×


Լեյլան, Աննան, Աշոտը, Ալլան, Վարդանը եւ մյուսները գնահատել են Մրրոյի սանին

“Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս, դռները բացեք, գարուն է գալիս…”. Համո Սահյանի հայտնի տողերը երեկ երգի տեսքով հնչում էին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Ժողովրդական երգիչ Հարություն Բարեղամյանի դեբյուտային տեսահոլովակի շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված:).  “Գարուն է գալիս” տեսահոլովակը նվիրված է հայ նկարիչներին:

Ժողովրդական երգիչ Հարություն Բարեղամյանը Մրրոյի` Արսեն Գրիգորյանի սաներից է


Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Հարություն Կալենցի, Հակոբ Կոջոյանի, Վարդգես Սուրենյանցի եւ այլոց հայտնի գործերը ներառված են տեսաշարում, իսկ ժամանակակից նկարիչներից նկարահանվել են Վալմարը, Փարավոն Միրզոյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Սամվել Պետրոսյանը, Էդուարդ Խարազյանը, Հասմիկ Սեւոյանը, Կարեն Աղամյանը եւ Հակոբ Հակոբյանը:

Տեսահոլովակի շնորհանդեսին ներկա են եղել Լեյլա Սարիբեկյանը, Աննա Խաչատրյանը, Վարդան Բադալյանը, Ալլա Լեւոնյանը, Գեւորգ Դաբաղյանը, Ազատ Գասպարյանը, Աշոտ Ղազարյանը եւ ուրիշներ, ինչպես նաեւ տեսահոլովակի հերոսները` նկարիչները:):

Դերասան Ազատ Գասպարյանը


“Գարուն է գալիս”-ի նկարահանումները սկսվել են 3 տարի առաջ, երբ երգիչը դեռ չէր զորակոչվել բանակ, վերադարձից հետո էլ շարունակվել են կիսատ մնացած աշխատանքներն ու մոնտաժվել է վերջնական տարբերակը: “Կտավները հատուկ տեղափոխել ենք մեծ բացատ: Իմաստն այն է, որ նկարիչներն իրենց ստեղծածով, վրձնի հարվածներով գարուն են բերում”, - նշել է տեսահոլովակի ռեժիսոր Խաչիկ Եղոյանը:

Իսկ թե ի՞նչ սկզբունքով են ընդգրկվել նկարիչներն ու նրանց աշխատանքները, ռեժիսորը հայտնել է, որ ընտրել են նշանավոր ու առավել հայտնի նկարիչներին. “Տարբեր նկարիչներից խորհուրդներ ենք հարցրել, որ չմոռանանք որեւէ մեկին, չնայած հնարավոր էլ չէր մի քանի րոպեում բոլորին ներկայացնել, որովհետեւ մեր լավ նկարիչների թիվն իսկապես մեծ է: Հենց նոր ցուցասրահում իմ մանկության ընկերոջը տեսա, որը գեղանկարիչ է, իմանայի` նրան էլ կնկարեի:)”, - կեսկատակ-կեսլուրջ ասել է Խաչիկ Եղոյանը:

"Գարուն է գալիս" տեսահոլովակի շնորհանդեսին


Համո Սահյանի բանաստեղծությամբ ու Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ “Գարուն է գալիս” երգը կատարող ժողովրդական երգիչ Հարություն Բարեղամյանը Մրրոյի` Արսեն Գրիգորյանի սաներից է, 2004-ից երգում է նրա հիմնած  “Մրրո ազգային արվեստի համակարգ”-ում: Երիտասարդը համոզված է` այս տեսահոլովակով արժեւորվում է մշակույթը: “Դաստիարակչական բնույթ ունի, փորձում ենք կոչ անել, որ հոգեւոր մշակույթով ապրելը լավ է”, - BRAVO.am-ին ասել է երիտասարդ երգիչը` չառանձնացնելով իր սիրելի նկարիչների անունները:

Մրրոն կարծում է` հասունացել է ժամանակը, որ իր սաները ներկայանան տեսահոլովակներով. “Ցավոք, ֆինանսական այդ ներուժը չունենք, որպեսզի բոլորի համար միաժամանակ տեսահոլովակ նկարենք”: Նա հավելել է, որ իր սաների երգացանկում արժեք ունեցող որակյալ երգեր են. “Դրանք ազգային երգի շտեմարանին են պատկանում`ժողովրդական, աշուղական, նաեւ կոմպոզիտորական, ինչպես այս տեսահոլովակի երգն է, որը ժամանակին երգել է Ռուբեն Մաթեւոսյանը, այսօր էլ երիտասարդը նոր մեկնաբանությամբ է կատարում”:

Խաչիկ Եղոյանը, Մագա Մարտիրոսյանն ու Վարդան Բադալյանը


Զրույցի վերջում Մրրոն հույս է հայտնել, որ տեսահոլովակը եթերում երկար ժամանակ կցուցադրվի. “Հուսանք, որ հեռուստատեսությունը կմտածի, որ սա ավելի գեղագիտական արժեք ունի, քան այն անիմաստ երգերն ու կրկնօրինակված տեսահոլովակները, որ անընդհատ ներկայացվում են”:

“Գարուն է գալիս”-ը առաջարկում ենք դիտել ստորեւ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW