Այսօր 81 տարեկանում կյանքից հեռացել է թատերական գործիչ, բեմադրիչ եւ ռեժիսոր, Ստանիսլավսկու անվա ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը։
BRAVO.am-ը ցավակցում է Ալեքսանդր Գրիգորյանի ընտանիքին:
Ալեքսանդր Գրիգորյանը` թոռնուհու հետ
Ռեժիսորը շուրջ 52 տարի ղեկավարել է ռուսական թատրոնը։ BRAVO.am-ը նախորդ տարի լուսանկարել է նրա 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը։ BRAVO.am-ը նաեւ լուսաբանել է Ալեքսանդր Գրիգորյանի եւ կնոջ՝ Թամարայի ամուսնության 25-ամյակը։ Նա խոստովանել էր, որ իրեն շատ երիտասարդ է զգում.«Եթե համարենք, որ ամենաթարմը պետք է լինի մարդու ուղեղը, ես ինձ 40-45 տարեկան եմ զգում։ Մի քիչ ոտքս է ցավում, մի քանի օրից պետք է գնամ բուժվելու։ Իմ ամենահետաքրքիր հոբելյաններս 60, 70, 75-ամյակներն են, երբ թատրոնիս հետ եմ նշել. ամենաուրախ տոներն են եղել։ Ճիշտն ասած` ինձ համար առաջին տեղում թատրոնն է, հետո՝ ընտանիքը։ Մոտ 65 տարի կապված եմ թատրոնին»:
Ալեքսանդր Գրիգորյանը բեմադրել է տասնյակ ներկայացումներ։ Նրա անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Գոգոլի «Ռեւիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ. Շեքսպիրի «Մակբեթ» եւ այլն: Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երեւանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնեւում, Բուլղարիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում եւ այլուր:
Ալեքսանդր Գրիգորյանը` կնոջ հետ
Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 20-ին, ավարտել է Լենինգրադի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: 1964-ին հրավիրվել է Հայաստան` որպես Երեւանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր աշխատում էր մինչ օրս` որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր: Նրա նախաձեռնությամբ 2000թ. Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում առաջին անգամ բացվել է դերասանական վարպետության ռուսական կուրս: 2008-11թթ. Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում իրականացրել է հետեւյալ ներկայացումները` Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» եւ «Համադասարանցիները», Վ. Ռոզովի «Մենք լավ ենք ապրում», «Մորգանի խնամին», Սլուցկիի «Մոլագարը», «Նախկինում մենք ապրել ենք սարերում»:
1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 1999թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նորա Գրիգորյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: