×


Նազիկ Ավդալյանը

Նազիկ Ավդալյանի 31-ամյակին ամուսինն իրականացրել է նրա վաղեմի երազանքը

Ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը երեկ դարձել է 31 տարեկան: Թե ինչպես է նշել տարեդարձը, ինչպես են հուզել ամուսինն ու որդին, եւ թե կվերադառնա արդյոք մեծ սպորտ, մարզիկը պատմել է BRAVO.am-ին:

«Առհասարակ, սիրում եմ նշել կլոր ամյակներս, իսկ այս տարի որոշել էի օրս ընտանիքիս հետ անցկացնել: Ինձ հարազատ մարդիկ եկան, շնորհավորեցին, բայց մեծ միջոցառում չարեցինք»,-մեզ հետ զրույցում ասել է Նազիկը:

Նազիկ Ավդալյանն՝ ամուսնու հետ


Նա պատմել է, որ որդին բոլորին հայտնում էր, որ մայրիկի տարեդարձն է եւ խնդրում էր շնորհավորել.«Մեկ օր առաջ դրսում էինք, տղաս մոտեցավ ծաղկի սրահին եւ խնդրեց մեկ ծաղիկ տալ՝ ասելով՝ մայրիկի ծնունդն է: Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ տանը նույնիսկ չէինք խոսել այդ մասին: Նա, փաստորեն, հիշում էր տարեդարձիս մասին, սակայն հստակ օրը չգիտեր»:

Նազիկի ամուսինը ոչ միայն անակնկալ է մատուցել կնոջը, այլեւ իրականացրել է նրա ցանկություններից մեկը.«Երեկոյան աշխատանքի էր եւ առավոտյան տուն եկավ շատ մեծ ծաղկեփնջով: Իսկապես չէի սպասում, քանի որ մտածում էի նվերներն օրվա ընթացքում կլինեն, չէ՞ որ զբաղված է եղել: Իսկ երեկոյան նա ինձ հրաձգարան տարավ, եւ կյանքումս առաջին անգամ կրակեցի՝ իրագործելով վաղեմի ցանկությունս»:

Նազիկ Ավդալյանը՝ որդու հետ


Այժմ չեմպիոնուհին իր ողջ ժամանակը տրամադրում է ընտանիքին.«Տանը պարապում եմ, սակայն չգիտեմ՝ կկարողանամ մեծ սպորտ վերադառնալ, թե՝ ոչ: Սպորտից հրաժարվելն առաջին հերթին պայմանավորված է վնասվածքներով եւ որդուս խնամքով. նա այլեւս չէր կարողանում առանց ինձ մնալ: Եթե ստացվի, գուցե եւս մեկ մրցման մասնակցեմ եւ հրաժեշտ տամ իմ այդքան սիրելի ծանրամարտին: Մարզչի աշխատանք չեմ ցանկանա կատարել, քանի որ դա եւս նշանակում է տնից երկարատեւ բացակայել եւ ամբողջ ժամանակը տրամադրել սպորտին»:

Նազիկը վերջերս ոճային փոփոխություն է կատարել՝ հրաժարվելով երկար վարսերից.«Հատուկ պատճառ չկար, պարզապես հոգնել էի: Թեեւ ամուսինս երկար վարսերի սիրահար է, սակայն դեմ չեղավ, ավելին՝ ասաց, որ լավ է ստացվել»,-պատմել է նա:

Մեր հարցին՝ արդյոք չի ցանկանում կրկին մայրանալ, պատասխանել է.«Ուզում եմ տղաս մի փոքր էլ մեծանա, թեեւ նա շատ է ուզում ապերիկ ունենալ, սիրում է փոքրիկներին, շատ ուշադիր է նրանց նկատմամբ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նազիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW