×


Արմուշի մտավախությունը եւ որդու հուզմունքը :)

Հեռուստադիտողն արդեն մի քանի ամիս է` հետեւում է Արմուշի ոչ թե հումորային ելույթներին, այլ դերասանական խաղին. “Vitamin” ակումբից Արման Խաչատրյանը նկարահանվում է “Արմենիա TV”-ի “Բախտաբեր” սերիալում` մարմնավորելով Տիգրանին:

Արմուշը


Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, թե նկարահանումների սկզբնական շրջանում փոքր-ինչ լարված է եղել.“Առաջին երեք օրն անսովոր վիճակ էր. ժանրային փոփոխության պատճառով մտավախություն ունեի, որ չի ստացվի, բայց մտերիմ ընկերներիս` Սարգսի, Սոսի եւ ռեժիսոր Վահեի շնորհիվ հաղթահարեցի այն: Ինքս ինձ ուզում էի ապացուցել, որ կարող եմ ու կստացվի: Կարծում եմ` ստացվելու ճանապարհին է, կարեւորը` փոփոխությունը կա: Բնականաբար, ինքս ինձ վրա պետք է անընդհատ աշխատեմ: Անհամեստություն չհնչի, բայց այնպես, ինչպես հումորային ժանրում էինք հանդես գալիս` լավագույնների շարքում, այստեղ էլ եմ փորձում հասնել դրան”:

Խոսելով իր դերից` Արմուշը նշել է, որ Տիգրանը բացասական կերպար չէ, սակայն զարգացումներ կլինեն եւ կդառնա ավելի օրինակելի.“Նա նվիրված է ընկերներին, ուղղակի տարբերվում է նրանցից. կյանքն այլ կերպ է սիրում վայելել: Հենց այդ նվիրվածությամբ էլ նման է ինձ, բայց ես շրջապատում խնդիրներ ստեղծող չեմ”:

Արմուշը` որդու հետ


Հումորիստն ասել է, որ հանգստյան օրերին ընտանիքի հետ դիտում է սերիալը, կնոջ հետ քննարկում իր խաղը, որդին էլ` Դանին, հուզվում է` տեսնելով հայրիկին էկրանից այն կողմ.“Նրան չեմ արգելում նայել, փոխարենը բացատրում եմ, որ պահվածքս, օրինակ, համապատասխանում է կռվի տեսարանին”:

Անդրադառնալով “Vitamin” ակումբի գործունեությանը` նա ասել է, որ այժմ ժամանակավոր դադարի փուլում են.“8 տարի շարունակ ամեն շաբաթ հումոր անելը շատ բարդ է: Բարդ ժանր է, հետեւաբար, որոշեցինք մի փոքր հանգստանալ, թարմանալ: Անպայման կրկին վերադառնալու ենք եթեր: Չի բացառվում, որ հետագայում էլ հանդես գամ թե՛ ակումբում, թե՛ սերիալներում: Խանգարող հանգամանք չկա”:

Մեր հարցին, թե արդյոք խորթ չէ դրսում “Vitamin”-ի Արմուշի փոխարեն լսել “Բախտաբեր”-ի Տիգրան արտահայտությունը, Արմուշը պատասխանել է.“Չէ, քանի որ մինչեւ հիմա էլ ինձ ճանաչում են որպես “Vitamin”-ի Արմուշ. ես այնտեղ եմ կայացել որպես հումորիստ-դերասան”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արմուշի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW