×


Հայտնիները` Ազատ Գասպարյանի մասին

BRAVO.am-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 2-ին կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը: Սիրված դերասանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ընկերները, գործընկերները եւ բազմաթիվ երկրպագուներ:

Ազատ Գասպարյանը "Աստված իմ, ինչո՞ւ" ֆիլմում (Լուսանկարը` Գագիկ Գասպարյանի)


“Կրկին մեծ ցավ, կրկին մեծ վիշտ, կրկին մեծ կորուստ: Մեզնից հեռացավ շատ տաղանդավոր դերասան, հրաշալի անձնավորություն, մեծ հայրենասեր Ազատ Գասպարյանը”,-“Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է երգիչ Ռազմիկ Ամյանը:

“Նորից կորուստ… Ափսոս, մեր շատ սիրելի արտիստ: Դուք մեծ ուսուցիչ էիք ե´ւ կյանքի, ե´ւ բեմի”,-նշել է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը:

“Այս ինչ տխուր ամառ է… Կորուստներ, որոնց հետ մարդկային գիտակցությունը պարզապես չի կարողանում համակերպվել: Մեր մեծանուն դերասանը հեռացավ մեզնից` թողնելով անմար գործեր… Աստված թող Ձեր հոգին լուսավորի: Ես Ձեր արվեստի հավերժ երկրպագուն եմ, Ազատ Գասպարյան: Երջանիկ եմ, որ նույն ժամանակաշրջանում ենք ապրել, Ձեզ ճանաչելու եւ Ձեր կողքին կանգնելու բախտ եմ ունեցել”,-գրել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Ազատ Գասպարյանը (Լուսանկարը` Գագիկ Գասպարյանի)


Շատ ափսոս, տաղանդավոր մարդ հեռացավ մեզնից: Հիշում եմ` մի օր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու Ազատ Գասպարյանը եկան մեր տուն: Մայրս հյութ էր պատրաստում, շատ խառը վիճակ էր խոհանոցում… Մեկ էլ պարոն Գասպարյանն ասաց` “Կարինե ջան, ինչպես տեսնում եմ, պիտի քեզ օգնեմ”, ու անցավ գործի… Ամեն ինչ շատ համեղ էր ստացվել. հրաշալի ընթրիք ունեցանք… Ինչ երջանիկ օրեր էին”,-նշել է երգահան Շուշան Սարգսյանը:

“Հիմա էլ կորցրինք Ազատ Գասպարյանին… Ախր ո՞նց դիմանանք... Մի բուռ ենք մնացել, էն էլ գնում ու գնում են: Մի տարվա մեջ իրական արժեք ներկայացնող արդեն որերորդ կորուստը... Տարբեր տարիքի` իննսուննանց Էդվարդ Միրզոյանից մինչեւ 42-ամյա Մարկը Սաղաթելյան... Ֆլորա Մարտիրոսյանը, Ստեփան Պողոսյանը, Հակոբ Հակոբյանը, Արամայիս Սահակյանը, Գեորգի Ասատրյանը... Հիմա էլ` Ազատը Գասպարյան, որը օգոստոսի 13-ին պիտի նշեր 70-ամյակը: Պատկերացնում եմ` ինչպես էր սպասում այդ օրվան: Վերջին անգամ հրավիրեցինք “Երկրի գանձեր”-ի 1982 թվականի թողարկմանը: Շատ անհանգիստ էր... Անընդհատ ասում էր` “Չեմ կարող երկար նստել, հոգնում եմ... Ինձ շուտ նկարեք, գնամ”: Հետո, երբ նկարահանեցինք, զայրացավ` “Եղբայր, էս հինգ րոպեի համար էիք կանչել...”: Ասելիք շատ ուներ, պարզապես հաղորդման ձեւաչափի համաձայն` հնարավոր չէր երկար զրուցել: Ափսոս...Եթե իմանայինք, որ այդքան շուտ կհեռանա, կթողեինք խոսեր… Ո՞ւմ մտքով կանցներ... Անքննելի են Աստծո գործերը: Միշտ կատակում էի` ասելով` "Ազատ, ազատ ես...”, ծիծաղում էր... Հիմա արդեն դու իրոք ազատ ես եւ քեզ սպասում է երկնային թագավորությունը: Գնաս բարով, Ազատ ջան: Աստված հոգիդ լուսավորի”,-նշել է հաղորդավար Կարեն Քոչարյանը:

Կադր "Երկրի գանձերը" հեռուստանախագծից


“Ինչ ցավալի է, երբ մեր երկրի տաղանդավոր մարդիկ լքում են մեզ”,-գրել է երգչուհի Էմմին:

“Հանճարներին իրավունք չունենք կորցնել. սովորելու շատ բան ունեինք... Բեմի վարպետ, ես կդառնամ այն, ինչ վերջին ճանապարհորդությանս ժամանակ ցանկացաք ինձ… Մենք Ձեզ կկարոտենք, հարգելի Ազատ Գասպարյան”,-ասել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:

“Ձեր թողած մեծ ժառանգությունը հայ ազգը երբեք չի մոռանա”,-նշել է երգչուհի Սիլվա Հակոբյանը:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Գագիկ Գասպարյանի եւ Կարեն Քոչարյանի "ֆեյսբուքյան" էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW