×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հոկտեմբեր ամսվա ընթացքում:


Մոտ 150 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 102 հիշատակում

• Արամե՝ 55 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 52 հիշատակում

Հոկտեմբերին երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել իր մայրիկի՝ երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ։ «Կանացիության եւ ուժի համադրության լավագույն օրինակն ինձ համար»՝ մեկնաբանության հատվածում գրել է Սիրուշոն։ Ինստագրամի իր էջի սթորիներ բաժնում երգչուհին հրապարակել է Քիմ Քարդաշյանի դստեր՝ Նորթի լուսանկարն ու նշել, որ փոքրիկը կրում է «Պռեգոմեշ» ապրանքանիշի վզնոց։ Սիրուշոն նաեւ լուսանկար է հրապարակել որդու հետ ՝ կից գրելով Ռոբերտ Քոչարյանի գրքի վերնագիրը՝ «Կյանք եւ ազատություն»։

Սիրուշոն


Լրատվական կայքերը հրապարակել են Սիրուշոյի ֆեյսբուքյան էջի գրառումը՝ «...Ես իմ առջեւ տարիներ առաջ խնդիր եմ դրել՝ հայկական մշակույթի սահմաններն ընդլայնելը եւ աշխարհին ներկայացնելը, եւ, որքան էլ այսօր փորձեն խանգարել, միեւնույն է՝ նպատակս մնում է անփոփոխ»։ Երգչուհին նաեւ լուսանկար է հրապարակել «Գոզալ» տեսահոլովակից, որին կից գրել է. «Գործն է անմահ... Որ խոսվում է դարեդար»: Հոկտեմբերի 30-ին կյանքից հեռացել է Սիրուշոյի տատիկը, եւ երգչուհին հետաձգել է նոյեմբերի 2-ին կայանալիք համերգն ու տեսահոլովակի պրեմիերան։

Աննա Թովմասյանը եւ Արամեն


Հոկտեմբերի 10-ին երգիչ Արամեն նշել է ծննդյան տարեդարձը։ Արամեն իր 37-ամյակը նշել է հայտնի ընկերների եւ հարազատների հետ։ Այս կապակցությամբ ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը։ Լրատվամիջոցները հոկտեմբեր ամսվա ընթացքում շարունակել են անդրադառնալ Արամեի կնոջ հրապարակած լուսանկարներին։

Լրատվական կայքերը հայտնել են, որ արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր հարսանիքին ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հրապարակումներում նաեւ նշվում է, որ հարսանիքի ընթացքում ելույթ է ունեցել հայտնի երգիչ Արամեն։

Նազենի Հովհաննիսյանը


Հոկտեմբերի ընթացքում լրատվամիջոցները տարբեր առիթներով հրապարակել են դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի Ինստագրամի էջի լուսանկարները եւ դրանց ուղեկցող գրառումները։ Նախորդ ամսվա ընթացքում լրատվամիջոցները տեղեկացրել են, որ դերասանուհին եղել է «Աղոթք» խորագրով լուսանկարների մրցույթի պատվավոր ժյուրիի անդամ։

BRAVO.am
Լուսանկարները՝  BRAVO.am-ի հայտնիների ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին