“Գարեգին Նժդեհ” ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: “Մոսկվա” կինոթատրոնում հունվարի 27-ին եւ 28-ին կայացել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված այս ֆիլմի փակ պրեմիերաները, որոնց ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ֆիլմի ստեղծագործական խումբն ու այլք:
Գարեգին Նժդեհի կերպարը մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը
“ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ” ընկերության նկարահանած գեղարվեստական ֆիլմի սցենարի հեղինակը Քրիստ Մանարյանն է, բեմադրող ռեժիսոր եւ պրոդյուսերը` Հրաչ Քեշիշյանը, երաժշտությունը գրել է Հայկոն: Դերասանների թվում են Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Չուլպան Խամատովան, Միխայիլ Եֆրեմովը եւ ուրիշներ:
BRAVO.am-ի հետ զրույցում Հրաչ Քեշիշյանն ասել է, որ թեման ընտրելիս հաշվի են առել ժամանակի պահանջը.“Մենք վաղուց մոռացել ենք, թե ինչ է հերոսը, հերոսությունը, հայրենասիրությունը: Փնովում ենք մեր փոքրիկ աշխարհը` բավարարված չլինելով այն ամենով, ինչ ունենք: Այսօր ունենք անկախ հայրենիք, բայց եթե չլինենք ավելի հայրենասեր, քան առաջ էինք, Հայաստանում ապրելը շատ բարդ կլինի մեզ համար: Ուսուցողական հատուկ ծրագիր չկա այս ամենի հիմքում, բայց կա ցանկություն ֆիլմն օգտագործել վաղվա սերունդներին ավելի հայրենասեր դարձնելու համար. երիտասարդները, դիտելով այս ֆիլմը, պետք է հասկանան` ովքեր են իրենց թշնամիները, ում դեմ պետք է պայքարել եւ հանուն ինչի”:
Նառան եւ Հրաչ Քեշիշյանը
Ռեժիսորը նշել է, թե ընտրվել է հենց Գարեգին Նժդեհի պատմությունը, օգտագործվել են հենց նրա մտքերն ու ասույթները, քանի որ նա հայ ժողվորդի պատմության ամենավառ կերպարներից մեկն է. “Պետական ու ռազմական հանճարեղ գործիչ է, խոր փիլիսոփա ու մեծ հայրենասեր: Գարեգին Նժդեհն այն եզակիներից է, ով ունեցել է այնքան քաջություն, որ ճակատագիրն ընդունի այնպիսին, ինչպիսին կա”:
Հրաչ Քեշիշյանը, պատասխանելով դերասանների ընտրության հետ կապված մեր հարցին, ասել է, որ հաշվի չի առել վերջիններիս արհեստական իմիջը. “Ինձ համար կարեւոր է դերասանի տաղանդն ու նրա` կերպարի մեջ մտնելու ունակությունը, այլ ոչ այն, թե մինչ այդ ինչ է արել, ինչ դերեր է մարմնավորել”:
Նազենի Հովհաննիսյանը
Գարեգին Նժդեհի կերպարը մարմնավորած դերասան Արտաշես Ալեքսանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հերոսին մարմնավորելու առաջարկն ընդունել է երկար մտորումներից հետո.“Պատասխանատվությունը մեծ էր: Ուզում էի հասկանալ` կարող եմ արդյոք այնպես մտնել դերի մեջ, որ ֆիլմը դիտողներին հասանելի լինի Նժդեհի գաղափարախոսությունը, մտքերը, հոգին ու ոգին: Կարծում եմ` ֆիլմի ավարտից հետո հնչած ծափահարությունները, որոնք ուղղված էին ստեղծագործական խմբին, փաստում են նաեւ այն, որ կարողացել եմ ճիշտ մարմնավորել մեր ազգի հերոսի կերպարը”:
Անուշի կերպարը մարմնավորած Արմինե Հարությունյանը
Զորավարի սիրած աղջկա` Անուշի կերպարը մարմնավորած Արմինե Հարությունյանն ասել է` սա իր առաջին դերն է գեղարվեստական ֆիլմում.“Իմ առջեւ խնդիր էի դրել ստեղծել հայ երիտասարդ կնոջ հավաքական կերպար ու, անկեղծ, այնքան հուզված էի դիտում ֆիլմը, որ նույնիսկ չեմ էլ կարողացել գնահատել խաղս: Բայց կարծում եմ` դիտողներն ավելի ճիշտ գնահատական կտան”:
Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը
Հրաչ Քեշիշյանը տեղեկացրել է, որ ֆիլմի նկարահանումների համար պահանջվել է 3 ամիս, իսկ նախապատրաստական աշխատանքներից մինչ ավարտը տեւել է 9-ը ամիս: Նկարահանումներն իրականացվել են հիմնկանակում Հայաստանում եւ եվրոպական որոշ քաղաքներում. “Շատ լավ մթնոլորտ էր տիրում նկարահանումների ընթացքում, եւ, իրոք, երանելի օրեր էին: Ճիշտ է` աշխատանքային ողջ ընթացքն ուղեկցվել է ցրտով, որը մեզ շատ էր խանգարում, բայց միեւնույն ժամանակ ամեն ինչ շատ ուրախ ու հաճելի էր”:
Խորեն Լեւոնյանը
Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյանի դերակատար Խորեն Լեւոնյանի խոսքով` նկարահանումներն անցել են շատ լավ, բայց միեւնույն ժամանակ շատ ծանր.“Նկարահանվել ենք տարբեր վայրերում, տարբեր իրավիճակներում ու հոգեվիճակներում, տարբեր եղանակային պայմաններում”: Դերասանը հավելել է` շատ է ցանկանում, որ ֆիլմը դիտողներն ինչ-որ բան փոխեն իրենց կյանքում. “Այս մարդիկ թողել են մեծ ժառանգություն, որին այսօր պետք է տեր կանգնել, այլ ոչ թե կողքից փնովել”:
Սոնան
Արտաշես Ալեքսանյանն էլ հույս ունի, որ երիտասարդները, դիտելով ֆիլմը, ձեռք կբերեն մարտական, ռազմական ոգի ու հնարավորինս կփորձեն նմանվել ազգի հերոսներին:
Հրաչ Քեշիշյանը շատ է ցանկանում, որ որեւէ մեկը վարակվի այս ֆիլմով, ի հայտ բերի պատմական մեկ այլ կերպար ու նրա պատմությունը բարձրացնի մեծ էկրաններին. “Այսօր մենք, իրոք, ունենք դրա կարիքը, բայց ես միայնակ չեմ կարող անել այդ ամենը: Այդ ամենը չի կարող ծանրանալ միայն իմ ուսերին”:
Աննա Հարությունյանը
Ռեժիսորը նշել է, որ փետրվարին ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում. “Շատ հնարավոր է` նաեւ Եվրոպայում. բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: Ցուցադրություններ կազմակերպվելու են Կանադայում, ԱՊՀ տարածքում, ՀՀ մարզերում ու Արցախում: Եվ կա հստակ ծրագիր, ըստ որի` ֆիլմը ցուցադրրվելու է նաեւ զորամասերում”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: