×


Հայաստանում Բրիտանական խորհուրդը նշում է իր տասնամյակը

77 տարեկան Բրիտանական խորհուրդը Հայաստանում այն նշում է իր գործունեության 10-րդ տարեդարձը: Հենց այս առիթով կազմակերպված մամուլի  ասուլիսի ընթացքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը նախ հայերենով ողջունեց ներկաներին ` “Բարեւ ձեզ, ես բրիտանական նոր դեսպանն եմ’’, այնուհետեւ ամփոփեց Միացյալ Թագավորության իրականացրած ծրագրերը Հայաստանում, ինչպես նաեւ խոսեց առաջիկա միջոցառումներից:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը


Եվ այսպես, Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության տասներորդ տարին նշանավորվում է մշակութային եւ կրթական միջոցառումների շարքով, որոնք մեկնարկելու են փետրվարին եւ շարունակվելու են ողջ տարվա ընթացքում: Մեկնարկը կտրվի “Նորաձեւության ճանապարհ’’ ցուցահանդեսով, որի շրջանակներում կներկայացվեն հայ եւ եվրոպացի տասը նկարիչ-մոդելավորողի համատեղ աշխատանքները:

Փետրվարի 10-ին կկայանա ավանդական դարձած  “Նա/Նե’’-ն: Այս տարի լրագրողական մրցանակաբաշխությունը նշանավորվում է մրցույթին ներկայացված նյութերի ռեկորդային քանակով եւ թեմատիկ մրցանակների ավելացմամբ:

Միջոցառումները շարունակվելու են Չարլզ Դիքենսի երկուհարյուրամյակին նվիրված ծրագրերով: Կարեւորագույն միջոցառումներից է Բրիտանական ֆիլմերի տասներորդ փառատոնը, որի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը նվիրված կլինեն 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Չարլզ Դիքենսի երկուհարյուրամյակին եւ  մարդու իրավունքներին:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը


Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, ամփոփելով Բրիտանական խորհրդի տասնամյա գործունեությունը, նշել է, որ այս տասը տարվա ընթացքում այն աշխատել է անգլերենի տարածման, արվեստի, կրթության եւ հասարակության բնագավառներում: Բրիտանական խորհուրդը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանն էլ հետեւյալն է նշել. “Բազմաթիվ հաջողությունների ենք հասել համագործակցության շնորհիվ: Հայաստանում մենք համագործակցում ենք տարբեր կառույցների եւ հասարակական կազմակերպությունների հետ: Մեծ է նաեւ մեր աջակիցների ցանկը’’:

Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է  “Ոսկե Ծիրան’’, “Հայֆեստ’’,  “Ռեանիմանիա’’ փառատոնների հետ, նաեւ կազմակերպում է ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ: Միայն նախորդ տարի արվեստի բնագավառի ծրագրերին մասնակցել, թատերական ներկայացումներն ու ֆիլմերը դիտել են շուրջ 450 հազար մարդ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW