×


Դերասանական աստղաբույլ, կլանող սյուժե. ԿինոՊարկում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» ֆիլմի փակ պրեմիերան էր

Նրան սպասում էին, ու նա վերադարձավ: Իհարկե, Գայ Ռիչին չէր դադարել ֆիլմեր նկարահանել, բայց քանի դեռ նա զբաղված էր Դիսնեյի մի քանի նախագծերում, ժանրի սիրահարները հասցրել էին կարոտել անգլիացի ռեժիսորին ու նրան ճանաչում բերած կինոձեռագրին: «Ջենտլմենները»՝ այսպես է կոչվում անվանի ռեժիսորի քրեական նոր կատակերգությունը, որի հայաստանյան պրեմիերան երեկ էր՝ Երեւան Մոլի «ԿինոՊարկ» կինոթատրոնում: Փակ նախադիտմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին ու հետաքրքիր մանրամասներ պարզել նոր մարտաֆիլմի մասին:

Միքայել Պողոսյանը


Գայ Ռիչին վերադառնում է արմատներին` այսպես են կինոսերներն ու հենց ինքը՝ ռեժիսորը, բնորոշել «Ջենտլմենները» ֆիլմը: Նրա ոճը միանգամայն ճանաչելի է. նրա ֆիլմերում շատ են վիճում, խոսում են ժարգոնով, շատ կրակոցներ ու կռիվներ կան: Բայց այդ ամենը, իհարկե, միշտ ուղեկցվում է հումորով: Ոճային երաժշտությունն ու կոստյումները, վառ խառնվածքով հերոսները՝ այս ամենը ընդունված է անվանել կատարյալ տղայական կինո, որի վարպետն էլ հենց Գայ Ռիչին է:

«ԿինոՊարկ» կինոթատրոնի տնօրեն Արեգ Դանիելյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Գայ Ռիչիի ֆիլմերը նույնկերպ չեն կարող ընդունվել բոլորի կողմից.«Ֆիլմը շատ սպասված է, եւ հույս ունենք, որ այս անգամ էլ այն հաջողություն կունենա կինովարձույթում: Իհարկե, «Ջենտլմեններն» արդեն իսկ լավ գնահատական է ստացել, եթե հաշվի առնենք, որ IMDb հարթակում այն 8.10 վարկանիշ ունի: Սա արդեն իսկ լավ արդյունք է՝ չնայած դեռ նոր է ֆիլմը հայտնվել մեծ էկրաններին»:

«Ջենտլմենները» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


Ըստ ֆիլմի սյուժեի` Օքսֆորդի տաղանդավոր շրջանավարտը, օգտագործելով իր սուր միտքը եւ հանդգնությունը, հորինում է ապօրինի հարստացման պլան` օգտագործելով աղքատացած անգլիական ազնվականության կալվածքը: Սակայն երբ նա որոշում է մարիխուանայի իր բիզնեսը վաճառել ամերիկացի միլիարդատերերի ազդեցիկ կլանին, նրա ճանապարհին կանգնում են ուրիշ «ջենտլմեններ», որոնք հաստատ չեն հանձնվի առանց փոխհրաձգության եւ մի քանի դժբախտ պատահարների:

«Ինձ համար «Ջենտլմենները» վերադարձ էր արմատներին 20 տարի անց: Դերասանական լավ կազմ ենք հավաքել: Մենք ուղղակի առաջարկել ենք մարդկանց նկարահանվել, եւ նրանք համաձայնել են: Բոլորը ցանկանում էին անել դա: Ես ստիպված չէի նրանց որեւէ բան բացատրել, նրանք միանգամից ըմբռնեցին խնդրի էությունը»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Գայ Ռիչին:

Ինչպես հայտնի է, նա «Ջենտլմենները» ֆիլմի միտքն ունեցել է դեռ տասը տարի առաջ: Այդ պատմությունը նրան հնարավորություն է ընձեռել ուսումնասիրել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ մշակութային տարբերությունները: Որոշ ժամանակ առաջ նա նույնիսկ մտադիր է եղել հեռուստասերիալ նկարահանել, բայց ի վերջո վերադարձել է նախնական գաղափարին՝ նկարահանել լիամետրաժ ֆիլմ: Նոր մարտաֆիլմի աշխատանքային անվանումն է եղել «Toff Guys» (անգլ.՝ «Հարուստները»)՝ որպես հղում բրիտանական սլենգին, որը նկարագրում է իրենց մեծությամբ հիացող արիստոկրատներին:

«Ջենտլմենները» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


Այս անգամ էլ ֆիլմն առաջին վայրկյաններից աչքի է ընկնում սաունդթրեքով, որը ֆիլմի ավարտից հետո կինոդիտողներն անպայման փնտրելու են համացանցում եւ ավելացնեն իրենց ամենասիրելի երգացանկում: Ի դեպ, ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Մեթյու ՄաքՔոնահին, Չարլի Հանեմը, Հյու Գրանտը, Միշել Դոքերին, Ջերեմի Սթրոնգը եւ Քոլին Ֆարելը:

Ի դեպ, Հայաստանում ֆիլմը կսկսեն ցուցադրել փետրվարի 13-ից: Եթե արդեն ծանոթ եք Գայ Ռիչիի ձեռագրին, ապա «Ջենտլմենները» կարող է դառնալ լավագույններից մեկը ձեր սիրելի մարտաֆիլմերի շարքում: Իսկ եթե՝ ոչ, ապա սա իսկական հնարավորություն կլինի անվանի ռեժիսորի աշխատանքային ոճը ճանաչելու համար: Այնպես որ, մեկ շաբաթից ձեզ սպասում են «ԿինոՊարկ»-ում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին