×


Ճամփորդություն դեպի Վարդան Պետրոսյանի հոգու խորքը

“Երգելու եմ Շառլ Ազնավուր. կանայք կարող են կամաց-կամաց հանվել”. Վարդան Պետրոսյանն իր հեղինակած գրքի շնորհանդեսին այս խոսքերով ողջունեց ներկա հյուրերին եւ գրքի բովանդակությունը ներկայացնելու փոխարեն իր երաժիշտ ընկերների հետ երգեց ու նվագեց` Շառլ Ազնավուրից մինչեւ “Երեւանի սիրուն աղջիկ” ու “Այստեղ եմ ծնվել” երեւանյան երգեր:  

Վարդան Պետրոսյանն իր "Օրեր, գույներ, ճակատագիր” գրքի շնորհանդեսին


Արտիստն իր առաջին` “Օրեր, գույներ, ճակատագիր” գիրքը եւ գեղանկարչական աշխատանքները ներկայացրել է “Բյուրոկրատ” գրախանութում օրերս կայացած շնորհանդես-ցուցահանդեսին:

“Մեր գունեղ ու խենթ օրերի վառ վկան հենց ինքը` Ազնավուրն էր: Բոլորս սիրում ու ապրում էինք նրա երգերով, չէինք էլ հասկանում` ինչի մասին էր երգում. կանայք սկսում էին լաց լինել, տղամարդիկ` սիրահետել: Հանգամանքների բերումով` իմ ընկերներից Ռուբեն Գեւորգյանցը Փարիզում մեր տանն էր, ես էլ արդեն գիտեի ֆրանսերեն, թարգմանում էի Ազնավուրի երգերը: Նրա համար թարգմանեցի “Լա բոհեմը”, որը թարսի պես հոմոսեքսուալների մասին էր: Խեղճ Ռուբիկն էլ ասաց` ա՛յ մարդ, ավելի լավ էր չթարգմանեիր, Ազնավուրն առանց թարգմանելու ավելի լավ է: Բայց հայերեն բառերը լսելով` այս երգը դուք ավելի կսիրեք”,-նշել է Վարդան Պետրոսյանը: 

Վարդան Պետրոսյանի կտավներից


Նա նաեւ պատմել է գրքում տեղ գտած պատմություններից մի քանիսը եւ նշել, որ փորձել է հնարավորինս անկեղծորեն ներկայանալ ընթերցողին. “Անկեղծանալը դժվար բան է, երբ հոգուդ շերտերը բացում ես, իսկ արվեստի նպատակը մինչեւ վերջ անկեղծության ձգտումն է: Եթե անկեղծ լինեմ, մարդու ներաշխարհը լի է այնպիսի պատմություններով, որոնց մասին ի վիճակի չեմ եղել խոսել. ոչ թե ուժեղ չեմ, այլ շատ անձնական է: Իրականում, չկիսվելու շնորհիվ գտնում եմ ինչ-որ ձեւ եւ գեղավեստորեն արտահայտում բեմից. մեծագույն գործերի տակ թաքնված են չխոստովանած գաղտնիքներ”,-BRAVO.am.-ի հետ զրույցում անկեղծացել է դերասանը:

Վարդան Պետրոսյանի քույրը` Աշխեն Պետրոսյանը


Նա գիրքը բաժանել է մի քանի բաժնի. առաջին մասը կոչվում է “Գարուն ա”. “Երբ ամենը գունեղ է քո կյանքում` կարմիր, կապույտ, վարդագույն… Պոպլավոկ, Կոզիրյոկ, մեզ համար օդը սեր էր շնչում”, երկրորդը` “Գարուն ա, ձյուն ա արել”. “Այդ երազանքների, գույների վրա հանկարծ ձյուն է գալիս, հասկանում ես, որ կյանքը հոգսերի երկար շղթա է: Սա արտահայտվում է իմ դեպրեսիվ նկարներով` անճոռնի ու տգեղ մարդկանցով, իսկ երրորդ` “Գողգոթա” հատվածում գիտակցում ես , որ կյանքը մի խաչ է , որ տանում ես առաջ, եւ գիտակցելով` տառապանքներդ ավելի հեշտ ես տանում: Վերջին մասն անվանել եմ “Վերադարձ դեպի ինքդ քեզ”, քանի որ այս գիրքը ճամփորդություն է դեպի հոգուս խորքը եւ ավարտվում է որդուս ու իր երիտասարդ սերնդակիցներին ուղղված պատգամով` եթե մենք անգամ չկառուցենք մեր կիսակառույց տունը, ապա անպայման դուք պետք է դա անեք”:

Վարդան Պետրոսյանի "Օրեր, գույներ, ճակատագիր” գրքի շնորհանդեսին


Կենսագրական հետաքրքիր մանրամասներից, գեղանկարներից ու լուսանկարներից զատ Վարդան Պետրոսյանն այս գրքում նաեւ զետեղել է իր գրած բանաստեղծությունները, իսկ առաջիկայում նախատեսում է տպագրել հաջորդ` “Նամակներ Փարիզից” գիրքը. “Ֆրանսիայում ապրելու ընթացքում երկար ժամանակ նամակներ էի գրում: Հեռախոս, ինտերնետ չկար, 25-30 էջանոց երկար նամակներում նկարագրում էի Փարիզի կյանքը, իմ կյանքը, մերոնք նկարագրում էին Հայաստանի մութ ու ցուրտ տարիները... Հետո շատերը դա մոռացան, իմ տղայի սերունդը դա ընդունում է որպես ուրախ տարիներ, երբ վառարանի մոտ հավաքվում ու երգում էինք… Որոշել եմ ավելի անկեղծանալ ու հրապարակել իմ նամակները”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW