Ուղիղ ինը տարի առաջ ՝ 2006 թվականի մայիսի 12-ին, Նոննա Գրիգորյանն առաջին անգամ պաշտոնապես բարձրացավ Երեւանի կամերային թատրոնի բեմ` “Արմագեդոն” ներկայացման կազմի հետ: Դերասանուհին առ այսօր հավատարիմ է թատրոնին, ավելին` այժմ նրա հետ բեմ է բարձրանում նաեւ ամուսինը՝ “Բարեկամություն” անսամբլի պարող Վահագն Կիրակոսյանը: BRAVO.am-ի հետ զրույցում Նոննան պատմել է համատեղ աշխատանքի, նվիրվածության եւ դստեր նախասիրությունների մասին:
Վահագն Կիրակոսյանը եւ Նոննա Գրիգորյանը
Թատրոնն անչափ եմ սիրում եւ հաճույքով եմ համատեղում ամուսնական կյանքի հետ: Պետք է խոստովանեմ, որ տարիների ընթացքում փոխվում է աշխատանքին նվիրվածության ձեւն ու տեսակը: Երբ դեռ ամուսնուս չէի հանդիպել, ամեն ժամս փորձում էի թատրոնում անցկացնել, նույնիսկ երազում էի տեսնում, թեեւ առ այսօր տեսնում եմ, թե ինչպես չեմ հասցնում ներկայացմանը բեմ բարձրանալ: Իսկ այժմ փորձում եմ ոչ միայն խաղալով, այլեւ բեմից դուրս օգտակար լինել ու փոքրիկ ներդրում ունենալ:
Վահագնը ոչ միայն պարում է անսամբլում ու դասավանդում երիտասարդ սերնդին, այլեւ Կամերային թատրոնում զբաղվում է բեմադրությունների խորեոգրաֆիայով: Առաջին անգամ միասին բեմ ենք բարձրացել “Կաբարե” ներկայացման շրջանակում, վերջերս էլ մեր մասնակցությամբ երկրորդ ներկայացման՝ “Շոու N3”-ի պրեմիերան էր, որին ներկա էր նաեւ մեր դուստրը: Էլվիան ավարտին բեմ բարձրացավ ու ինձ ծաղիկներ նվիրեց. դա իմ կյանքի ամենասպասված ու երանելի պահն էր, որին երազում էի արժանանալ: Այս բեմադրության աշխատանքներին մասնակցել ենք նաեւ բեմից դուրս եւ միշտ ասում ենք, որ մեզ համար երեխայի նման է` թանկ ու հարազատ: Մեր աշխատանքի մանրամասները հաճախ քննարկում ենք, նույնիսկ վիճում, հետո զգում ենք, որ դա անդրադառնում է ընտանեկան հարաբերությունների վրա, բայց կատակում ենք ու հասկանում, որ գործի պատճառով տանն ենք բանավիճում: Ամառային հանգստից հետո ամուսնուս հետ կաշխատենք մեր նոր նախագծի ստեղծման վրա:
Նոննա Գրիգորյանի եւ Վահագն Կիրակոսյանի դուստրը
Էլվիան օրեր առաջ դարձավ 2 տարեկան: Հասկանալով, որ իր տոնն է, ոչ միայն լաց չեղավ, այլեւ ողջ ընթացքում պարեց ու երգեց: Թեեւ նախորդ տարի էլ էինք մանկական սրճարանում նշել, բայց կարծում եմ՝ դրանք ավելի շատ պատանիների համար են: Հաջորդ տարի մեր տանն ինքս կկազմակերպեմ իր տարիքին բնորոշ տարեդարձ:
Էլվիան չափազանց երաժշտական երեխա է, եւ ես իրավունք չունեմ ու անզոր եմ պայքարել նրա շնորհի դեմ: Բոլորին զարմացնում է նրա ֆանտաստիկ լսողությունը. երգերը կրկնօրինակում է նույն տոնայնությամբ: Աշխատանքի բերումով բազմաթիվ երաժշտական երեխաների հետ եմ շփվել, բայց նույնը հազվադեպ եմ նկատել: Կողմ եմ, որ մարդ երաժշտական կրթություն ստանա, ինչի շնորհիվ կյանքում տարբերվում է մյուսներից: Երբ մեր աղջիկը մեծանա, միանշանակ նրան ջութակի կամ դաշնամուրի դասերի կտանեմ, նաեւ լողի եւ լատինոամերիկյան պարերի: Մենք երբեւէ չենք ստիպի մեր նախընտրելի մասնագիտությունն ընտրել. յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն կողմնորոշվի, որ հետո ոչ ոքի չմեղադրի, բայց եթե ընտրի մեր ոլորտը, ապա կաջակցենք:
Նոննա Գրիգորյանն` "Շոու N3" ներկայացման պրեմիերային
Այս շրջանում չեմ նկարահանվում, փոխարենը թատրոնին զուգահեռ որպես բեք-վոկալիստ մասնակցում եմ երգիչների երգերի ձայնագրություններին: Քանի որ ավարտել եմ Երեւանի էստրադային եւ ջազային քոլեջի “Էստրադային երգեցողություն” բաժինը, երգելն իմ սիրելի զբաղմունքներից մեկն է: Բեք-վոկալիստի գործը մի քանի անգամ բարդ է, պետք է կարողանաս երգել տվյալ երգչի ձայնին համապատասխան: Հիմնականում աշխատում եմ Ռիչարդ Մադլենյանի հետ. նրա գրած երգերում նաեւ իմ ձայնն է հնչում:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նոննա Գրիգորյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: