×


“Խաղից դուրս” սերիալից Սիմա Բաղդասարյանը` կարիերայի եւ անձնական կյանքում փոփոխության մասին

“Արմենիա” հեռուստաընկերության “Խաղից դուրս” սերիալի դերասանուհիներից Սիմա Բաղդասարյանը BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծորեն խոսել է իր կարիերայի, դերասանական խաղի, նախասիրությունների ու անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխության մասին

Սիմա Բաղդասարյանը


Մասնագիտությամբ ատամնաբույժ եմ: Մեր ընտանիքում բոլորն էլ բժիշկներ են: Այդպես գեներով ես էլ ընտրեցի ատամնաբույժի մասնագիտությունը: Ուսումս ավարտելուց անմիջապես հետո անցել եմ աշխատանքի:

Մուտքս հեռուստատեսային աշխարհ եղել է շատ պատահական` “Կյանքի գինը 2” հեռուստասերիալով:  Ծանոթս առաջարկեց, ես էլ որոշեցի փորձել: Մերիի կերպարն եմ մարմնավորել: Դերս շատ փոքրիկ էր. խաղացել եմ ընդամենը 1 ամիս: 

“Արմենիա” հեռուստաընկերությունում պաշտոնապես աշխատում եմ 2011թվականից, երբ սկսեցի վարել “Բարի լույս, հայեր” հաղորդման “Առողջության օրագիրը”:

Սիմա Բաղդասարյանը վարում է “Բարի լույս, հայեր” հաղորդման “Առողջության օրագիրը”


Առանց մասնագիտական կրթության ու հաղորդում վարելու փորձի հայտնվեցի ուղիղ եթերում: Պատասխանատվությունը շատ մեծ էր: Կարծում եմ` ստացվել է:

Մասնագիտական խորհուրդներով ինձ շատ օգնել է Արամ Չախոյանը, ով այս ասպարեզում արդեն երկար տարիների փորձ ունի: Հետագայում սկսեցի շփվել ոլորտի այլ մարդկանց հետ եւս ու հասկանալ մասնագիտական նրբությունները:

Այժմ նկարահանվում եմ “Խաղից դուրս” հեռուստաֆիլմում`  մարմնավորելով բացասական հերոսներից մեկին` Դանային: Պետք է անկեղծ լինեմ` այնքան էլ չեմ հավանում ինձ այս սերիալում. թվում է` մի քիչ ավելի եմ խաղում:

Սիմա Բաղդասարյանը


Երբ զգում եմ, որ խաղիս մասին վատ ինչ-որ բան են ասելու, ինքնապաշտպանվում եմ` նշելով, որ ես դերասան չեմ:  Բայց շատերի կարծիքով` վատ չեմ խաղում:

Իմ եւ Դանայի միակ նմանությունը ուժեղ բնավորությունն է:

Ես նպատակասլաց անձնավորություն եմ` փոքր-ինչ կարիերիստ: Այդուհանդերձ, ինձ համար առաջնայինն ընտանիքն է, հետո` աշխատանքը:

Սիմա Բաղդասարյանը "Խաղից դուրս" հեռուստաֆիլմի նկարահանումներին


Անձնական կյանքումս փոփոխություն կա. ունեմ ընկեր, որի հետ հանդիպում ենք արդեն 1 տարի: Երկուսս էլ չենք սիրում այդ մասին խոսել:

Արամ Չախոյանի հետ ընկերներ ենք, չէի ասի` շատ մտերիմ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք օգնելու միմյանց: Մեր բաժանության պատճառը կարիերան չի եղել. պարզապես չհասկացանք միմյանց:

Կարծում եմ` ընկերասեր եմ:  Ընկերներս տարբեր բնագավառից են` քաղաքագետ, տնտեսագետ, բժիշկներ… Զբաղվածության պատճառով հաճախ չենք հանդիպում, բայց աշխատում ենք շաբաթական գոնե մեկ անգամ միասին կինո, թատրոն կամ կարաոկե գնալ:

Սիմա Բաղդասարյանը


Շատ սիրում եմ հաճախել մարզասրահ, սակայն վերջերս դադարեցրել եմ, իսկ պատճառն աշխատանքային ծանրաբեռնվածությունն է: Մտադիր եմ վերսկսել մարզումներս:

Սիրում եմ երգել: Փոքր ժամանակ շատ աղջիկների նման կանգնել եմ հայելու առաջ ու ինձ երգչուհի երեւակայել: Իսկ բարձրախոսս եղել է սովորական կլոր սանր:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիմա Բաղդասարյանի անձնական արխիվից եւ Ռաբերտ Ղեւոնդյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին