Երգահան եւ երաժշտագետ Շուշան Սարգսյանը, որը BRAVO.am-ի ընթերցողներին հայտնի է իր “Վերածնվիր, Ճապոնիա” բարեգործական նախագծով եւ համանուն երգով, մի շարք նորություններ ունի, որոնց մասին էլ պատմել է մեզ հետ զրույցում:
Շուշան Սարգսյանը դարձել է "Ռենեսանս" մրցույթ-փառատոնի "Գրան Պրի" մրցանակակիր
Գյումրիում այս ապրիլին կայացած “Ռենեսանս” միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում Շուշան Սարգսյանը դարձել է “Գրան Պրի” մրցանակակիր.“Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո իրականացվող ամենամյա մրցույթ է, որին այս տարի էլ աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ երաժիշտներ են մասնակցել: Ես հանդես եմ եկել նոր՝ “Դասական ստեղծագործությունների կոմպոզիցիա” անվանակարգում, եւ ստացել շատ գեղեցիկ մրցանակ, պատվոգիր եւ դափնեկրի կոչում”:
Շուշանը ներկայացրել է իր նոր՝ “Մտորումներ” ստեղծագործությունը՝ գրված սոպրանոյի, ջութակի եւ դաշնամուրի համար. “Անգլիացի կատարողների համար է գրվել այս գործը, բայց իմ դասախոսի՝ Վարդան Աճեմյանի խորհրդով ներկայացրի մրցույթին: Ժյուրիի՝ տարբեր երկրների ներկայացուցիչները հավանել են այն եւ առաջարկել համագործակցել”:
Շուշան Սարգսյանը "Միսս Կիեւ 2012"-ի ժյուրիի անդամ է եղել
Երգահանը մրցույթին մասնակցելու համար Ուկրաինայից Հայաստան է ժամանել ապրիլի 19-ին. “Նույն օրն առավոտյան արդեն Գյումրիում էի, որտեղ էլ երեկոյան “Ռենեսանս”-ի վերջին փուլն ավարտվեց: Իսկ գալա-համերգն ամսի 23-ին էր”:
Շուշան Սարգսյանը տարեվերջին "Ճանապարհ դեպի" անվանմամբ ձայնասկավառակ կթողարկի
Շուշան Սարգսյանն այժմ զբաղված է իր “Ճանապարհ դեպի” ձայնասկավառակի աշխատանքներով. “Խոսքն արվեստում կատարելության ճանապարհի մասին է: Դասական ստեղծագործություններով դեբյուտային ալբոմիս համար նախատեսված ֆոտոշարքն արդեն արվել է: Պատրաստ է նաեւ վոկալ-կամերային երեք գործ, հիմա չորրորդի վրա եմ աշխատում, որը պատրաստ կլինի այն ժամանակ, երբ մուսաս կցանկանա:): CD-ն կթողարկեմ այս տարեվերջին”:
Երգահանը համագործակցում է նաեւ էստրադային արտիստների հետ: Շուտով Լանա Խաչատրյանը եւ Վիլհելմը կներկայացնեն իր հեղինակած “Էներջայզ” երգը. “Ակումբային ոճի երգ է: Այսպիսի գործ Հայաստանում դեռ չեմ ներկայացրել, իսկ պրեմիերան արդեն տեղի է ունեցել Ուկրաինայում՝ “Միսս Կիեւ 2012”-ի մրցանակաբաշխությունից առաջ: Այս մրցույթի ժյուրիի կազմում էի, որին ներկա են եղել նաեւ տեղի փոփ-աստղեր: Նշեմ, որ գեղեցկուհիների մեջ հայուհի չկար, բայց հայի նման սեւահեր աղջիկ հաղթեց, իսկ հայ էր հենց մրցույթի կազմակերպիչը:)”:
Շուշան Սարգսյանը կոմպոզիտորներ Արամ Սաթյանի եւ Վարդան Աճեմյանի հետ
Երիտասարդ երաժիշտ եւ երգահան Շուշան Սարգսյանը, ի դեպ, համատեղում է կարիերան մայրիկի պարտականությունների հետ:). “Ամուսնացած եմ, երեք տարեկան բալիկ ունեմ: Չեմ սիրում անձնական կյանքիս մասին խոսել, բայց թաքցնելու բան էլ չունեմ: Ընտանիքով Երեւանում ենք ապրում, հիմա նաեւ գիտական թեզիս վրա եմ աշխատում”:
Լուսանկարները՝ Շուշան Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: