«Շնորհակալ ենք, հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով բարեգործական նախագիծը շարունակություն կունենա: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը.«Պետք չէ մտածել, որ եթե սահմանում հարաբերական դադար է, մեր զինվորներին այլեւս օգնություն պետք չէ: Քառօրյա պատերազմից հետո դեռ շատ վիրավոր զինծառայողներ կան, որոնցից մի քանիսի թեկուզ փոքրիկ կենցաղային հոգսերը կփորձենք թեթեւացնել առաջիկա համերգներից ստացված հասույթով: Նախատեսում ենք ամենաքիչը երկու համերգ էլ աշնանն իրականացնել»:
Բարեգործական համերգին
Օրերս տեղի ունեցած բարեգործական երկրորդ համերգի հասույթը տրամադրվել է վիրավոր զինծառայող Էրիկ Բաբայանի մայրիկին, ով հանդիսատեսի շարքում էր. «Այդ օրը մեր համերգին մասնակցում էր նաեւ երգչուհի Սիբիլը, ով եւս գումար է նվիրաբերել: Նրա եւ Արվին Քոչարյանի հանգանուկությունները հուլիսի 4-ին տվեցինք դահլիճում գտնվող զինծառայող Արման Ավետիսյանին»,-պատմել է պրոդյուսերը:
Բարեգործական երկու համերգներին իրենց անհատական երգերով, զուգերգերով ու խմբակային կատարումներով ելույթ են ունեցել Սոնա Ռուբենյանը, Հայկ Պետրոսյանը, ով նաեւ հանդիսավարն է, Սեւակ Ամրոյանը, Նարինե Դովլաթյանը, Քրիստ Մանարյանը եւ նվագակցող երաժիշտները: Հնչել են «Մարտիկի երգը», «Ախպերս ու ես», «Կիլիկիա», «Բարի արագիլ», «Երազ իմ երկիր» եւ այլ հայրենասիրական կատարումներ:
Սեւակ Ամրոյանը եւ Հայկ Պետրոսյանը
Ալեքսանդր Մհերյանի խոսքով` աշնանը կայանալիք համերգների կազմը կփոփոխվի.«Ի սկզբանե ընտրել ենք այնպիսի երգիչների, որոնք շատ չեն երեւում, ռեստորաններում չեն երգում: Նրանք արդեն կատարեցին իրենց առաքելությունը: Այլ կատարողներ եւս ցանկություն են հայտնել գալ եւ իրենց ելույթով օգնել որեւէ զինծառայողի»:
Սիբիլը
Պրոդյուսերը նշել է, որ յուրաքանչյուր ոք, ով գումար է տալիս եւ իրենց համերգի տոմս գնում, կենդանի երաժշտությամբ համերգ է վայելում.«Այժմ շատերը չեն վստահում բարեգործական համերգներին, որովհետեւ հաճախ անորակ միջոցառում են տեսնում, կամ էլ պաստառների վրա այլ երգիչների անուններ են լինում, իսկ իրականում այլ մարդիկ են երգում, նաեւ գումարները տեղ չեն հասնում եւ այլն: Բայց ես կարող եմ վստահեցնել, որ «Շնորհակալ ենք, հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով համերգների տոմսեր գնողները կարող են դառնալ բարեգործ»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Մհերյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: