Ամիրյան Միշի “Always Smile” առաջին ու դեռ միակ տեսահոլովակում մեծ ուշադրության են արժանացել դեղին սմայլիկները եւ դա պատահական չէ. էսիդ ջազ, ֆանք, սոուլ ոճերում եւ, ինչպես ինքն է ասում, խառը վիճակներում հանդես եկող երգիչն ամենապոզիտիվներից է իր ընտրած ասպարեզում :): Շատերը նրան չեն ճանաչում. ձգտում չունի մեծ ճանաչում ձեռք բերել Հայաստանում: Միշը երգում է իր խելքի մարդկանց համար, որոնք, իր կարծիքով, այստեղ շատ քիչ են:
Միշ Ամիրյանը
Չունեմ երաժշտական կրթություն, ոչ էլ ընտանիքում կա ինչ-որ մեկը, ով կապ ունի երաժշտության հետ: Ուղղակի փոքրուց բոլորից անկախ սկսել եմ լավ-լավ բաներ լսել: Մութ ու ցուրտ տարիներին ռադիոյով լավ որեւէ գործ էի լսում, օրինակ` Նինա Սիմոնի, Ռեյ Չարլզի, Մայլս Դեյվիսի կատարումներից, փորձում էի ճարել նրանց կասետները ու պատկերացրեք` ստացվում էր, ճիշտ է` մեծ դժվարությամբ, բայց ստացվում էր:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ պատահմամբ հայտնվեցի կարաոկե ակումբում: Հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ էլ չեմ ուզում ուրիշների երգերը կատարել, իմ սեփականն եմ ուզում:
Շատերին դիմեցի, ոչ ոք չէր հասկանում, թե ինձ ինչ է պետք: Հետո պատահմամբ հանդիպեցի Արթուր Զաքիյանին, ով էլ հեղինակեց առաջին երգս` “Always Smile”-ը, որի հիման վրա նկարահանվեց իմ առաջին ու դեռ միակ տեսահոլովակը:
Միշ Ամիրյանը
Մասնակցում եմ համերգների, բայց ինձ շատ չեն ճանաչում: Ու եթե անկեղծ լինեմ, չեմ էլ ուզում, որ շատ ճանաչեն, որովհետեւ գիտեմ` իմ կատարած գործերը քչերին են դուր գալիս: Իսկ իմ խելքի մարդկանց համար հանդես եմ գալիս տարբեր ակումբներում:
Քննադատություններից չի, որ վախենում եմ, ուղղակի երգերս մասսայականացնելու իմաստ չեմ տեսնում: “Always Smile”-ի տեսահոլովակն էլ, որ թողեցի եթերով հեռարձակվի, շատ շուտ փոշմանեցի. այնպիսի երգերի հետ էր մասնակցում թոփ 5-յակների ու 10-նյակների, որոնց հետ ոճային առումով կապ ընդհանրապես չուներ:
Ապագայի հետ կապված շատ-շատ պլաններ կան: Առանց “music”-ի ես չկամ. մի քանի ամսից իմ առաջին ձայնասկավառակն եմ թողարկում: Արդեն իսկ սկսել ենք երկրորդ CD-ի աշխատանքները: Ընթացքում կլինեն համերգներ Հայաստանում ու Հայաստանից դուրս եւ այլն, եւ այլն:
Միշ Ամիրյանը
Առաջին` “3D Life” ձայնասկավառակում 10 երգ է ընդգրկված, այդ թվում` մեկ դուետ վրացուհի Մեգի Գոգիթիձեի հետ: Բոլոր երգերի խոսքերի հեղինակը քույրս է` Աննա Ամիրյանը, երաժշտության հեղինակները` Արթուր Զաքիյանը եւ “Brothers Nalbandyan”-ը: Այս ստեղծագործությունների ո′չ բառերն են ուղղակի գրվել, ո′չ էլ երաժշտությունը: Ամեն ինչի մեջ ենթատեքստ կա ու ամեն ինչ ավելի լուրջ է, քան թվում է, ուղղակի մատուցումն է թեթեւ:
Մեր թիմն անում է այն, ինչ սիրում է: Իսկ մեր հիմնական նպատակը որակյալ բան ստեղծելն է` մեզ համար որակյալ, չգիտենք` ուրիշներն այդ ամենն ինչպես են ընկալում:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: