×


“Նրանց պահվածքը կյանքն է հիշեցնում, նրանք ապրում են ինչպես մարդիկ”

Մինչեւ մայիսի 24-ը հասցրու այցելել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի “Արծիվ” սրահ` դիտելու “Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր” խորագրի ներքո ներկայացված 62 քանդակները: ՀՀ ժողովրդական նկարիչը վերոնշյալ օրը կդառնար 90 տարեկան, եւ չափազանց հուզիչ է, որ օրերս բացված այս հետմահու ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները ընտրել է հենց վարպետը:  

Հակոբ Հակոբյանի քանդակներից


“Ի սկզբանե ցուցահանդեսը նվիրվելու էր Հակոբ Հակոբյանի 90-ամյա հոբելյանին: Մի քանի նմուշի անվանում նույնիսկ միասին ենք որոշել. աշխատանքային  շատ մտերմիկ պրոցես էր: Նրա երազանքն էր տեսնել այս ցուցահանդեսը, որտեղ իր քանդակները ցուցադրված են մեկ կտուրի տակ”,-ասել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:

Հակոբ Հակոբյանի քանդակներից


Անվանի գեղանկարիչը նշում էր, որ արվեստագետի գլխավոր թեման մարդն է: Նրա ստեղծած քանդակներն էլ իրենցից ներկայացնում են մարդկային կերպարանք ստացած աշխատանքային գործիքներ: Դրանք պատրաստված են հարթաշուրթերի, աքցանների, մկրատների, բժշկական գործիքների տարատեսակ համակցումներից: 

Առաջին ու վերջին անգամ հանդիպեցի նկարչին 2011 թվականի մայիսին` նրա` “Հողեղեն գույների երգը” խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Հենց այդ ժամանակ վարպետը պատմեց, որ վաճառողները հաճախ բացատրում են իրեն, թե ինչի համար են նախատեսված գործիքները` չկասկածելով, թե ինչի համար է դրանք օգտագործելու:

Հակոբ Հակոբյանի քանդակներից


Այս քանդակներն իսկզբանե ստեղծվել են որպես նկարչի կտավների նախակերպեր: Ժամանակի ընթացքում Հակոբ Հակոբյանը զգացել է, որ դրանք չափազանց խոսուն ու մարդկային են դառնում եւ որոշել է կյանք շնորհել. “Այս գործիքները քանդակների վերածվեցին, երբ սկսեցին խոսել, գոռալ, բացականչել ու շփվել ինձ հետ”:

Հակոբ Հակոբյանի կտավներից


Հակոբ Հակոբյանն ասում էր, որ նկարիչը երբեք չգիտի, թե ինչ պետք է ստեղծի:  80 տարեկանում նա չի էլ մտածել, որ մեկ օր քանդակներ կստեղծի. “Չնայած` քանդակներս գործիքներից են պատրաստված, ես նրանց կենդանի էակներ եմ համարում, պատկերել եմ նաեւ նկարներում: Նրանց պահվածքը կյանքն է հիշեցնում, նրանք ապրում են ինչպես մարդիկ”:

“Երկաթե երկեր” խորագրով ցուցահանդեսն առաջին անգամ երեւան է հանում քանդակի` որպես առանձին գեղարվեստական ուղղության զարգացում Հակոբ Հակոբյանի արվեստում` ներկայացնելով արվեստագետի եռածավալ հորինվածքների լայն ընտրանի` մարդակերպ եւ կենդանակերպ ֆիգուրներ, թեմատիկ աշխատանքներ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին