Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանը մինչեւ Ամանոր որոշել է իր վաղեմի ցանկություններից մեկն իրականություն դարձնել: Դեկտեմբերի 18-ին նա ելույթ կունենա “Colors of Music” խմբի նվագակցությամբ:
Շողեր Գրիգորյանը
“Բազմիցս երգել եմ տարբեր մյուզիքլներում, բայց սա իմ առաջին համերգն է: Երբ բենդի գեղարվեստական ղեկավար Արթուր Հարությունյանն առաջարկեց միասին աշխատել, շատ ուրախացա, որովհետեւ վաղուց ուզում էի համերգներ ունենալ, դրանցում մի տեսակ կենդանի թատրոն կա: Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ առաջարկն այսքան արագ իրականություն կդառնա”, - BRAVO.am-ին հայտնել է 26-ամյա դերասանուհին:
Նա առաջին համերգի համար ընտրել է փոփ եւ բլյուզ ժանրի հայտնի երգեր, որոնք կկատարի իր տարբերակով.“Անգլալեզու երգերից բացի, կերգեմ ֆրանսիական մի քանի գործ. այնպիսի երգեր եմ ընտրել, որոնք ձեւավորել են իմ երաժշտական մտածողությունը: Երբ փորձերին սխալ ու կեղծ նոտա եմ երգում, երաժիշտներն ուղղորդում են, որ շտկեմ թերություններս”:
Շողեր Գրիգորյանը
Շողերի փոխանցմամբ` իր առաջին մասնագիտությանը չի դավաճանում, բայց սիրում է փորձարկումներ անել. աշխատել է նաեւ որպես ֆրանսերենի թարգմանչուհի, լրագրող-սցենարիստ, ֆիլմերի համակարգող եւ երեկույթների հանդիսավար, այժմ էլ որոշել է երգել.“Երբ ինձ հնարավորություն է տրվում, բաց չեմ թողնում, մանավանդ, երբ մարդիկ ինչ-որ հարցում հավատում են ինձ: Լսելով իմ ձայնային տվյալները` շատերն են հարցրել` ինչու չեմ երգում, հիմա այն պահն է, երբ իմ ներսում կուտակված հույզերն ուզում եմ երգելով արտահայտել”:
Շողեր Գրիգորյանը
Շողերը թատերական բեմը երկրորդ պլան չի մղել, ընդգրկված է մայր թատրոնի խաղացանկային ներկայացումներում ու առաջիկայում սպասվող Գուրգեն Խանջյանի “Որբերի ընտանիքը” բեմադրության կազմում: Վերջերս տեղի է ունեցել նրա մասնակցությամբ Դոստոեւսկու “Ապուշը” ներկայացման պրեմիերան, որը բեմադրել է Վահե Շահվերդյանը.“Նաստասյա Ֆիլիպովնային մարմնավորելն իմ երազանքն է եղել: Դոստոեւսկին ինձ համար ուրիշ աշխարհ է, նրա հերոսների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ: Այս ներկայացումն իր նախապատմությունն ունի. քանի որ մեր կուրսի դիպլոմային աշխատանքն է եղել, այսօր խաղում ենք Վահե Շահվերդյանի արվեստանոցի երկու տարբեր սերնդի շրջանավարտներով”:
BRAVO.am
Լուսանկարները` Շողեր Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: