Ապարանի լճի շրջակայքում երեկ ողջ օրը Սոնա Շահգելդյանն իր նոր տեսահոլովակում է նկարահանվել: Չնայած երգչուհին արեւահարվել էր, բայց մինչ ուշ գիշեր նկարահանումները շարունակվել են լճի ափին, ժայռերի վրա ու անտառում:
Սոնա Շահգելդյանն այսօր մեկնել է Իտալիա
Ապարանի Քուչակ գյուղից դեպի լիճ տանող քարքարոտ ճանապարհն անցնելուց հետո Սոնան իր լավ տրամադրությամբ վարակել է նկարահանող խմբին, իր վախերը հաղթահարելով՝ մտել է սառը ջրի մեջ ու երգել` հանուն նոր տեսահոլովակի:):
Սոնան նշել է՝ վաղուց էր պլանավորել “Վերեւ նայիր” երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Ի դեպ, ձմռանը նա Եգիպտոսում որոշել էր ծովի ափին իրականացնել նկարահանումները, բայց սյուժեն ու տեսարաններն ամբողջովին փոխել են. “Որոշ պատճառներով Եգիպտոսում նկարված կադրերը չենք օգտագործի, զրոյից սկսել ենք աշխատանքները”:
“Վերեւ նայիր” երգի երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, բառերինը` Ավետ Բարսեղյանը, գործիքավորել է Վահան Հարությունյանը: Տեսահոլովակի ռեժիսոր Նժդեհ Հաբոյանի փոխանցմամբ` փորձել են նկարահանել բնության գրեթե բոլոր տարրերը` հողը, ջուրը, անտառը, երկինքը, ժայռերը եւ այլն. “Քանի որ երգն ավելի շատ բնության հետ կապ ունի, Սոնան իր սերն արտահայտում է բնության միջոցով: Կզգացվի, թե ինչքան համերաշխ է նա բնության հետ: Բալետի պարողների հետ ջահերով գեղեցիկ կադրեր ենք ստանալու”:
Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Սիրիահայ Նժդեհն ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան, որպես երկրորդ մասնագիտություն այժմ ուսումնասիրում է կինոռեժիսուրա. “Այս անգամ իմ կարած հագուստը Սոնան չի հագնի, բայց նրա ու պարողների ոճով ու գունային համադրությամբ ես եմ զբաղվել”:
Երգչուհին տեսահոլովակի ընթացքում կներկայանա մի քանի զգեստով, կան նաեւ ջրային տեսարաններ: Սոնային գեղեցկացնելու նպատակով Ապարանի լիճ էին հասել նաեւ նրա վարսահարդար Մելինե Ղորխմազյանն ու դիմահարդար Գայանե Հովհաննիսյանը:
Սոնա Շահգելդյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Տեսահոլովակում նկարահանվել են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարողները` Սեւակը, Սուրենը, Արթուրը եւ Արտակը: Նկարահանումներին մասնակցել է նաեւ Գերմանիայում բնակվող երաժիշտ, հոբոյահար Մանե Հարությունյանը:
Սոնա Շահգելդյանը նկարահանումից անմիջապես հետո իր մորաքրոջ հետ մեկնել է Իտալիա` հանգստի նպատակով: Տեսահոլովակի պրեմիերան կլինի երգչուհու վերադարձից հետո` օգոստոսին:
Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: