×


Հայաստանը EBU-ին անվտանգության պայմաններ չի ներկայացրել`Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ”-ին մասնակցելու համար

Հայաստանի hանրային hեռուստաընկերությունը չի դիմել Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU)` Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ-2012” մրցույթին մասնակցելու համար անվտանգության հատուկ պայմաններ ապահովելու հայտով: Այս մասին ասել է “Եվրատեսիլ”-ի անցկացման պատասխանատու Սիետսե Բաքերը Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում:

Գրեհեմ Սթրոնգը, Գոհար Գասպարյանն ու Սիետսե Բաքերը



Ավելի վաղ Հ1-ի պաշտոնական ներկայացուցիչ, “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասել էր, որ Երեւանում դեռ վերջանական որոշում չի կայացվել “Եվրատեսիլ”-ին Հայաստանի մասնակցության կապակցությամբ: Նրա խոսքերով, Հ1-ը դիմել է EBU-ին հայաստանյան պատվիրակության անվտանգության երաշխիքների համար եւ սպասում է պատասխանի:

Սիետսե Բաքերն ասել է, որ “մենք նախորդ տարվա հունիսից երկխոսություն ենք վարում Հ1-ի հետ` Եվրատեսիլ-2012 մրցույթում իրենց մասնակցության առնչությամբ”:

“Ներկայումս չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել իրենց մասնակցության հարցը, քանի որ մտադիր ենք մասնակիցների ամբողջական ցուցակը հրապարակել հաջորդ շաբաթ եւ չենք մեկնաբանում առանձին պետությունների մասնակցության հարցը”, - ասել է Սիետսե Բաքերը Մեդիամաքսի հետ հարցազրույցում:

"Եվրատեսիլ 2011"-ի ադրբեջանցի հաղթողներ Էլն ու Նիկին


“EBU-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում, քանի որ դա մեր գործառույթը չէ: Սակայն մենք անվտանգության երաշխիքներ եւ ծառայություններ ստանալու հայտով դիմում ենք տեղական հեռարձակողին կամ համապատասխան իշխանություններին/գործընկերներին: Ինչ վերաբերում է այս տարվա մրցույթին, մենք Ադրբեջանի վարչապետից անվտանգության երաշխիք ենք ստացել բոլոր պատվիրակությունների համար: Բացի այդ, նախորդ տարվա օգոստոսին Բաքվի քաղաքային իշխանությունների հետ քննարկվել է հայաստանյան պատվիրակության հավանական մասնակցության հարցը, որի նպատակն էր հաստատել, որ անվտանգության երաշխիքները տարածվելու են նաեւ հայաստանյան պատվիրակության վրա: Բոլոր հավանական մասնակիցները, այդ թվում `Հ1-ը, տեղեկացվել են Ադրբեջանի վարչապետի կողմից տրված երաշխիքների մասին”, - ասել է Սիետսե Բաքերը:

"Եվրատեսիլ"-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը


Հիշեցնենք, որ այս տարի “Եվրատեսիլը” կկայանա Բաքվում, քանի որ նախորդ տարի մրցույթում հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներ Էլդար Գասիմովն ու Նիգյար Ջամալը:

Վերջին 8 ամսվա ընթացքում Հայաստանում քննարկվում է Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթին մասնակցելու հարցը: Հասարակության մեջ հնչում են տարբեր կարծիքներ, արժե արդյո՞ք մասնակցել Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք մրցույթին, թե` ոչ:

Միակարծիք չեն նաեւ հայաստանյան կատարողները: Օրինակ, երգիչ Ռազմիկ Ամյանն ասել էր, որ առաջարկ ստանալու դեպքում չի պատրաստվում մասնակցել “Եվրատեսիլ” մրցույթին Բաքվում: Իսկ “Ռեինկարնացիա” խմբի երգիչ Ռոլանդը Bravo.am-ին տված հարցազրույցում հետեւյալն էր ասել. “Հենց այսօր պատրաստ եմ մեկնել եւ ելույթ ունենալ Բաքվի կենտրոնում, խնդիր չեմ տեսնում”:

BRAVO.am
Աղբյուրը` Մեդիամաքս

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW