BRAVO.am-ն այս տարեսկզբին տեղեկացրել էր, որ գարնանը կծնվի դերասան-ամուսիններ Սիրանուշ Լազյանի եւ Սամվել Դանիելյանի երկրորդ դուստրը, որին մեծ աղջկա ցանկությամբ կանվանեն Մարիա: Փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ` ապրիլի 29-ին` 2.4 կգ քաշով եւ 46 սմ հասակով:
Դերասան-ամուսիններ Սիրանուշ Լազյանը եւ Սամվել Դանիելյանը
Արդեն կրկնակի հայրիկ Սամվել Դանիելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կնոջ ծննդաբերությունից հետո առաջինն ինքն է տեսել Մարիային.“Կարծում էի` երկրորդի դեպքում ավելի պատրաստված կլինեմ եւ հեշտ կհաղթահարեմ հուզմունքս, բայց հասկացա, որ ամեն երեխայի հետ հույզերը լրիվ տարբեր են: Զգացողություններիցս դեռ գլուխ չեմ հանում”:
Սիրանուշ Լազյանի եւ Սամվել Դանիելյանի նորածին դուստրը` Մարիան
Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանների մեծ դուստրը` Էլենը, փոքր քույրիկին դեռ միայն լուսանկարներով է տեսել.“Արդեն երկու օր մայրը տուն չի եկել, զգացի, որ մի փոքր խանդում է: Անընդհատ զանգում է կնոջս ու խնդրում հեռախոսը փոխանցել Մարիային, որ հետը խոսի ու իմանա` քույրիկն իր մասին ինչ գիտի: Մենք էլ փորձում ենք համոզել, որ նա դեռ փոքր է ու խոսել չգիտի”,-պատմել է Սամվելն` ավելացնելով, որ առաջին հայացքից Մարիային նմանեցրել է մեծ աղջկան.“Հաջորդ օրն ընդհանրապես նման չէր… Վաղն էլ ուրիշ կերպարով կտեսնեմ նրան:)”:
Դերասան Սամվել Դանիելյանը դստեր` Էլենի հետ
Մինչ դերասանուհին փոքրիկի հետ հիվանդանոցում է, Սամվելը մտերիմների հետ հասցրել է նշել ընտանիքի նոր անդամի գալուստը.“Հիմա մտածում եմ` կնոջս ինչ անակնկալ մատուցել: Քանի որ Մարիան նախանշվածից երկու օր շուտ ծնվեց, չենք հասցրել սենյակն ու իրերն ամբողջությամբ կարգի բերել, հիմա այդ պարտականությունը դրված է ինձ վրա. մեծ աղջկաս օգնությամբ հնարավորինս լավ կդիմավորենք նրանց”:
Դերասաններ Սամվել Դանիելյանը, Սիրանուշ Լազյանը, Իռեն Աբելյանը, Արաքսյա Մելիքյանը եւ Անդրանիկ Զաքարյանը
Դերասանի խոսքով` ծննդաբերությունից երկու օր առաջ Սիրանուշը գնացել է սերիալի նկարահանման հրապարակ, իսկ մինչեւ ծննդաբերությունը ներկա է եղել “Պարահանդես” հեռուստանախագծի գալա համերգին, որտեղ պարում է նաեւ Սամվելը. “Որոշ ժամանակ դադար կվերցնի, բայց նորից կշարունակի ինձ հետ նկարահանվել “Մաեստրո” սերիալում: Ավելի ուշ կվերադառնա նաեւ թատրոնի բեմ. թատրոնի մեր գործընկերներն անհամբեր սպասում են կնոջս վերադարձին”:
BRAVO.am-ը շնորհավորում է Սամվել Դանիելյանին եւ Սիրանուշ Լազյանին` փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Սամվել Դանիելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: