×


Հելոուին. արեւմտյան տոնի հայկական երանգները

Եթե կարծում եք, որ շուկայում վաճառվող դդումից միայն ղափամա են պատրաստում, ապա սխալվում եք: Հելոուինի տոնին՝ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը, դդումների մի մասի վրա չար, բայց միեւնույն ժամանակ ծիծաղելի դեմքի փորագրություն կհայտնվի, իսկ ներսում մոմ կտեղադրվի: Այսպիսով, դդումը, որը Ջեքի լապտեր մականունն է ստացել (ըստ ավանդության` Ջեքը դեգերում է խավարում դրախտի եւ դժոխքի միջեւ` լապտերը ձեռքին), կդառնա Հելոուինի գլխավոր խորհրդանիշը: Համարվում է, որ դդումի սարսափազդու տեսքն ի զորու է վանել չար ուժերին:

Չնայած Հելոուինը ծագել է Իռլանդիայում մոտ 2000 տարի առաջ` հին կելտերի ավանդույթներից, բայց այսօր այն տարածում է գտել ինչպես ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, այնպես էլ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ ԱՊՀ երկրներում: Տոնը վերջին տարիներին տարածում է գտել նաեւ Հայաստանում՝ հայտնի դառնալով հատկապես երիտասարդների շրջանում:


«Այս տարի սարդի կերպարով եմ նշելու: Նախորդ տարիներին եղել եմ վամպիրի, դիակ հարսնացուի, կատվի կերպարներով: Ինձ համար ամենահետաքրքիրն այն է, որ այդ օրը կերպարանափոխվում եմ: Մի պահ պատկերացրեք՝ կարող եք լինել ով ուզում եք, մի՞թե գրավիչ չէ»,-պատմում է Շուշանը, որն արդեն հինգ տարի նշում է Հելոուինը: Նրա խոսքով` ժամանակի ընթացքում այն ավելի զանգվածային է դառնում Հայաստանում, բայց շատերը չգիտեն, թե որն է տոնի խորհուրդը:

Շուշանը նախ ուսումնասիրել է տոնի ակունքները, համոզվել, որ այն հակաքրիստոնեական չէ, հետո միայն սկսել է մասնակցել.«Այդ օրը համարվում է, որ բացվում են անդրաշխարհի դռները եւ մահացած մարդիկ դուրս են գալիս, իսկ մենք պետք է փորձենք նրանց նմանվել, որ մեզ չվնասեն: Դե, իհարկե,տոնի գլխավոր խորհրդանիշնեից մեկն էլ Ջեկի լապտեր դդումն է»,- նշում է Շուշանը:

Հայաստանում Հելոուինը նշելու լավագույն տարբերակներից է որեւէ փաբ կամ ակումբ գնալը, որտեղ մուտքը համապատասխան հագուստով է: Մարիամը սիրում է այս տոնը հենց նման միջավայրում նշել: Տոնի խորհրդին ու ակունքներին մասնակի է ծանոթ: Հելոուինը նրա համար առավելապես ընկերների հետ ուրախանալու առիթ է. «Այս տարի էլ, հավանաբար, ընկերներով կնշենք, բայց ինձ այնքան էլ դուր չի գալիս, թե ինչպես են նշում Երեւանում: Օրինակ` շատերն առհասարակ բան չգիտեն տոնի մասին, ուղղակի դիմակ են դնում, դուրս գալիս Հյուսիսային պողոտայում պտտվելու: Էլ չխոսենք այն մասին, որ տոնի յուրահատուկ կողմերից մեկը, երբ երեխաները շրջում են տներով ու քաղցրավենիք հավաքում, իսպառ բացակայում է: Շատերը չգիտեն տոնի մասին, ու եթե դուռը թակես, հավանաբար չեն բացի»:

Մարիամին ու նրա ընկերներին հաջողվել է մի տարի Արցախում իսկական Հելոուին կազմակերպել.«Բացի համապատասխան հագուստ կրելուց, նաեւ քաղցրավենիք էինք հավաքում: Քանի որ փոքր գյուղ էր, բոլորն իրար ճանաչում էին, մենք էլ ընկերներով թակում էինք դռները ու քաղցրավենիք խնդրում: Այդ տարի շատ լավ անցավ, իսկական Հելոուին էր»:


Հելոուինի օրը, սակայն, երիտասարդները կարծես երկու խմբի են բաժանվում: Մի մասը նշում է տոնը՝ անկախ նրանից, թե ինչպես է կազմակերպվում, իսկ մյուս մասը դեմ է նշելուն:

Անժելան չնշելու իր սուբյեկտիվ պատճառներն ունի. Հելոուինը նրա ծննդյան տոնի հետ է համընկնում, ուստի չի ուզում համատեղել: Միայն մեկ անգամ, երբ փաբերից մեկը կինոհելոուին էր կազմակերպել (պետք էր որեւէ ֆիլմի հերոսի կերպարով լինել), մասնակցել է, բայց առհասարակ տոնը նշելու ցանկություն չկա:

«Փարթիներն ու միջոցառումները հիմնականում շատ հում են կազմակերպվում՝ դեկորացիաներից սկսած մինչեւ բուն արարողությունները: Փողոցներում տեսնում ենք տգեղ մեյքափով, կիսատ-պռատ հագնված հելոուինյան կերպարների, որոնք մեծ մասամբ տեղյակ էլ չեն՝ ինչու են իրենք իրենց այլանդակել: Գաղափարախոսությանը դեմ չեմ, դեմ եմ անգրագետ, հակաէսթետիկ, կիսատ-պռատ նշելուն»,- ասում է Անժելան:

Անկախ Հելոուինի շուրջ ծավալվող քննարկումներից եւ հակասություններից, չպետք է մոռանալ, որ այն ամենախայտաբղետ տոներից մեկն է, որը հնարավորություն է տալիս մի քանի ժամով հայտնվել ուրիշի կաշվում եւ սովորական թվացող օրը տոն դարձնել:

Տեքստը՝ Սոնա Վարդանյանի
Լուսանկարները` BRAVO.am-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW