×


Հասմիկ Կարապետյանը սիրուն բարեւ է ասել:)

Հասմիկ Կարապետյանը սիրուն բարեւ է ասել. շուտով դրան ականատես կլինեն երգչուհու երկրպագուները: Նա օրերս նոր տեսահոլովակ է նկարահանել “Սիրուն ասա բարեւ” երգի հիման վրա:): 

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը


“Երաժշտության հեղինակը Արման Փահլեւանյանն է: Երգը շատ շուտ է գրվել, երբ նա բանակում է եղել, ինձ չի ճանաչել, բայց ասել է, որ այս երգը պետք է կատարի Հասմիկ Կարապետյանը”,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին ու հավելել, որ այս տարվա փետրվարի 15-ից էլ նախապատրաստվել են տեսահոլովակի նկարահանմանը, ինչն օրերս են իրականացրել:

“Բավական լավ թիմ էր հավաքվել, որի յուրաքանչյուր անդամը սիրով էր մոտենում խնդրին: Ինձնից բացի տեսահոլովակում նաեւ դերասաններ են նկարահանվել, մենք ներկայացրել ենք սիրո երեք դրսեւորում: Ունենք երեք զույգ` Արեգ եւ Լիլիթ, Արթուր եւ Լանա, Դավիթ եւ Թինա: Չեմ ուզում շատ մանրամասնել սյուժեն, թող անակնկալ լինի”,- նշել է Հասմիկը:

Խոսելով սկսնակ ռեժիսոր Էդգար Վարդանյանի հետ համագործակցության մասին` երգչուհին ասել է, որ շատ է անհանգստացել, բայց վստահ է, որ արդյունքը հաջող կլինի: Հասմիկը հուսով է, որ կանանց միամսյակի ավարտին տեսահոլովակն արդեն պատրաստ կլինի. “Սիրուն միասին բարեւ կասենք, եւ  թող բոլորն իրենց իրական, ճակատագրական սիրուն բարեւ ասեն:)”:

Հասմիկ Կարապետյանն իր նոր տեսահոլովակում նկարահանված աղջիկներից Լանայի հետ


Երկու տարվա լռություն

Հասմիկի երկրպագուները կհիշեն, որ նա իր նախորդ տեսահոլովակը ներկայացրել է երկու տարի առաջ` “Քո սիրո դիմաց” երգի հիման վրա. “Լռությունն արդարացված է: Այդ ընթացքում ես եթերում էի. շատ եմ սիրում նաեւ հաղորդավարական գործը, ուղիղ եթերում ճկուն եմ դարձել, զգում եմ այն: Պետք է որոշ ժամանակ ոչինչ չանես, որ ինֆորմացիա ու ասելիք կուտակվի, նոր ոճով կարողանաս ներկայանալ: Ինձ հիասթափեցրել էր նաեւ շոու-բիզնեսի տաղտկալի, տխուր, անդեմ ու լճացած վիճակը. որոշ ժամանակ ինձ հեռացրել էի այդ ամենից, որ ոչինչ չլսեմ. ի վիճակի չեմ միայնակ պայքարել այդ ամենի դեմ: Հույս ունեմ, որ մի օր կարթնանամ ու կտեսնեմ հեղափոխություն է եղել”:

Հեռանալու պատճառները

Երգչուհին BRAVO.am-ի հետ խոսել է նաեւ այն մասին, թե ինչու այլեւս հեռուստածրագրեր չի վարում. “Հունվարին եթերից հեռանալս մի քանի պատճառ ունի, չեմ ուզում շատ մանրանալ: Ինձ հանգիստ էր պետք, ինձ պետք չէր, որ ամեն օր կամ օրը մեջ ինձ տեսնեին եթերում: Հիմա  պետք է եթերում լինեմ ոչ թե խոսքով, այլ երգով”:

Հասմիկ Կարապետյանը սիրուն բարեւ է ասել:)


Շուշան Պետրոսյանի հետ կերգի

“Շուշանն Ավստրալիայում էր, երբ ես հորինեցի մեր զուգերգի երաժշտությունը: Շատ գեղեցիկ մեղեդի է, թախծոտ երանգներ ունի, պատկերացնում եմ, որ պետք է թավջութակ օգտագործել, ակուստիկ ուղղվածություն կունենա: Խոսքերը դեռ չենք գրել, քանի որ շատ յուրահատուկ է, պետք է հիշվող խոսքեր ունենա”:

Հասմիկ Կարապետյանի խորհրդավոր “զուգընկերը”

BRAVO.am-ի հետ զրույցում Հասմիկը պատմել է, որ հիմա նոր զուգերգ են պատրաստում, հանդես է գալու նոր ոճով. “Երգչի անունը չեմ ասի, թող անակնկալ լինի”:

Հասմիկը, Դավիթը եւ Թինան


“Որ գամ”

Երգչուհին այժմ աշխատում է իր թվով 5-րդ ալբոմի վրա. “Մի երգ ունեմ, որի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտությունը ես եմ գրել, կոչվում է “Որ գամ”: Կարծում եմ` ձայնասկավառակը եւս այդպես կկոչվի”: Հասմիկի փոխանցմամբ` այժմ բանակցությունների մեջ է եվրոպական 3 երկրի հետ, որտեղ հանդես կգա մենահամերգով. “2012-ը ստեղծագործական առումով բավական հետաքրքիր տարի է լինելու”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW