×


«Տրուբադուր» օպերայի ցուցադրությունը ԿինոՊարկում

ԿինոՊարկի նոր անակնկալը. Նյու Յորքի Մետրոպոլիտենի «Տրուբադուր» օպերան ցուցադրվեց Երեւանում

«ԿինոՊարկ» կինոթատրոնը երեկ իր հանդիսատեսին հնարավորություն էր ընձեռել երեք ժամ շարունակ իրենց պատկերացնել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում: Ցուցադրվում էր իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի տեսաձայնագրությունը՝ հանրահայտ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մասնակցությամբ: Սա «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնի մեծ նախագծի արդեն երկրորդ ցուցադրությունն է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին էլ ցուցադրվել էր Մոսկվայի Մեծ թատրոնի «Շելկունչիկ» բալետը:

«Մենք աշխատում ենք ընտրել հնարավորինս հետաքրքիր եւ ճանաչում ունեցող ներկայացումներ, որպեսզի մեր հանդիսատեսի համար դա եւս առիթ հանդիսանա գալ ԿինոՊարկ եւ տեսնել մշակութային մեծ գործերը: Հետագայում, իհարկե, նպատակ ունենք ավելի ընդլայնել մեր խաղացանկը, երբեմն էլ գուցե ավելի նեղ մասնագիտական շրջանակների համար ներկայացումներ ցուցադրել: Այս անգամ ընտրել ենք «Տրուբադուր» օպերայի՝ 2015թ.-ի ձայնագրությունը, քանի որ այն Դմիտրի Խվորոստովսկու մասնակցությամբ է: Ինչպես գիտեք, օպերային մեծ երգիչը վերջերս հեռացավ կյանքից, եւ մենք որոշեցինք հանդիսատեսին հնարավորություն տալ եւս մեկ անգամ լսել ու վերհիշել մեծ արտիստին»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց «ԿինոՊարկ»-ի ներկայացուցիչ Մարինա Ղամբարյան:

«Տրուբադուր» օպերայի ցուցադրությունը ԿինոՊարկում


Նշենք, որ կինոթատրոնի մուտքի մոտ գինու հյուրասիրություն էր կազմակերպված հանդիսատեսի համար: Ընդմիջումների ժամանակ ներկաները հնարավորություն ունեին մեկ գավաթ գինու ընկերակցությամբ զրուցել միմյանց հետ, շփվել ու քննարկել ներկայացումը: Ի դեպ, նրանց շարքերում մենք հանդիպեցինք Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանին, ով մեկ անգամ չէ, որ դիտել է հայտնի այս ներկայացումը: Ինչպես նշեց՝ բազմիցս առիթ է ունեցել «Տրուբադուրը» տեսնել նաեւ արտերկում՝ Բրյուսելում, Աթենքում, Անգլիայում, միայն թե Նյու Յորքում դեռ չի հասցրել լինել, ուստի որոշել էր «ԿինոՊարկ»-ի ստեղծած հնարավորությունը բաց չթողնել:

«Սա Վերդիի լավագույն ստեղծագործություններից է, որտեղ յուրաքանչյուր գործողություն հիշվող է եւ առանձնահատուկ: Ներկայացումը դիտել եմ նաեւ Հայաստանում, բայց «Մետ» օպերային թատրոնի ցուցադրությունը չէի կարող բաց թողնել՝ այն էլ Խվորոստովսկու մասնակցությամբ: Ողջունելի է, որ այսպիսի նախագիծ է արվում, քանի որ նման բեմադրություններն ու կատարողներին Հայաստան բերելը շատ մեծ գումարներ արժե եւ հսկայական աշխատանք է: Բացի այդ էլ՝ ոչ բոլորը հնարավորություն ունեն գնալ Նյու Յորք եւ այնտեղ դիտել ներկայացումը»,- նկատեց Նաիրա Այվազյանը:

Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը


«ԿինոՊարկ»-ի ներկայացուցիչներն ասում են, որ նախագիծը շարունակական է լինելու, եւ ցուցադրման բացառիկ իրավունքով ներկայացվելու են բալետային, օպերային եւ թատերական նոր գործեր:

«Մենք արդեն ցուցադրել ենք օպերա եւ բալետ, գուցե հաջորդը թատերական ներկայացում լինի: Անկեղծ ասած՝ առաջարկները շատ են, եւ այս պահին մենք դեռ քննարկում ենք` ինչ ցուցադրել հաջորդիվ: Առհասարակ, փորձում ենք խաղացանկն այնպես կազմել, որ հետաքրքիր լինի տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներին: Մենք ուրախ ենք այստեղ տեսնել արվեստի բոլոր սիրահարներին, եւ խոստանում ենք մեր հանդիսատեսին ներկայանալ նորանոր անակնկալներով»,- հավելեց Մարինա Ղամբարյանը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին