BRAVO.am-ը տեղեկացրել է, որ նոր՝ «Մոռացված կանգառը» սերիալի նկարահանումները ժամանակավորապես դադարեցված են: Այս նախագծի դերասանական կազմում ընդգրկված է նաեւ Բեն Ավետիսյանը, որից էլ հետաքրքրվել ենք, թե ինչպես է օգտագործում ազատ ժամանակը, ինչով է զբաղված այս շրջանում եւ ինչ նորություններ ունի:
Օրերս թողարկվել է նոր տեսահոլովակ, որի գլխավոր հերոսը Բենն է: Նա նշել է, թե որ դեպքում է ընդունում հոլովակներում նկարահանվելու առաջարկները. «Համագործակցել եմ Մաշ Իսրայելյանի հետ: Ինձ համար կարեւոր չէ` հայտնի է երգիչը, թե՝ ոչ, քանի որ եթե երգը լավը լինի եւ սպասելի լինի հաջողությունը, երգիչը ժամանակի ընթացքում եւս հայտնի կդառնա: Եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ: Այս տարի միայն այս մեկն եմ ընդունել»:
Բեն Ավետիսյանը
Նա ազատ ժամանակը տրամադրում է ընկերներին, հարազատներին, օրերս էլ մի քանի օրով Մոսկվայում է եղել.«Անձնական գործերով էի մեկնել, կարողացա նաեւ մի փոքր ցրվել, հանգստանալ»,-նշել է դերասանը եւ հավելել.«Չեմ ուզում որեւէ առաջարկ ընդունել միայն այն պատճառով, որ աշխատանք կամ աշխատավարձ ունենամ: Կարեւոր է, թե հաջորդ նախագծում անելիքս ինչպիսին կլինի: Այս դադարը հնարավորություն է տալիս քննարկել առաջարկները: Կարծում եմ՝ Ամանորից հետո նորություններ կունենամ»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Բեն Ավետիսյանը


×
29,335






