×


ԿինոՊարկում կցուցադրվի Շառլ Գունոյի «Ռոմեո եւ Ջուլիետ» օպերան

Միայն մեկ օր եւ միայն «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնում՝ «ԿինոՊարկ»-ում, այսօր կցուցադրվի ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր Շառլ Գունոյի «Ռոմեո եւ Ջուլիետ» օպերան: Այն Գունոյի երկրորդ ամենահայտնի օպերան է «Ֆաուստ»-ից հետո, որ բեմադրվել է ԱՄՆ-ի «Մետրոպոլիտեն» օպերայում: Իսկ «ԿինոՊարկ»-ում արդեն բարի ավանդույթ է դարձել արտասահմանյան հայտնի ու սիրված ներկայացումները՝ թատերգություն, բալետ, օպերա, ցուցադրել կինոթատրոնի մեծ էկրաններին: Ինչպես փորձը ցույց է տալիս, հայ հանդիսատեսը մեծ հաճույքով է սպասում ամենամսյա այս ցուցադրություններին, ինչի շնորհիվ դահլիճները լեփ-լեցուն են լինում ներկայացումների ժամանակ:

Նշենք, որ 2016 թվականին բեմադրված այս ներկայացման ռեժիսորը Բարտլետ Շերն է: Հատկանշական է, որ նրա բեմադրած «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում ինչպես սերը, այնպես էլ մահը ներկայացված են այնպիսի յուրօրինակ զգացմունքայնությամբ եւ ֆրանսիական նրբաճաշակությամբ, որ հաստատ թույլ չեն տա հանդիսատեսին ընկնել հուսահատության գիրկը: «ԿինոՊարկ»-ի տնօրեն Արեգ Դանիելյանը BRAVO.am-ի հետ զրույցում նկատեց, որ ռեժիսորը նորովի է բեմադրել ամենահայտնի սիրո պատմությունը, ինչի շնորհիվ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ն այսօր ամենասիրված ու սպասված ներկայացումներից մեկն է ամբողջ աշխարհում:



«Ըստ ծրագրվածի` տարվա մեջ 12 ներկայացում պետք է ցուցադրենք մեր կինոթատրոնում, ամսական՝ մեկը: Իհարկե, գուցե այնպես ստացվի, որ մեկը դառնա երկու, եւ այժմ փորձնական ցուցադրություններ ենք կազմակերպում՝ հասկանալու համար, թե հայ հանդիսատեսն ինչպիսի ներկայացումներ է ավելի նախընտրում: Այս տեսանկյունից մեր ազգը բավական քմահաճ է, զարգացած ու կրթված, ինչը մեր օրերում փոքր-ինչ զարմանալի է»,- նկատեց Արեգ Դանիելյանը:

Նա հույս հայտնեց, որ այս անգամ էլ ցուցադրությունը կանցնի լեցուն դահլիճներում, ինչպես նախորդ ներկայացումների ժամանակ, քանի որ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ն ամենասիրված ու ամենահայտնի հավերժական սիրո պատմությունն է: Այն չունի ժանրային սահմանափակում եւ արդիական է բոլոր ժամանակներում, դրա շնորհիվ էլ բեմադրվում է աշխարհի բազմաթիվ թատրոններում:


Հավելենք, որ ներկայացման լեզուն ֆրանսերենն է, սակայն կինոէկրաններին կլինեն նաեւ ռուսերեն ենթագրեր: Ցուցադրության սկիզբը 19:00-ն է, այնպես որ հասցրեք դիտել «Մետ» օպերայի ամենապահանջված ներկայացումներից մեկը երեւանյան մեծ էկրանին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին