր, որ կար, ինձ համար արվեստ էր, որ էր… Ծնողներս, տատիկս, մամայիս կողմից նաեւ եգիպտական հայտնի կինոաստղ եւ երգչուհի բարեկամուհիներ… Ես ուրիշ բան չեմ տեսել իմ կյանքում. անընդհատ փորձեր, ձայնավարժություններ, բեմ, կուլիս, երաժշտություն, նկարներ: Երբ մտնում էի ուրիշների տուն, զարմանում էի, թե ինչու պատերին նկարներ չկան: Շատ է ազդել այդ ամենն ինձ վրա:
Կուտն ունի աճելու հնարավորություն, բայց ոչ առանց հող ու ջրի եւ հակառակը. երկուսն էլ շատ կարեւոր են: Ունես արվեստագետի գեն, “կուտը” կա, բայց շատ կարեւոր է նաեւ սոցիալական միջավայրը: Եթե դու չես մեծանում գրականությամբ, արվեստով, հնարավոր է` ոչինչ չստացվի:
Փոքր տարիքում չեմ հասկացել, թե ինչի մեջ ենք ապրում, ինչում է այս իլյուզիայի իմաստը` պատեր, մատերիա…Հիմա էլ չեմ հասկանում… Հասկացել եմ, որ իմաստը միայն լինելու, գոյի մեջ է, բայց թե ինչու եմ ես ձգտում լինել հայտնի դերասան, երգիչ, ինչու եմ բեմ բարձրանում, չգիտեմ:
Արման Նշանյանը
Չեմ ձգտում հայտնի լինել, բայց ձգտում եմ իմ գործի մեջ շատ լավ մասնագետ լինել, ձգտում եմ լինել լավ, բարի մարդ եւ առաջնորդվել Աստծով, հասկանալ, որ այս ամենն իլյուզիա է:
Փոքր տարիքում չգիտեի՝ ինչու, չգիտեի` ոնց, բայց խաղում էի: Առաջին ներկայացումը` “Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը”, խաղացել եմ 6 տարեկանում, հետո՝ 8, 10, 12 տարեկանում, երկու տարին մեկ խաղում էի, դպրոցում էլ ինձ շատ դերեր ու երգերի էին տալիս, երգում էի հայկական գրեթե բոլոր հանդեսների ժամանակ, չգիտեի՝ ինչու, չգիտեի՝ ոնց: Հասուն կյանքի անցման շրջանում ես դեմ գնացի այդ ամենին, դրանք շատ էին ներխուժել իմ կյանք, արդեն հոգնել էի …Ասում էի` չեմ ուզում այդ ամենով ապրել, արդեն հոգնել եմ, ուզում եմ ուրիշ բան անել` փաստաբանի կամ համակարգչային աշխատանք, բայց այնքան հեռու եմ ես այդ ամենից…
Ծնողներս ինձ օգնել են այնքանով, որ չեն խանգարել ընտրել կյանքիս ուղին…Արվեստում նրանք ինձ երբեք չեն օգնել. դռներս բացվել են, երբ պետք է բացվեին…Շնորհակալ եմ ծնողներիս իմ ունեցած միջավայրի համար, որը շատերը կերազեն ունենալ…Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Սոս Սարգսյանը մեր տանն են եղել, նրանք ինձ համար հորեղբայր ու մորաքույր են եղել, ես մեծացել եմ նրանց գրկում, նրանք իմ արվեստի մեծ առաջնորդներից են…
Երգելու ու խաղալու կարեւորությունն ինձ համար հավասարազոր է ուտելու եւ խմելու կարեւորությանը… Եթե մի գործում ես հաջողեմ, դա կարող է ինձ օգնել շարունակել զբաղվել նաեւ մյուսով:
“Ծափահարություններն են սփոփելու”
Վիրավորական է, երբ կողքիդ խաղում են մարդիկ, որոնք կապ չունեն այս գործի հետ, պարզապես ծանոթով եւ հետաքրքիր տեսքով ընկել են բեմ, բայց չգիտեն` ինչու, նրանց գերում է փառքը: Ամեն մասնագիտություն շնորհվում է ի վերուստ, ուրեմն քեզ դա է պետք: Եվ չի նշանակում, որ ցածր մարդ ես, դրա համար պետք է սանհանգույց մաքրես, իսկ մյուսն օպերային երգիչ լինի… Ոչ: Գուցե այդ օպերային երգիչն այնքան ցավ ունի իր մեջ, որ իրեն ծափահարություններն են սփոփելու:
Արման Նշանյանը
Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Բժիշկ ընկերոջս բացատրում եմ` գնամ իրենց հիվանդանոց ու ասեմ` ուզում եմ վաղվանից վիրահատություններ անել, չեն ասի` “Արման ջան, դու գժվե՞լ ես”… Ինչո՞ւ պետք է ես կիսեմ բեմը մեկի հետ, որը Ստանիսլավսկուն չգիտի, մեկ պիես անգամ չի կարդացել: Շատ դժվար է, պետք է ճիշտ մոտենալ այս ամենին:
Կերպարի ու “թերությունների” մասին
Միքոյի մեջ կա այն ամենը, ինչ կա Արմանի մեջ, պարզապես` ոչ արտահայտված: Հիվանդության պես բան է, կարող է մարմնիդ մեջ բաներ լինեն, չիմանաս մինչեւ չարտահայտվեն: Կերպարն ինձ շատ հոգեհարազատ է: Երախտապարտ եմ իմ սցենարիստին, նա այնպիսի կերպար է ստեղծել, որի մասին ասում են, թե նմանը չի եղել սերիալներում: Իմ բախտը շատ է բերել` նկարահանվելով այնպիսի ֆիլմում, որը տարբերվում է մյուսներից:
Ես երբեք գոհ չեմ իմ խաղից. կարծում եմ` կարող էի ավելի լավ ներկայանալ: Իմ մասնակցությամբ տեսարանները չեմ նայում… Արվեստագետը պետք է միշտ ձգտի ավելի լավին:
Թերություններ շատ եմ տեսնում իմ մեջ: Կյանքում ամեն ինչ իդեալական է այնպես, ինչպես կա` իր թերություններով հանդերձ, ես այդ պահին այն եմ, ով եմ:
“Դեմ չգնալ հոսանքին…”
Իմ մեջ խաչ քաշեցի դերասանական արվեստի վրա, մեկնեցի Վիեննա: Գնում էի քասթինգի, նկարահանվում ֆիլմում, որտեղ կողքիս նույն գործն անում էին մարդիկ, որոնք կապ չունեն կինոյի հետ: Ես դրանից մի քիչ հիասթափվել էի, իսկ օպերային արվետում դու կամ կարող ես կամ ոչ… Օպերային արվեստն ինձ կուլ տվեց. Եվրոպայում մնացի ութ տարի:
Արման Նշանյանը
Ընդամենը մի ներկայացում եմ խաղացել` Տաթեւիկ Ղափլանյանի “Իմ անուշ տղաս”: Չէի ուզում, բայց քանի որ շատ նուրբ թեմա էր, իսկ նրանք ինձ համար մտերիմ են, համաձայնեցի, ստացվեց իմ կյանքի լավագույն ներկայացումը: Երբ Հայաստանում հեռուստատեսությունից կանչեցին, չգիտեի` ինչի մասին ենք խոսելու. առաջարկեցին սերիալում նկարահանվել…
Քեզ տնօրինում է ճակատագիրը, պետք չէ հոսանքին դեմ գնալ, պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի:
Կարող էի Ամերիկայում 7 “Մերսեդես” քշել, բայց ինձ պետք չէ, ավելի լավ է տաքսիով կամ երթուղայինով շրջեմ: Հայաստանն իմ տունն է, կարող է օպերան ինձ տանի Եվրոպա, կինոարվեստը` Ամերիկա, բայց սա է իմը: 2004-ից Հայաստանում եմ, գնում- գալիս եմ…
Միացյալ Նահանգներում բոլոր հավկիթները ջարդված են, ձվածեղն արդեն եփված է, իսկ այստեղ նոր-նոր են հավկիթները ջարդում: Օրինակ` կինոարտադրությունն այստեղ այն փուլում է, որն Ամերիկան անցել է իննսունականների սկզբներին, այդ ժամանակ այնտեղ էլ նկարահանվում էին մարդիկ, որոնք կապ չունեին այս ամենի հետ, մինչեւ դռները կամաց-կամաց սկսեցին փակվել, այստեղ էլ կգա այդ օրը:
Արման Նշանյանը
Երջանկության գաղտնիքը
Պետք է միշտ շնորհակալ լինես ունեցածիդ համար: Դրանով էլ դու երջանիկ կլինես: Ինչ էլ ունենաս, ավելիին ես ձգտելու, ոչինչ չի փոխվելու քո կյանքում… Մինչ սերիալը եւ հիմա ոչինչ չի փոխվել իմ կյանքում, միայն դատարկ բաներ` զանգեր, հարցազրույցներ, ճանաչում…Երբ մտնում եմ օպերային ստուդիա, ինձ զգում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը:
Ոչ շոուն է իմը, ոչ էլ բիզնեսը. ոչ շոումեն եմ, ոչ բիզնեսմեն, ինձ չի հետաքրքրում այդ ոլորտը, եթե ինձ առաջարկեն լուրջ գործ, կանեմ: Ամեն մարդ պետք է անի այն, ինչն իրեն հարազատ է:
Հույս…
Ինձ թվում է` մարդիկ, որոնք չունեն իրենց կեսին, ամեն օր զարթնում են այն հույսով, որ կարող է տեսնեն, զգան այդ մարդուն: Ընկերուհիս, որի համար եկել էի Հայաստան, այլեւս չկա: Ընկերուհիներ կան, շփվում ենք, բայց լուրջ ինչ-որ մի բան չեմ զգացել: Ես դեռ չեմ հասկացել` կա այն բանը, որ տեսնում ես ու միանգամից զգում` քոնն է, թե ժամանակ է պետք:
Արման Նշանյանը
Իմ կողքին պետք է լինի բարի, անկեղծ աղջիկ: Ես սկսեցի արվեստով զբաղվել, որ մի կազմակերպություն բացեմ, որը կօգնի անապահով մարդկանց: Կարծում եմ, դա իմ համար եմ անելու, չեմ կարծում, թե դա լիովին անշահախնդիր գործ է, էգոիստական տարր կա. զգամ, որ լավ մարդ եմ, լավ բան եմ անում: Ես ուզում եմ մի կին, որը միշտ կօգնի ինձ, կողքիս կլինի, եթե ասեմ` չեմ ընդունում սա, իմ սկզբունքներին դեմ է, չասի` “Բայց մենք ո՞նց ենք ուտելու”, այլ ասի`“Ջան, ես քո կողքին եմ”:
Երգիչ-դերասանի անելիքները
Պատրաստվում եմ բացել դերասանական ստուդիա, որը կլինի անվճար եւ այն ստուդիայի սկզբունքներով, որին ես եմ անդամակցում: Դա Լի Ստրասբերգի դերասանական ստուդիան է, որին միայն քասթինգն անցնելուց հետո կարող ես անդամակցել եւ ցմահ: Նա դասավանդել է գրեթե բոլոր մեծ դերասաններին` Ալ Պաչինո, Ռոբերտ Դե Նիրո, Մերիլին Մոնրո եւ այլք: Հիմա իմ ստուդիայի տարածքի մասին եմ մտածում:
Մենահամերգ կտամ շուտով, նաեւ տեսահոլովակ կնկարահանեմ: Գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ կան, օրինակ, Միացյալ Նահանգներից: Այդ ֆիլմը կնկարահանվի Հայաստանում: Մոտ ապագայում լույս կտեսնի Սուրեն Բաբայանի “Փուշ” ֆիլմը, որտեղ նաեւ երգում եմ:
Արման Նշանյանը
“Ոչինչ չենք տանելու մեզ հետ”
Ուզում եմ` բոլորս միմյանց վերաբերվենք այնպես, ասես աշխարհում Հայաստանից բացի ուրիշ կետ չկա, հասկանանք, որ այս ամենն իլյուզիա է, ոչինչ չենք տանելու մեզ հետ:
Ազգը հարատեւում է իր մշակույթով, ոչ թե շենքերով կամ մեքենաներով. պետք է պահպանենք այդ մշակույթը:
“Մաքրել ադամանդի պղտոր շերտը”
Հավատում եմ վերածննդին, ռեինկարնացիային, հավատում եմ, որ բոլոր մարդկանց հոգին ադամանդ է, պարզապես այն պղտոր է: Պետք է մաքրել ադամանդի պղտոր շերտը…
Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Արման Նշանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: