×


Լենա Մկրտչյան.“Առօրյայում ես նույնպես կանացի եմ ու բավական խոցելի”

Մոդել Լենա Մկրտչյանը դարձել է լուսանկարիչ Կարեն Խոնթյանի նոր ֆոտոշարքի հերոսուհին: Նա մարմնավորել է չափազանց կանացի ու խոցելի, ինչ-որ տեղ անգամ թույլ ու անօգնական կնոջ կերպար, իսկ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նախասիրությունների, տղամարդու իր իդեալի մասին եւ ոչ միայն:):

Լենա Մկրտչյանը


8 տարեկանից մասնակցել եմ տարաբնույթ ցուցադրությունների. դեռ վաղ հասակից բեմն ինձ շատ է գրավել:

Մոդել դառնալը մանկության երազանք չի եղել, բայց եղել է մի աշխարհ, որից դուրս գալ չեմ ցանկացել: Փոխարենը երազել եմ բժշկուհի դառնալ, ինչն այդպես էլ չիրագործեցի։

Քանի որ հարազատներս ականատես են եղել իմ անցած ճանապարհին, մոդելային գործունեությանս մոտենում են ըմբռնումով: Բայց պետք է նշեմ նաեւ, որ ամեն առաջարկ անպայման քննարկվում է եւ հատկապես մայրիկիս հետ:

Լենա Մկրտչյանը


Չնայած` մոդելային կարիերան ինձ համար նախասիրություն է, ես այն ընկալում եմ նաեւ որպես արվեստ եւ ինձ համարում եմ արվեստի մարդ. կարծես դա է իմ կոչումը:

Շատ եմ սիրում ստեղծագործել՝ մտքերս հանձնել թղթին կամ կտավին:

Հետաքրքրություններիս շրջանակը բազմաբնույթ է մինչ այսօր. հաճախել եմ պարի, վոկալի, դաշնամուրի դասընթացների, զբաղվել եմ նկարչությամբ, սպորտով, անգամ թեքվանդոյով :):

Ինչպես Կարեն Խոնթյանի հեղինակած լուսանկարներում, առօրյայում նույնպես կանացի եմ ու բավական խոցելի, ինչը գուցե մեծ դժվարությամբ հաջողվում է սքողել, բայց թուլություն դա չեմ անվանի, քանի որ վերջերս առավել համոզվել եմ, որ ուժեղ մարդ եմ: Իսկ խոցելի լինելս հոգու ու աշխարհընկալման խնդիր է:

Լենա Մկրտչյանը


Երբեւէ իմ համարձակության վերաբերյալ խոր մտածելու առիթ չեմ ունեցել, համենայնդեպս, լուսանկարվելն ինձ համար արվեստ է, իսկ արվեստը պետք է ունենա ազատ հոգի ու թեւեր: Թե՛ առօրյայում, թե՛ մոդելինգում իմ կերպարը համեմված է կանացիությամբ ու նրբաճաշակությամբ:

Գեղեցկության, սեքսուալության եւ գռեհկության միջեւ ընկած սահմանը, կարծում եմ,  կապված է կերպարի հետ, որը պետք է ստանալ:

Ես անտանելի մելոման եմ.  երաժշտությունն անմիջականորեն անդրադառնում է տրամադրությանս եւ տրամադրվածությանս վրա: Նկարահանումների ժամանակ էլ շատ կարեւոր, անգամ առաջնային է ինձ համար երաժշտական միջավայրը:

Այսօր մոդելային գործունեությունից զատ զբաղվում եմ լրագրությամբ: Ավարտել եմ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը, այնուհետեւ` լրագրության ֆակուլտետի մագիստրատուրան, սակայն այսքանով դեռ բավարարված չեմ:

Մոտ ապագայում ցանկանում եմ նոր գործունեություն ծավալել արվեստի բնագավառում, բայց դեռ չեմ բարձրաձայնի: Իսկ մոդելային գործունեության հետ կապված հստակ պլաններ չկան. այս ասպարեզում ամեն բան ավելի քան անկանխատեսելի է:

Ընկեր չունեմ: Երբեւէ եթե ունենամ, հուսով եմ, որ չեմ սխալվի ընտրությանս հարցում:  Կհանդիպեմ այն մեկին, որը կընկալի իմ իրական մարդ տեսակը, ոչ թե աշխատանքային կերպարս՝  լինեմ մոդել, լրագրող, թե պարզապես տնային տնտեսուհի։

Լենա Մկրտչյանը


Տղամարդը պետք է լինի խելացի, կայուն, վստահելի, էությամբ լուրջ, բայց՝  հումորի զգացումով: Հենց այս հատկանիշներն եմ առավել գնահատում հակառակ սեռի մեջ:

Մայրս է իմ կնոջ իդեալը:  Նայելով նրան անգամ օտարի աչքերով, ինչը երբեմն անում եմ, հպարտանում եմ ու երջանիկ եմ հենց միայն նրա համար, որ մարդու այդ տեսակն  իմ կյանքում, իմ կամքից անկախ, ամենակարեւոր տեղում է:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Կարեն Խոնթյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW