×


«Ոտաբոբիկ»՝ Մարիամի եւ Լյուսիի հետ

«Ոտաբոբիկ»՝ Լյուսիի ու Մարիամի հետ

Ալիքներն անկարող ենք կանգնեցնել, բայց փոխարենը կարող ենք սովորել սերֆինգով զբաղվել։ Նրանք հենց այդպես են արել՝ բառի բուն ու փոխաբերական իմաստներով։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսուհիները մոդել քույրեր Լյուսի եւ Մարիամ Հայրապետյաններն են։

- Աղջիկնե՛ր, երկուսդ էլ բավական ակտիվ գործունեություն եք ծավալում. ինչո՞ւ է համացանցում գերակշռում Լյուսիի մասին տեղեկատվությունը։

Մարիամ. - Իրականում Լյուսին ավելի ակտիվ է՝ բնույթով էլ, կյանքով էլ։ Լյուսին սիրում է տեսախցիկ, ես՝ ոչ։ Բացի այս, մշտական աշխատանքս էլ թույլ չի տալիս, որ մշտապես շրջանառվեմ։

Մարիամ Հայրապետյանը


Լյուսի. - Կյանքի հանդեպ մոտեցմամբ ես մի տեսակ «թափթփված» եմ. սիրում եմ փորձել այն, ինչ ուզում եմ, իսկ Մաշը մտածում է մինչեւ փորձելը, ու չնայած՝ նա է փոքրը, ավելի շատ նա է ինձ խորհուրդներ տալիս, քանի որ, որպես կանոն, ես ավելի շատ եմ սխալվում։ Երեւի մարդիկ էլ իմ մասին ավելի շատ են խոսում, ոչ միայն այն պատճառով, որ կյանքս լի է փոփոխություններով, այլեւ քանի որ իմ դեպքում սխալվելու հավանականությունը շատ ավելի մեծ է։

- Ինքներդ ձեր մասին խոսեցիք, հիմա կփորձե՞ք իրար բնութագրել։

Լյուսի. - Շատ խելացի, կազմակերպված, ժամանակ առ ժամանակ կատաստրոֆիկ հիստերիկ, մինչեւ որեւէ քայլի դիմելը երկար մտածող… Իմ ավագ խորհրդատուն է ու, ասեմ նաեւ, շատ ոճային է. եթե ինչ-որ միջոցառման պետք է գնամ, մինչեւ ինձ չի ասում, որ լավ եմ հագնված, չեմ գնում։ Մեկ-մեկ մտածում եմ, որ ամուսնանամ, գնամ մեր տնից, կգժվեմ։

Մարիամ. - Լյուսին էլ է կազմակերպված, բայց դարձել է այդպիսին։ Ակտիվ է ահավոր, ռիսկային, աշխույժ, պոզիտիվ, չափազանց զգացմունքային, լացկան, սենտիմենտալ, շատ կանացի, կոկետ… Լուսավոր շատ՝ անունին համապատասխան։

-Ինչպե՞ս ստացվեց, որ երկու քույր, երկուսդ էլ համարյա մի բոյի, այդքան տարբեր ու այդքան նման, ընտրեցիք նույն ուղին։

Լյուսի. - Իմ դեպքում ամեն ինչ շատ պատահական ստացվեց՝ մոխրոտիկային։ Մի խաղի համար 26 երկարաոտ աղջիկ էին փնտրում, ես էլ տեղեկանալով, որ վերջին 3 տեղերը դեռ ազատ են, որոշեցի ուժերս փորձել ու մասնակցել քասթինգին։ Շորիկ ունեի, բայց համապատասխան բարձրակրունկներ չունեի, այդպես էլ որոշեցի ոտաբոբիկ մասնակցել, ընտրվեցի, ու բոլորն ինձ հիշեցին որպես գանգուր մազերով, ոտաբոբիկ ու ամենակոլոտ աղջիկ։ Չնայած՝ մինչ այդ մի ֆոտոսեսիայի եւս մասնակցել էի, դա եղավ կարիերայիս սկիզբը: Ու հենց այդ դեպքից հետո ամեն անգամ, երբ ինձ հարցնում էին՝ ում կարող եմ ինձ հետ տանել այս կամ այն նախագծին մասնակցելու, առաջարկում էի քրոջս։

Լյուսի Հայրապետյանը


Մարիամ. - Ես էլ Լյուսիի հետ մի քանի միջոցառման մասնակցեցի ու դրանցից մեկի բերումով գնացի հագուստ փորձելու։ Պարզվեց՝ հայտնվել եմ Հայաստանի ամենախոշոր մոդելային կազմակերպություններից մեկում, ու հենց այնտեղ ինձ առաջարկեցին ցուցադրության համար կազմակերպված քասթինգի մասնակցել։ 60-ից ընտրվեց 20 աղջիկ, ու, ի զարմանս, ես անցա երկրորդ տեղով. հետաքրքիրն այն էր, որ քասթինգն իրականացնում էր մի իտալուհի, այսինքն՝ ոչ մի կողմնապահություն չկար։ Այս միջադեպից հետո արդեն Լյուսին էլ միացավ ինձ, ու սկսեցինք ցուցադրությունների մասնակցել։

Լյուսի. - Հետո արդեն սերիալներ, թատրոն… Իրար օգնելով, իրար ինչ-որ տեղ համոզելով, քանի որ կոնկրետ թատրոնի գաղափարը Մարիամը շատ դժվար ընդունեց, ամենատարբեր կուրսերի մասնակցելով ու վերապատրաստվելով՝ սկսեցինք առաջ շարժվել։ Հիմա, օրինակ՝ խոսքի վարպետության դասերի եմ պատրաստվում գնալ, քանի որ որպես հաղորդավար զգում եմ, որ դրա կարիքն ունեմ։

- Փաստորեն մինչեւ օրս աշխատում եք ձեզ վրա։

Լյուսի. - Միշտ։

Մարիամ. - Չէ՛, ես այդքան չէ. ժամանակս հիմնականում չի հերիքում։

- Այ, ժամանակից խոսեցիր... Աշխատանք, հանգիստ, ընթերցանություն, սպորտ՝ մարզասրահ, սերֆինգ, սնոուբորդինգ, երեկույթներ. այս ամենը հասցնում եք անել. ինչի՞ն 24 ժամը չի հերիքում՝ չհաշված Մարիամի նշածը։

Միաձայն. - Անձնական կյանքին։

«Ոտաբոբիկ»՝ Մարիամի եւ Լյուսիի հետ


- Մարիա՛մ, Լյուսին մի առիթով ասել է, որ այն կանանցից է, ում կողքին միշտ պետք է տղամարդ լինի…

Մարիամ. - Իմ դեպքում միշտ չէ, որ պետք է լինի։ Անգամ դեպքեր են լինում, որ ընդհանրապես պետք չի լինում, որ լինի։ Շատ բարդ եմ ընտրում։

- Հիմա ընտրելու փո՞ւլն է։

Մարիամ. - Չէ՛, հիմա ես անգամ պատրաստ չեմ ընտրել։

Լյուսի. - Հենց երեկ ինձ ասում էր, որ ընկերոջ ժամանակ չունի, ավելի լավ է շատ աշխատի՝ ավտոմեքենան փոխի:):

- Լյուսի՛, քո դեպքում ինչպիսի՞ն է իրավիճակը։

Լյուսի. - Դե, գրավիչ առաջարկի դեպքում նոր մեքենան կարող է սպասել:): Իսկ եթե ավելի լուրջ, ապա եթե ես ունենում եմ հարաբերություններ, դրանք, որպես կանոն, կամ տեւում են երկար, բայց լինում են շատ ձգձգվող, կամ տեւում են կարճ, բայց՝ հագեցած։ Ու հենց ժամանակի սղության պատճառով է երեւի, որ ոսկե միջինը չեմ գտնում. միշտ կռվում ենք, քանի որ ես յուրաքանչյուր երեկո կամ իմ մշտական աշխատավայրում եմ, կամ ինչ-որ բան եմ վարում, կամ ինչ-որ տեղ ցուցադրության եմ։

- Փոքր հասակում ձեզ այսպիսի՞ն էինք պատկերացնում։

Մարիամ. - Բացարձակ։ Ինձ մաթեմատիկան ու երկրաչափությունն էին շատ հետաքրքրում։ Իսկ ավելի փոքր տարիքում ուզում էի կամ երգչուհի դառնալ, կամ բժիշկ։

Լյուսի. - Երբ դեռ շատ փոքր էի ու ինձ հարցնում էին՝ ինչ եմ ուզում դառնալ, պատասխանում էի՝ մամա։ Հուսով եմ՝ դեռ կդառնամ. 4 երեխա, Աստված ջան, շատ բան չեմ ուզում։ Հետո երբ մի քիչ մեծացա, ուզում էի ավիաուղեկցորդուհի, քանի որ սիրում էի երկար ոտքերով, կարճ շրջազգեստներով սիրուն աղջիկների, կամ մատուցողուհի դառնալ։

«Ոտաբոբիկ»՝ Մարիամի եւ Լյուսիի հետ


- Իսկ փոքր ժամանակ բարդույթներ ունեցե՞լ եք։

Լյուսի. - Հա՜, ես անիմաստ մի բարդույթ ունեի. սիրում էի նեղ աչքերով գեղեցկուհիներին ու այնքան նկարներ ունեմ, որ այսպես էի նկարվում (ձեռքերն այտերին դրած՝ մատներով ձգում է աչքերի ծայրերը,-հեղ.) կամ մազերս շատ ձիգ էի կապում, որ ինչքան հնարավոր է նեղաչք լինեմ։ Մի բան էլ՝ շատ էի նեղվում իմ բարակ ու երկար ոտքերից, մինչեւ հասա այն գիտակից տարիքին, որ հասկացա՝ ոտքերս գեշ չեն: Ինձ դպրոցում ասում էին՝ «չոփիկ-չոփիկ», ես էլ մտածում էի՝ իրոք անհարմար է այսքան մեծ մարմնով, այսքան բարակ ոտքերի վրա...

Մարիամ. - Ես էլ կոլոտ էի, դրա համար էի նեղվում։ Մինչեւ ութերորդ դասարան ֆիզկուլտուրայի դասերին շարքում ամենավերջինն էի։ Մտածում էի՝ միշտ այդքան կոլոտ եմ մնալու։ Հետո կամաց-կամաց սկսեցի բոյովանալ, շարքում առաջ շարժվել, ու վերջապես սիրտս տեղն ընկավ։

- Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կփոխեիք ձեր մեջ։

Լյուսի. - Ես ինձ մի քիչ խելք կավելացնեի ու մարդկանց ճանաչելու հատկություն։ Մեկ էլ կուզեի մի քիչ քիչ խոսել։

Մարիամ. - Ես հակառակը՝ կուզեի ավելի շատ խոսել, շփվել։

- Աղջիկնե՛ր, ինձ թվում է՝ մարդիկ ձեզ կամ շատ սիրում են, կամ  ընդհանրապես չեն սիրում։ Կարծիքն առաջացել է ձեր մասին հրապարակումների ներքո տեղ գտած որոշ մեկնաբանություններ կարդալու արդյունքում։ Ինչպե՞ս եք պայքարում նման «բացասական հոսանքների» դեմ։

Լյուսի. - Մաշը միշտ սառն է ընդունել։ Ես էլ մի բան եմ սովորել. եթե առաջ այդ ամենը շատ ծանր էի տանում, հիմա ինքս ինձ հանգստացնում եմ ու ասում՝ «Լավ, Լյո՛ւս, դու այսքան ներվ ես խախտում, ավելի լավ է գնա, մամայիդ հետ նստիր, թեյ խմիր, կամ 15 րոպե գիրք կարդա»։

Դիանա Հովհաննիսյանը եւ Լյուսի Հայրապետյանը


- Ոչ միշտ է ամեն ինչ ստացվում այնպես, ինչպես ցանկանում ենք. օրինակ՝ ինչպես մինչեւ բուն հարցազրույցը պարզեցի, Լյուսին այդպես էլ չի ստացել արտերկրում սովորելու իր արտոնագիրը։ Երբ «կոտրվում» եք, ո՞ր «սոսինձն» է ձեզ օգնում։

Միաձայն. - Սպորտը։

Մարիամ. - Ակտիվ սկսում եմ սպորտով զբաղվել։

Լյուսի. - … Ու ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելը։

- Ո՞րն է ձեր կյանքի ամենաամոթալի պահը։

Լյուսի.- Ես ստորագրություն կեղծելու համար ինստիտուտից դուրս եմ մնացել։ Դրանից ամոթալի իրավիճակ ինձ համար ուղղակի չէր կարող լինել. կուրսս ավարտեց, իսկ ես չկայի ավարտականին։ Իհարկե, հետո վերականգնեցի, գերազանց ավարտեցի, բայց այդ ժամանակ շատ ծանր էի տանում ու ամաչում էի հատկապես ծնողներիցս։

Մարիամ. - Ես էլ ութերորդ դասարանում հայերենի քննությունից չորս էի ստացել, քանի որ Կոմիտասի մասին գրելիս գրել էի՝ «Կոմի տաս»։ Շատ ծիծաղելի էր։

«Ոտաբոբիկ»՝ Մարիամի եւ Լյուսիի հետ


- Իսկ ամենաուրա՞խը։

Մարիամ. - Ամենաուրախը սերֆի վրա կանգնելն էր։ Ամենաուրախն ու ամենաազատը։

Լյուսի. - Դա ամենաուրախներից էր, ճիշտ է, բայց էլ չգիտեմ էլ՝ որ մեկն ասեմ, այնքան շատ կան։ Հա, գուցե ծիծաղելի հնչի, բայց երբ համալսարանի հրավերը ստացա, իրոք շատ ուրախացա, մտածեցի՝ ինձնից բան եմ ներկայացնում, ու կարեւոր չէ, որ արտոնագիրը չստացա ու այդպես էլ չգնացի Նահանգներում սովորելու։

Մարիամ. - Ես մի բան էլ հիշեցի. երբ Գուչին Հայաստան էր եկել, միջոցառման համար մոդել էր անհրաժեշտ, շատ իմիջիայլոց լուսանկարներս ուղարկեցի՝ չհավատալով, որ նա իրոք այստեղ է լինելու, ու ինձ ընտրեցին...

Լյուսի. - ... Սա այն դեպքերից էր, որ ինձ չընտրեցին, Մաշին ընտրեցին։

Մարիամ. - Գնացի, աշխատեցի նրանց հետ, այնքան լավն էին, հանգիստ՝ ե՛ւ կինը, ե՛ւ ամուսինը։

- Թաքնված տաղանդ ունե՞ք։

Մարիամ. - Թաքնված չէ, բայց տաղանդներ ունենք:): Ես շատ համեղ պատրաստում եմ, բայց երբ շատ եմ ուզում, ու այս պատճառով էլ շատ քիչ մարդիկ են փորձել իմ պատրաստածները։

Լյուսի. - Իմ ամենաթաքնված տաղանդը փչացնելն է. ես կարողանում եմ ամեն ինչ շատ սիրուն փչացնել՝ մի բան կորոշեմ սարքել՝ կվառեմ, սուրճ կդնեմ՝ կթափեմ, ինձ մոտ միշտ ինչ-որ մի բան չի ստացվում։ Բնատուր է:):

- Քանի որ, այսպես ասած, երկուսիդ սիրտն էլ ազատ է, եթե կարողանայիք ցանկացած տղամարդու ընտրել ու ամուսնանալ, ո՞ւմ կընտրեիք։

Լյուսի. - Հիմա չգիտեմ, բայց փոքր ժամանակ Սամվել քեռիիս հարսանիքին էի շատ նեղվել. ահավոր ծանր էի տանում նրա՝ ուրիշի հետ է ամուսնանալու փաստը:):

Մարիամ. - Ծիծաղելի է, որ փոքր ժամանակ մամայիս ասում էի, որ կինոյի տղա չեմ ուզում, հասարակ, լավ տղա եմ ուզում։ Հետո մեծացա, սկսեցի հասարակով չբավարարվել։ Իսկ հիմա… Եթե հայտնի դեմք նշեմ, ապա երեւի Սթինգը, շատ եմ սիրում։

«Ոտաբոբիկ»՝ Մարիամի եւ Լյուսիի հետ


- Եվ վերջում, եկեք մեր վիճակին անդրադառնանք։

Լյուսի. - Ես միշտ եմ ոտաբոբիկ՝ ամառ, թե ձմեռ։ Այս վիճակն ինձ համար այնքան դրական ու այնքան բնական է, որ հենց առաջարկեցիր, մտածեցի՝ ինչ լավ է, վերջապես մի հարցազրույց կլինի, որ նորմալ, մարդավարի, առանց անիմաստ կոշիկների կնստենք, կխոսենք։

Մարիամ. - Մեկ-մեկ այնքան հոգնած եմ տուն գալիս, որ անգամ մեքենան եմ ոտաբոբիկ վարում։ Տուն մտնելիս էլ մի ամբողջ ճանապարհ ոտաբոբիկ եմ անցնում, դե, մայրս էլ հենց տեսնում է, միանգամից հայտարարում է, որ ցեխոտ ոտքերով տանը չշրջեմ։

Լյուսի. - Խնջույքներին էլ մենք առաջինն ենք ոտաբոբիկանում։ Այնպես որ, ոտաբոբիկ լինելը միշտ է լավ:):

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացրել ենք «LOFT» -ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW