×


Ինչո՞ւ է Իվետա Մուկուչյանը գերհոգնած եւ ո՞ր երկրում է պատրաստվում հանգստանալ

BRAVO.am-ն օրերս անդրադարձել է Իվետա Մուկուչյանի վերջին շրջագայություններին, մասնավորապես` Մոսկվայում կայացած “Art-football” ֆուտբոլային-երաժշտական միջազգային փառատոնին, որի Գերմանիայի թիմում ընդգրկված էր երգչուհին: Սակայն վատառողջ լինելու պատճառով նա Ռուսաստանում ելույթները կիսատ է թողել ու վերադարձել Գերմանիա: Իվետան BRAVO.am-ի հետ հարցազրույցում պատմել է, թե այժմ ինչով է զբաղված, ինչու է գերհոգնած եւ որ երկրում է պատրաստվում հանգստանալ ամռան ընթացքում:

Իվետա Մուկուչյանը


-Իվետա՛, մինչեւ փառատոնի ավարտը չկարողացար մնալ Ռուսաստանում, բայց թիմակիցներդ դատարկաձեռն չվերադարձան` իրենց հետ բերելով քո մրցանակը: Ո՞ւմ կողմից էիր ստացել “Art-football”-ին մասնակցելու հրավերը:

-Գերմանիա վերադառնալուց հետո իմացա, որ ընտրվել եմ փառատոնի լավագույն երգչուհի: Ես թիմում ընդգրկվել էի որպես “The Voice” նախագծի մասնակից եւ պատիվ ունեցա աշխարհի մյուս երկրների երգիչների կողքին ելույթ ունենալ եւ ստանալ այդ մրցանակը: Զգացված եւ շնորհակալ եմ ռուս հանդիսատեսին ու կազմակերպիչներին. նրանք գիտեին, որ ազգությամբ հայ եմ:):

-Մոսկվայից հետո Գերմանիայում պլանավորած ելույթներ ունե՞ս:

- Հուլիսին մեկ ելույթ ունեմ Բեռլինում, մինչ այս էլ երգել եմ Երեւանում, Վրաստանոմ, Համբուրգում: Նկատում եմ, որ վերջին չորս տարին ինձ համար լարված է անցել` անընդհատ երկիր փոխելով, ոչ մի տեղ երկար չմնալով, զուգահեռ ուսումս հասցնելով, տարբեր մրցույթների մասնակցելով, Գերմանիայում մոդելային աշխատանքի միջոցով գումար վաստակելով... Այժմ գերհոգնածություն եմ զգում: Հնարավոր է` դա էր պատճառը, որ Մոսկվայում անգինայով հիվանդացա ու չկարողացա մեր հյուրախաղերը շարունակել Սանկտ-Պետերբուրգում, որտեղ ինձ հրավիրել էին մասնակցելու “Սպիտակ գիշերներ” մրցույթին:

“Եթե լավ առաջարկներ են լինում, որպես մոդել նկարվում եմ”.Իվետա Մուկուչյան


- Իսկ Գերմանիայում պրոդյուսերական թիմի՞ հետ ես աշխատում, թե՞ ինքնուրույն:

-Ունեմ մենեջմենթ, որը հիմնականում թղթաբանությամբ եւ ամրագրմամբ է զբաղվում: Այս պահին էլ ծանոթանում եմ նոր պրոդյուսերների հետ ու սկսում նոր համագործակցություններ, բայց նաեւ շարունակում եմ աշխատել Հայաստանի շատ լավ ընկերներիս հետ` Dj Սերժո, Lazzaro, Li’lith, Storytellers: Ինձ համար ընդհանրապես էական չէ, որ երգի տակ նշված լինի` “Made in Germany”, մանավանդ, երբ Հայաստանում այսպիսի տաղանդավոր ընկերներ ունեմ: Աշխատելով նաեւ եվրոպական բիթմեյքերների հետ` հաճելի է հասկանալ, որ իմ նշած անունները ոչնչով չեն զիջում:

- Գերմանական “The Voice”-ի թիմի հետ առաջիկայում կունենա՞ս նոր համագործակցություններ:

- Անկախ մարզիչների պլաններից, որոնք դեռ ընթացքի մեջ են, մենք` մասնակիցներս, հաճախ ենք միասին համագործակցում: Ես հիմնականւմ աշխատում եմ Բրենդոն Սթոնի հետ, որն ինձ շատ է օգնում պրոդյուսերական հարցերում, նաեւ միասին ստեղծագործում ենք:

Իվետա Մուկուչյանը


-Արդեն մի քանի տարի է` Գերմանիայում աշխատում ես որպես մոդել եւ վաստակածդ գումարը ներդնում քո երաժշտական կարիերայի համար: Արդյո՞ք հիմա էլ շարունակում ես մասնակցել նորաձեւության ցուցադրությունների ու գովազդային նկարահանումների:

- Այո, եթե լավ առաջարկներ են լինում, որպես մոդել մասնակցում եմ, ինչն իմ կողմնակի գումար վաստակելու ձեւն է, բայց լրջորեն չեմ զբաղվում:

- Հիմա ողջ ընտանիքով Գերմանիայո՞ւմ եք բնակվում:

- Ծնողներս Գերմանիայում են, քույրս` դիմահարդար եւ վարսահարդար Մարիաննա Մուկուչյանը, այժմ բնակվում է Դուբայում, բայց առաջիկա երկու ամսում կաշխատի Հնդկաստանում: Նա իր ասպարեզում արդեն բավական հայտնի է եւ հաճախ է այլ երկրներից աշխատելու առաջարկներ ստանում:

Իվետա Մուկուչյանը


- Նոր ճամփորդություններ ունե՞ս. պլանավորե՞լ ես, թե որտեղ ես անցկացնելու  ամառային հանգիստը:

- Քանի որ Երեւանի կոնսերվատորիան ավարտեցի եւ այս պահին շատ անկախ եմ, ուզում եմ մի քիչ ճանապարհորդել: Կարծում եմ` կգնամ Միացյալ Նահանգներ, նաեւ կմեկնեմ քույրիկիս մոտ` Դուբայ: Կան նաեւ Հայաստանում նոր նախագծերի խոսակցություններ, բայց ոչ ամռան ընթացքում:

- Իսկ ե՞րբ ես նախատեսում կրկին Հայաստան գալ:

- Ինձ պետք է որոշ ժամանակ հեռանալ Հայաստանից, որ կարոտեմ ու էներգիայով լիցքավորված վերադառնամ: Հավանաբար, թե՛ նոր նախագծերի, թե՛ կարոտի շնորհիվ մինչեւ տարեվերջ նորից կգամ Երեւան: Կարծում եմ` հայերն ինձ հետ համաձայն կլինեն, որ հայկական հողը մի տարօրինակ էներգիա ունի. շատերն ուզում են Հայաստանից փախչել, բայց հենց օտար երկրում են, հայկական հողը նորից տուն է կանչում:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իվետա Մուկուչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW