×


Ելենա Բորիսենկոն՝ գլուխը սափրելու պատճառի եւ բացասական կարծիքների մասին

«Ուզո՞ւմ ես լինել երջանիկ, եղիր»՝ համոզված է դերասանուհի Ելենա Բորիսենկոն: Օրերս նա իրականացրել է իր վաղեմի երազանքներից մեկը. ոճային կտրուկ փոփոխություն է արել, ինչի առիթով էլ շատ ուրախ է:

«Հայ ընտանիքներում կարծես ավանդույթ կա երեխաների գլուխները սափրել, որպեսզի մազերն ավելի որակյալ լինեն: Մայրս կտրականապես դեմ էր դրան եւ պարզապես կարճ կտրում էր մեր մազերը: Դա մինչեւ դպրոց գնալն էր, իսկ դպրոցական տարիներին մազերս միշտ երկար են եղել, եւ մի փոքր կտրելը նույնիսկ լուրջ խնդիր էր, լաց ու կոծ»,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Ելենան եւ ավելացրել.«90-ականներին հայտնվեց երգչուհի Շինեյդ Օ’Քոնորն՝ իր սափրած գլխով, եւ սափրած գլուխ ունենալը դարձավ երազանք: Քանդակագործ ընկերներիցս մեկն ինձ ասում էր, որ շատ կսազի, որովհետեւ գլխիս ձեւը գեղեցիկ է, ավելին՝ դասական բոլոր կանոններով հայ մարդու գանգ է, բայց դե, թատրոնում բոլոր դերերիս համար մազերս անհրաժեշտ էին, ու երազանքս մնաց երազանք»:

Ելենա Բորիսենկոն


Նա նշել է, որ արձագանքները փոքր-ինչ անսպասելի են եղել.«Չէի պատկերացնում, որ սափրած գլուխ ունենալն այդքան լուրջ խնդիր է Հայաստանում: Ես, իհարկե, հասկանում եմ, որ «Վերվարածների» Կարինան, որից պրծում չունեմ, չի կարող նման սանրվածք ունենալ, բայց ախր, ես Ելենան եմ: Նաեւ, ինձ թվում էր՝ մենք մի փոքր աճել ենք սեւ շորերից եւ ծիծակ կոշիկներից, բայց արի ու տես՝ ոչ: Անկեղծ, եթե իմանայի, որ իմ այս կերպարով կբորբոքեմ ռաբիսը, վաղուց նման քայլի կդիմեի: Իհարկե, երկար վարսերը կանացիություն են տալիս կնոջը, բայց թույլ տվեք անհամեստ լինել եւ ասել՝ կանացիությունը կամ կա, կամ էլ չկա, իսկ ես կանացի եմ: Օդրի Հեփբերնը եւ էլի շատուշատ դերասանուհիներ նաեւ կարճ սանրվածքով են կանացի: Ես արեցի այն, ինչի մասին վաղուց էի երազում՝ եւս մեկ անգամ համոզվելով, որ մեր երազանքները մեր ձեռքերում են»:

Թեեւ շատերը սանրվածքի կտրուկ փոփոխությունը պայմանավորում են կյանքի որոշակի փուլի, խնդիրների հետ, սակայն Ելենան դրան այլ տեսանկյունից է նայում. «Մեր թատրոնի Զառան բոլոր դեպրեսիաներից դուրս գալու համար հեշտ լուծում էր գտել՝ կտրում էր մազերը: Մազերն իսկապես ունեն այդ հատկությունը՝ խնդիրների ժամանակ կուտակել բացասական էներգիա, եւ կտրելով ազատվում ես դրանցից: Բայց ես կողմնակից եմ խնդիրները ներքուստ լուծել»,-նշել է նա:

Ելենա Բորիսենկոն


Դերասանուհու խոսքով՝ դեռ լավ չի ընկալում իր նոր կերպարը, բայց հավանում է այն.«Արձագանքներն ամենահետաքրքիր պահն են: Բացասական կարծիքները չեն կարող ինձ տխրեցնել, միայն հրճվանք են առաջացնում, իսկ հեռախոսս երեկ չէր լռում. զանգում եւ գրում էին բոլոր ընկերներս: Ասում էին, որ շատ համարձակ քայլ է: Իհարկե, հասկանում եմ, որ համարձակ որոշում է, բայց փաստորեն այդ համարձակությունն ինձ համար շատ օրգանական եւ բնական վիճակ է, եւ դա եւս ապացուցում է, որ ներքուստ վաղուց եմ փոխվել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Բորիսենկոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW