×


Դայան Սանդս. հայ գեղեցկուհին գրավում է Ֆրանսիան :)

Մոդել, երգահան, երգչուհի, հաղորդավարուհի… Սիրում է պարել, ընթերցանությամբ եւ նկարչությամբ զբաղվել: Այսպիսին է փարիզահայ գեղեցկուհի Դիանա Շնորհոքյանը, նույն ինքը՝ Դայան Սանդսը, որի հետ էլ զրուցել է BRAVO.am-ը:): 

Դայան Սանդսը


2005-ին Դայանը “France 3 TV”-ով սկսել է վարել “Scooby Gang ” երիտասարդական հաղորդումը, ինչն աղջկան ճանաչում է բերել Ֆրանսիայում: Նա նկարահանվել է Պատրիսիա Կաասի, Mauss-ի, Դեւիդ Էսպոսիտոյի եւ այլոց տեսահոլովակներում, ինչպես նաեւ հանդես եկել “Hugo Boss”-ի, “IWC”-ի, “Daniel Hechter”-ի, “Axe”-ի, “BNP”-ի, “Hennessy”-ի, “Vidal Sassoon”-ի, “Parker”-ի, “Parrot by Starck”-ի, “Pizza Hut”-ի, “Egyptair”-ի գովազդային հոլովակներում:

Խաղալով կարճամետրաժ մի քանի ֆիլմում՝ Դայանն առաջարկ է ստացել նկարահանվել Ջեսիկա Սիմփսոնի “Գեղեցկության արժեքը”   ֆիլմաշարում: Սանդսի լուսանկարները հայտնվել են այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են “Girls”-ը, “El Style”-ը, “Gazelle”-ը, “Le Bonbon”-ը: Ֆրանսիահայ գեղեցկուհին համագործակցում է դիզայներ Քվենթին Վերոնի հետ, ասում է՝ հոգեվիճակով իրար շատ նման են:):

Դայան Սանդսը


-Երեւի սկսենք Դայան Սանդս մոդելից: Ո՞րն ես համարում մոդելային  կարիերայիդ առաջին լուրջ հաջողությունը:

-Յուրաքանչյուր շաբաթ “France 3 TV”-ով վարում էի իմ հեռուստատեսային շոուն: Հետո սկսեցի կոմերցիոն նախագծերի մասնակցել, ինչին հաջորդեց իմ առաջին ֆոտոսեսիան “Girls” ամսագրի շապիկի համար: Հենց դա էլ կարելի է համարել իմ մուտքը մոդելային աշխարհ:

-Ո՞ր ֆոտոսեսիադ ես համարում ամենահաջողվածը:

-Բոլորն էլ շատ եմ հավանում: Ամեն անգամ տարբեր ոճերով եմ ներկայանում: Դա նման է այն բանին, որ դու քեզ տարբեր դեմքերով տեսնես` աշխարհի տարբեր ծայրերից, ինչը հրաշալի է: Գիտե՞ս, “make-up”-ը կարող է անճանաչելիության աստիճան փոխել քեզ:

Դայան Սանդսը


-Կա՞ որեւէ  բրենդ, որի հետ այսօր երազում ես համագործակցել: 

-Այո, երազում եմ “The Body Shop”-ի “White Musk” օծանելիքի դեմքը դառնալ: Գիտե՞ս՝ ինչու (ծիծաղում է), ես օգտագործում եմ այդ օծանելիքը 14 տարեկանից: Եվ շատ ուրախ կլինեի ներկայացնել մի բրենդ, որին այսքան ժամանակ հավատարիմ եմ մնացել:

-Ի՞նչ է նորաձեւությունը: Ինչպե՞ս կբնորոշես այն:

-Այսպես կպատասխանեմ. նորաձեւությունն ինքնին անհատականությունն է: Այն ստիպում է մարդկանց լավ ու հարմարավետ զգալ, երբ նրանք լավ հագնված են: Բայց միեւնույն ժամանակ, դա մակերեսայնություն է, քանի որ ներաշխարհն է ամենակարեւորը:

Դայան Սանդսը


-Դայան Սանդսն ի՞նչ ոճի հագուստ է նախընտրում կրել առօրյայում: 

-Սիրում եմ ռոքային ոճը, բարձրակրունկներ, սեւ ջինսեր, գլխարկներ եւ խաչային աքսեսուարներ:

-Գեղեցկությունն ընդգծելու քո խորհուրդը հայուհիներին:

-Կարմրաներկն (румяна) այտերին դեմքն ավելի գեղեցիկ եւ արտահայտիչ  է դարձնում, ու արդեն կարեւոր չէ, թե ինչքան հոգնած ես: Ես ամեն օր մանուշակագույն կարմրաներկ եմ օգտագործում: Ինչ վերաբերում է առողջ եւ գեղեցիկ մարմին ունենալուն, դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ: Հետեւում եմ սննդակարգիս. բացառվում է շաքարի, ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործումը: Հաճախում եմ պարի դասերի եւ սպորտով զբաղվում:  Նույնն էլ մեր աղջիկներին եմ խորհուրդ տալիս:):

Դայան Սանդսը


-Դայան, ո՞րն է վերջերս քո մասին լսածդ ամենածիծաղելի բամբասանքը:

-Բամբասանքնե՞րը: Բամբասանքները շա՜տ են: Բայց ամենալավն այն մեկն է, որը լսեցի նախորդ շաբաթ: Ասում են՝ իբր ես հաճախ զրուցում եմ անծանոթների հետ: Դժբախտաբար, բամբասանքներն անխուսափելի են:

-Ինչո՞վ կզբաղվեիր, եթե մոդել չդառնայիր:

-Ես չէի էլ պլանավորել մոդել դառնալ, ճիշտն ասած:): Ամեն ինչ այնքան արագ կատարվեց... Բայց եթե չդառնայի, ապա կձայնագրեի իմ ալբոմը եւ երաժշտական տեսահոլովակներ կնկարահանեի: Չնայած՝ հենց դա էլ պատրաստվում եմ շուտով անել:):

Դայան Սանդսը


-Հայաստանի մասին խոսենք: Երբեւէ այցելե՞լ ես հայրենիք:
 
-Ասեմ, որ ես Հայաստանի մասին ամեն ինչ գիտեմ: Մեծացել եմ հայկական փոքրիկ ընտանիքում: Նախկինում այցելել եմ Հայաստան ու էլի եմ գալու: Այ, Հայաստանի մոդելային բիզնեսի մասին տեղեկություն չունեմ: Հուսամ՝ դու ինձ հետո կպատմես:) :

-Անպայման: Այժմ մի քիչ խոսենք Դայան Սանդս երաժշտի, պարուհու, երգչուհու եւ երգահանի մասին:) :

-Երաժշտությունն իմ արյան մեջ է: Ես երաժշտություն եմ գրում փարիզյան  նորաձեւության շոուների, այդ թվում՝ “Quentin Veron”-ի շոուների համար: Բացի դա, երաժշտություն եմ գրում կարճ ֆիլմերի համար: Ստեղծագործում եմ երաժշտական տարբեր ոճերում: Այս պահին աշխատում եմ ընկերներիցս մեկի ֆիլմի երաժշտական ձեւավորման վրա: Ֆիլմը պատրաստ կլինի ամռան ընթացքում: Ինչ վերաբերում է երգելուն եւ հեղինակային գործունեությանը, շուտով պատրաստվում եմ թողարկել իմ ալբոմը: Ի դեպ, ապագա տեսահոլովակներիս մեջ կօգտագործեմ նաեւ իմ պարային համարներից մի քանիսը:

Դայան Սանդսը


-Գիտեմ, որ շատ հայտնի դերասանների եւ երգիչների ֆիլմերի եւ տեսահոլովակների ստեղծմանն էլ ես մասնակցել: 

-Այո: Դերասանուհի լինելն ինձ շատ է օգնել նոր մարդկանց հետ կապեր հաստատելու եւ նրանց հետ համագործակցելու հարցում: Սրանք հիանալի պահեր են եւ հաճելի հիշողություններ են թողել: Այդ մարդկանցից շատերը դարձել են իմ ընկերները:

-Դայան, ի՞նչ խորհուրդ կտաս հայ այն աղջիկներին, որոնք երազում են մոդել դառնալ:  

-Գիտես, կարող եմ ասել՝ այո, լավ կլինի, եթե զբաղվեն դրանով: Բայց այստեղ մի “բայց” կա: Թող դրանով զբաղվեն միայն հաճույքի համար: Խորհուրդ եմ տալիս լրացուցիչ սովորել ու մեկ այլ մասնագիտություն էլ ունենալ, որովհետեւ մոդելային աշխատանքը երկարաժամկետ աշխատանք չէ: BRAVO.am-ին էլ շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:

Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Դայան Սանդսի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW