×


Լիդուշիկը՝ փարիզյան իր այցի եւ մանկական աշխարհից «չհեռանալու» մասին

Լիդուշիկն առաջին անգամ Փարիզ էր ժամանել՝ ֆրանսահայ երեխաներին անակնկալ մատուցելու. Փարիզին հարակից երեք քաղաքներում կայացած «Լուկի-Բուկիի կրկեսը» ներկայացման վերջում սպասված անակնկալը հենց երեխաների կողմից սիրված երգչուհին էր:

Բուրատինոյին եւ պատմության մյուս հերոսներին ուշադիր հետեւելուց հետո մանուկները մեծ ոգեւորությամբ դիմավորել են երգչուհուն. նա հանդես է եկել երեք ներկայացման մեջ:

Լիդուշիկը


Լիդուշիկին հանդիպեցինք Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի մոտ, որտեղ էլ նա մեզ հետաքրքիր դրվագներ պատմեց իր այցելությունից եւ լուսանկարվեց BRAVO.am-ի համար:

Հուլիսի 11-ին Լիդուշիկը կդառնա 20 տարեկան: Խորհրդանշական տարիքին ընդառաջ նա արդեն ոճային փոփոխություն արել է, բայց չի շտապում տեղափոխվել մեծերի աշխարհ՝ շարունակում է երգել երեխաների համար: Երգչուհին նշում է, որ իրեն չի հոգնեցրել մանուկների աշխարհում լինելը:

«Անընդհատ փորձում եմ նոր ինչ-որ բաներ անել, որ հետաքրքիր լինի: Ինչքան որ երեխաները ցանկանան, այդքան այդ բոլոր երգերը պետք է երգեմ: Ես ունեմ «մեծական» երգեր, բայց, օրինակ, այս անգամ էլ նախընտրեցին ավելի շատ մանկական երգեր լսել, քանի որ առաջին անգամ պետք է փոքրիկների հետ հանդիպեի: Իմ կարծիքով՝ 50 տարեկանում էլ եմ մանկական երգեր երգելու»,-կատակում է երգչուհին:

Լիդուշիկը


Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք պատրաստվում է փոխել անունը.«Կմնամ Լիդուշիկ, սա իմ բեմական անունն է, իմ հարազատներն ու մտերիմներն ինձ հենց Լիդուշիկ չեն ասում, այլ` Լիդ, Լիդա, Լիդուշ, այնպես որ, Լիդուշիկը մնում է որպես բեմական անուն։ Բազմիցս ցանկություն եղել է փոխելու, բայց մեկ է՝ ում էլ ասենք՝ Լիդա Առաքելյան, միանգամից չի ճանաչելու»,-նշում է նա:

Իր խոսքով՝ կերպարային փոփոխություն որոշ չափով արդեն եղել է՝ կտրել է մազերը, հանել ակնոցները, բայց ամեն ինչ կամաց-կամաց է լինում, հանդարտ քայլերով, նպատակային ոչ մի փոփոխություն չի անում, ժամանակի հետ մեկ էլ տեսնում է փոփոխություն եղավ։

Լիդուշիկը խոստովանում է, որ իրեն հետաքրքիր է երեխաների համար երգել, որովհետեւ այն ամենամաքուր ու անկեղծ լսարանն է.«Երեխաներին երբեք չես կարող ստիպել, որ լսեն այն, ինչ հաճելի չէ իրենց ականջին: Ես փորձում եմ առաջինը գոհացնել փոքրիկներին, չնայած՝ հիմա արդեն սկսել եմ մեծերի համար էլ աշխատել»,-ժպիտով ավելացնում է երգչուհին։


Իսկ ինչպիսի՞ն է լինում երեխաների արձագանքը, արդյո՞ք նրանք այնպիսի խոստովանություններ են անում, որոնք մեծերից չի լսում: «Հետաքրքիր արձագանքներ են լինում, օրինակ՝ ինչու ես կտրել մազերդ, կամ վայ, մազերդ կտրել ես, ակնոցներդ ո՞ւր են: Էս ո՜նց ես մեծացել: Զվարճալի է, երբ փոքրիկներն են նկատում իմ մեծանալը»,- պատմում է Լիդա Առաքելյանը եւ ավելացնում.«Մազերս կտրելուց հետո երեխաները զարմացած նայում են, փորձում են հասկանալ՝ ես եմ, թե ոչ։ Նույնիսկ ծանոթ մարդիկ ինձ կարճ մազերով չէին ճանաչում»:

Լիդուշիկը պատմել է նաեւ բարեգործական միջոցառումներին իր ակտիվ մասնակցության մասին: Ասում է՝ ավելի շատ բարեգործական համերգների է մասնակցել, քան` այլ։ Առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ շատ հանդիպումներ է ունենում, մանկատներ այցելում: «Ես նաեւ շատ համերգներ եմ ունեցել, որոնց հասույթն ամբողջությամբ փոխանցվել է նվիրատվության։ Հենց փարիզյան ներկայացումների հոնորարը պետք է տրամադրենք մի հիվանդ երեխայի։ Նաեւ կապ եմ պահում այդ երեխաների հետ, կան երեխաներ, որոնք արդեն բուժվել են, փորձում եմ ամեն կերպ նրանց կողքին լինել։ Ասում են, որ կարող ես նրանց ուրախության հորմոններն ապահովել, ես փորձում եմ իմ երգերի միջոցով նրանց դա փոխանցել»:

Տարբեր երկրների երեխաների հետ հանդիպումների ընթացքում նա տարբերություն չի նկատում, նշում է, որ բոլոր երեխաներն էլ դրական են, տարբերությունը կարող է լինել միայն այն, որ Հայաստանի երեխաները շատ են իրեն տեսնում համերգների ընթացքում, իսկ սփյուռքահայ երեխաները տեսնում են միայն մեկ համերգի ընթացքում եւ ավելի ոգեւորված են լինում.«Բայց բոլորն էլ անկեղծ են, ինձ հետ երգում են, պարում։ Հայաստանում մի քիչ ավելի հեշտ ենք շփվում, քանի որ լեզվի խնդիր չունենք։ Չնայած՝ անպայման կուզեի շեշտել, որ շատ ոգեւորվում եմ, երբ արտասահմանում հայերը փորձում են իրենց երեխաներին դաստիարակել եւ մեծացնել որպես իսկական հայ, ներկայացման ընթացքում երեխաներն այնքան մաքուր են խոսում: Օրինակ, երբ գնում եմ Միացյալ Նահանգներ, կարծես փոքրիկ Հայաստանում լինեմ, բոլորը խոսում են հայերեն, երեխաները խաղում են հայերեն»:

Լիդուշիկը


Վերջում երգչուհին մեզ հետ կիսվեց Փարիզից ստացած իր տպավորություններով: Ինչպես շատերը, նա էլ միշտ ցանկացել է տեսնել Էյֆելյան աշտարակը.«Երբ առաջին անգամ տեսա այն, զարմացած նայում էի, որ լուսանկարներով տեսածս իրականում էի տեսնում։ Նայում էի ու մտածում՝ արդյոք սա իրական է: Տպավորությունս Փարիզից մեծ է: Ճանապարհորդել շատ-շատ եմ սիրում, հուսով եմ՝ հետագայում ավելի շատ կայցելեմ Փարիզ»:

Ամենասիրելի երկիրն էլ Իտալիան է, որտեղ շատ տեսարժան վայրեր է տեսել, հիմա էլ մեծ ցանկություն ունի տեսնելու Պիզայի աշտարակը:

Երիտասարդ երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք սիրո քաղաքում լինելը նրան կհորդորի եւս մեկ անգամ այցելել այստեղ՝ արդեն ապագա սիրելի էակի հետ.«Եթե անկեղծ խոսեմ, հիմա ցանկություն ունեմ ճանապարհորդել իմ ընտանիքի անդամների հետ։ Այդ ուղղությամբ դեռ շատ չեմ մտածում, իրականում ժամանակս էլ չի ներում: Տատիկիս հետ շատ հաճելի է անցնում, մենք շատ արկածներ ենք ունենում, կորում, նորից գտնվում ենք: Ով մեզ հետ ճանապարհորդի, չի հոգնի, մենք էլ իրարից դեռ չենք հոգնել»,- խոստովանում է Լիդուշիկը: Իսկ տատիկը հենց երգչուհու պրոդյուսերն է՝ Գոհար Ավագյանը, ով մանկուց ուղեկցում է թոռնուհուն:

Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Արա Շահնազարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW