×


Մայրերին ու հերոսներին նվիրված “Որսորդը”` երեւանյան մեծ էկրանին

Ապրիլի 20-ին “Մոսկվա” կինոթատրոնում տեղի է ունեցել 18 րոպե տեւողությամբ “Որսորդը” ֆիլմի երեւանյան պրեմիերան: Կարճամետրաժ այս կինոնկարը մայիսին կներկայացնի Հայաստանը Կաննի 66-րդ կինոփառատոնում` ցուցադրվելով “Short film corner” ծրագրի ոչ մրցութային ֆիլմերի շարքում:

Սուրեն Թադեւոսյանը, Աշոտ Սարգսյանը եւ Արմեն Գրիգորյանը


“Որսորդը” ֆիլմի հերոսը` Նելսոնը, կռվել է իր հայրենիքի համար, մի շարք մեդալներ ունի, բայց` սոցիալապես անապահով ընտանիք... Նա պատրաստ է վրեժ լուծել իր միակ կովին սպանած գայլերից, քանի որ իր երեխան կովի կաթով էր սնվում: Կնոջը խոստանալով կրկին կով գնել` Նելսոնը գնում է որսի, հրացանով կրակում գայլի ձագի ու պատրաստվում մորթին վաճառելով կով գնել, սակայն անտառից վերադարձի ճանապարհին հարձակման է ենթարկվում մայր գայլի կողմից... Ֆիլմում միահյուսված են մայր հողը, մայր գայլն ու մայր կինը:

Դրվագ "Որսորդը" ֆիլմից


Նախքան ֆիլմի ցուցադրումը մեծ էկրանին հանդիսատեսը դիտել է կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանի պատրաստած ֆոտոշարքը, որում ներկայացված էին Հայաստանի ֆլորան ու ֆաունան, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր ու կենդանիներ: Ֆոտոշարք պատրաստելու գործում նրան օգնել են ընկերներն ու Բնության համաշխարհային հիմնադրամը` տրամադրելով անհասանելի լուսանկարներ.“Փորձ է արվել ցույց տալ Հայաստանի բնության ներդաշնակությունը: Ամեն ինչ փոխկապակցված է, մեկի խաթարումը բերում է  մյուսի խաթարմանը: Հույս ունենք` ֆոտոտեսաշարը հնարավորություն կտա ճանաչել ու գնահատել մեր բնությունը”:

“Որսորդը” Կալինինգրադի “Kenig Arts” ընկերության եւ Արմեն Գրիգորյանի ղեկավարած “A.G. Films”-ի համատեղ արտադրանք է: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն Արա Արուշն է, պրոդյուսերն ու գլխավոր դերակատարն` Արմեն Գրիգորյանը, գլխավոր օպերատորը` Վազգեն Մուրադյանը: Ֆիլմում նկարահանվել է ռուս դերասանուհի Աննա Արուշը, հայ դերասան Էդուարդ Շահնազարովը եւ այլք: Ֆիլմի ենթագրերում նաեւ նշված են կենդանի դերակատարների` գայլի, եղջերուի, մոծակի անունները:):

"Որսորդը" ֆիլմի Ֆիլմի ռեժիսոր եւ սցենարիստ Արա Արուշը


Հայաստանի Արագածոտնի մարզում նկարահանված ֆիլմը ռուսերեն լեզվով եւ անգլերեն ենթագրերով է, ինչը պրոդյուսեր եւ գլխավոր դերակատարի խոսքով` կարեւոր է միջազգային փառատոններին ներկայանալու համար.“Ֆիլմն ազգային պատկանելություն չի մատնանշում, այն համամարդկային է եւ նվիրված է մայրերին ու հերոսներին: Ֆիլմում մարդկանց սոցիալական խնդրի մասին է խոսվում, որ միմյանց ու բնության հանդեպ ավելի ուշադիր լինենք”, - BRAVO.am-ի հետ զրույցում է ասել է Արմեն Գրիգորյանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW