×


Լազարյանների լեգենդար տոհմը՝ Նաիրա Բաղդասարյանի ֆիլմում

«Լազարյաններ` լեգենդար տոհմի վերելքն ու անկումը»` այսպես է կոչվում մասնագիտությամբ լրագրող Նաիրա Բաղդասարյանի վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 11-ին` «Մոսկվա» կինոթատոնում։ BRAVO.am-ը զրուցել է ֆիլմի հեղինակ-ռեժիսորի հետ, որը, վերջին 8 տարիներին ապրելով Ռուսաստանում, ստեղծել է «Հայկական հետքը Մոսկվայում» նախագիծը։ Լազարյաննների հանրահայտ տոհմի մասին ֆիլմի նկարահանումներն արվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ֆրյանովոյում եւ Երեւանում։

«Լազարյաններ` լեգենդար տոհմի վերելքն ու անկումը» ֆիլմը կցուցադրվի Երեւանում


-Սա Ձեր առաջի՞ն վավերագրական մեծածավալ աշխատանքն է։

- Այս ֆիլմը մաս է կազմում «Հայկական հետքը Մոսկվայում» նախագծին, որի շրջանակում արդեն պատրաստել ենք 8 տեսաֆիլմ: Տեսաֆիլմ եմ ասում, քանի որ արվել է որպես հեռուստատեսային ֆիլմաշար: Հեռուստատեսային տարբերակում «Լազարյանները» նկարահանել ենք որպես ֆիլմ-եռագրություն, այսինքն՝ պատումը բաղկացած է երեք մասից. փորձել եմ ներկայացնել այդ տոհմի 200-ամյա կենսագրության ու գործունեության մեջ եղած ամենաառանցքային եւ վառ իրադարձությունները: Մեծ էկրանին ցուցադրելու առումով, այո, սա իմ առաջին աշխատանքն է: Ֆիլմին Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից տրվել է ազգային ֆիլմի վկայական, որը նաեւ ենթադրում է մեծ էկրանին ցուցադրելու իրավունք:

- Կպատմե՞ք «Հայկական հետքը Մոսկվայում» նախագծի մասին։

- Նախագծի մտահղացումը ծնվել է շատ պատահական. 2012 թվականին Մոսկվայի կենտրոնական թաղամասերից մեկում` Լենինգրադյան պողոտայում, զբոսնելու ժամանակ հինավուրց կառույցներից մեկի ճակատին նկատեցի «ЛМ» ռուսերեն անվանատառերը: Գիտեի, որ Լեւոն Մանթաշյանն ունեցել է Ցարական Ռուսաստանի լավագույն ձիաբուծարանը, որը գտնվել է Մոսկվայի ձիարշավարանի տարածքում: Պարզվեց, որ այդ կիսավեր, բայց դեռեւս շքեղ շինությունը հենց նրա ձիաբուծարանն է, անվանատառերը նրանն են, իսկ մի փոքր ներքեւ գտնվում է նրա առանձնատներից մեկը: Դա մեր նկարահանած առաջին տեսաֆիլմն էր: Չորս տարվա ընթացքում նկարեցինք մեծ բարերար Տարասով ընտանիքի, խոշոր բանկիրներ Ջամգարով եղբայրների, Ցարական Ռուսաստանի ձկնային արքա հռչակված Լիանոզովների եւ Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցու մասին, որը Կարմիր Հրապարակում է գտնվում: Նախագիծը կոմերցիոն բնույթ չի կրում, իրականացրել եմ բացառապես սեփական նախաձեռնությամբ:

«Լազարյաններ` լեգենդար տոհմի վերելքն ու անկումը» ֆիլմի հեղինակ-ռեժիսոր Նաիրա Բաղդասարյանը


- Այս անգամ ինչո՞ւ ընտրեցիք Լազարյանների տոհմը։
- Լեւոն Մանթաշյանի մասին ֆիլմի վրա աշխատելու ընթացքում հանդիպեցի 20-րդ դարասկզբին ապրած այնպիսի ռուսահայ անունների, որոնք իսկական հպարտություն կարող են լինել ոչ միայն մեզ` հայերիս, այլեւ ռուսների համար: Բազմաթիվ իրողություններ ու կենսագրական փաստեր ինձ համար իսկական բացահայտում ու զարմանալու առիթ էին եւ ցանկացա, որ այդ ամենը վերհիշվի, մեր ժամանակակիցները եւս իմանան։ Իմ հերոսները ոչ միայն հարուստ ու ազդեցիկ դեմքեր են, այլեւ խոշորագույն բարեգործներ են, անհատներ, որոնք պատմության ընթացքի վրա կարողացել են ազդեցություն ունենալ, միեւնույն ժամանակ, ունեցել են դրամատիկ ճակատագրեր: Օրինակ` Լեւոն Մանթաշյանը, լինելով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, մահացել է Փարիզում, որպես հասարակ տաքսու վարորդ, Լազարյանների տոհմածառը անկում է ապրել այնպես արագ ու անբացատրելի, որ դա վերագրում են ինչ-որ անեծքի, իսկ Ռուսաստանի ձկնային արքա Մարտին Լիանոզովը, զրկվելով ահռելի կարողությունից ու շքեղ առանձնատներից, կյանքի վերջին տարիներն անցկացրել է հանրակացարանում:

- Կներկայացնե՞ք Լազարյանների մասին ֆիլմի մանրամասները։

- Ֆիլմը ռուսալեզու է՝ 45 րոպե տեւողությամբ: Մեր ֆիլմաշարի հայերեն տարբերակները շուտով կլնինեն Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում: «Լազարյաններ`լեգենդար տոհմի վերելքն ու անկումը» Հայաստանի կինոկենտրոնի կողմից ընդգրկվել է 25-ամյակի լավագույն ֆիլմերի շարքում եւ թարգմանվել է նաեւ անգլերեն:

- Բացի Երեւանից, որտե՞ղ է ֆիլմը ցուցադրվելու: Հայաստանյան ցուցադրությունից ի՞նչ ակնկալիք ունեք։
- Ֆիլմի ցուցադրությունը կլինի նաեւ Մոսկվայում, այն Հայաստանի կինոկենտրոնի կեղմից կընդգրկվել է «Կինոաշուն» ուսանողական փառատոնում, կներկայացվի հայաստանյան բուհերում: Միակ ակնկալիքս` կուզեի, որ այս դեմքերի ու նրանց արժանավայել կենսագրության մասին իմանան շատերը, քանզի մեր ժամանակներում դա կարեւոր ու լուրջ խնդիր է: Այս ֆիլմում գուցե շատերը նյութի զուտ տեխնիկական եւ ժանրային մատուցման հարցում ինձ հետ չհամաձայնեն, սակայն վստահ եմ՝ յուրաքանչյուր հանդիսական իր համար կբացահայտի ու կիմանա փաստեր ու իրողություններ, որոնք հաճելիորեն զարմացնում ու հպարտության անսպառ զգացում են ծնում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարներտ տրամադրել է Նաիրա Բաղդասարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW