25-ամյա Ալեքսանդրը Սերբիայում հայտնի ու հաջողակ երաժիշտ է, ունի երկրպագուների մեծ բանակ, ամուսնության առաջարկ է արել Մարտա անունով մի աղջկա եւ պատրաստվում է ամուսնանալ: Նա երջանիկ է, մինչդեռ պարզվում է` ՄԻԱՎ վարակակիր է…
Մարիամ Ղազանչյանը եւ Իշխան Ղարիբյանը
Սաշայի սիրելի կինն ու քույրը երես են թեքում, մեղադրում վերջինիս, միայն հայրն է աջակցում: Նրան դրդում են մեկուսանալ, նա հիվանդանոցում սեռական կապի մեջ է մտնում անչափահաս աղջիկների հետ, քրոջ բժիշկ-ամուսինն էլ սպառնում է դատի տալ…
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում երեկ` փետրվարի 22-ին, “Վիրուս” ներկայացման պրեմիերան էր: Սերբական պիեսի հայկական բեմադրության ու երաժշտական ձեւավորման հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն է:
"Վիրուս" ներկայացման պրեմիերային
Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Իշխան Ղարիբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Բաբելյանը, Սամվել Դանիելյանը, Մարիամ Ղազանչյանը, Նառա Սարգսյանը, Գոհար Կարապետյանը եւ այլք:
Գլխավոր դերակատար Իշխան Ղարիբյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր մարմնավորած կերպարին շրջապատի մարդիկ են դրդում վախճանի. “Նրան միակ ոգեւորող ու սիրող մարդը հոր սիրուհու դեռահաս աղջիկն է, որը մեծ բանակի դեմ ի վիճակի չէ պայքարել: Չեմ ուզում պատկերացնել` ինքս ինչպես կվարվեի, ինչ կանեի հերոսի փոխարեն”:
"Վիրուս" ներկայացման պրեմիերային
Դերասանի խոսքով` մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածների հետ չի շփվել, բայց դերը ստանձնելիս ուսումնասիրել է խնդիրը, դիտել է համապատասխան ֆիլմեր.“Այս կերպարը խաղում եմ իմ պատկերացմամբ: Բավական բարդ դեր է, եւ մյուս դերասաններից ավելի շուտ կարդացի գործը, որ նախապատրասվելու ժամանակ ունենայի, բայց միտումնավոր չեմ դիտել մյուս երկրներում արված բեմադրությունները, որ չհամեմատեմ ու չկրկնվեմ”:
“Վիրուս” պիեսի հեղինակ, սերբ դրամատուրգ, սերբական պառլամենտի պատգամավոր Սինիշա Կովաչեւիչը
“Վիրուս” պիեսի հեղինակը` սերբ դրամատուրգ, բեմադրիչ, սերբական պառլամենտի պատգամավոր Սինիշա Կովաչեւիչը, ներկա էր պրեմիերային, որի ավարտից հետո բեմից շնորհակալություն է հայտնել իր գործը հայկական թատրոնում բեմադրելու համար: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է` այս գործի հերոսները մտացածին են, բայց կյանքից վերցված իրավիճակ է.“Անբուժելի հիվանդությունները շատ գրողների դրդել են մեծ գործեր գրել: Ամեն ժամանակաշրջան իր չարիքն ու հիվանդությունն ունի: Մահացու հիվանդություն ունեցողները հասարակության համար տխուր մարդիկ են դառնում, իսկ խնդիրը ոչ այնքան քո հիվանդությունն է, որքան հասարակության մեջ լիարժեք ապրելը”:
Հակոբ Ղազանչյանը եւ Իշխան Ղարիբյանը
Հակոբ Ղազանչյանն էլ հայտնել է, որ մի քանի պիես ընթերցելով, հավանել ու ընտրել է “Վիրուս”-ը, այնուհետեւ Բելգրադում ծանոթացել է հեղինակի հետ եւ պայմանավորվել պիեսը Երեւանում բեմադրելու համար.“Իմ կարծիքով` ես սրել եմ ասելիքը եւ խնդիրը փորձել եմ վերածել սոցիալական ողբերգության: Այս հիվանդությունը համամարդկային խնդիր է: Հասարակությունից մեկուսացած մարդը վտանգավոր է եւ նա կարող է վերածվել վայրենի գազանի ու վրեժ լուծել իրեն մեկուսացման դրդած այդ հասարակությունից”:
Մարտայի դերակատար Մարիամ Ղազանչյանը` Հակոբ Ղազանչյանի դուստրը, եւս ընդգրկված է ներկայացման կազմում: Նրա խոսքով` բեմադրիչ-հայրը երկար է մտածել դերաբաշխման շուրջ. “Պիեսը կարդալիս հետաքրքված էի, բայց միայն վերջում իմացա, որ գլխավոր հերոսի սիրած կնոջ կերպարն եմ մարմնավորելու: Կարծում եմ` ես չէի լքի ու այդպես չէի վարվի իմ սիրած մարդու հետ: Հայաստանյան թատրոններում ՁԻԱՀ-ի թեման ծեծված չէ, ինքս այս հիվանդության մասին մինչեւ բեմադրությունը մանրամասն տեղեկացված չէի: Կարծում եմ` հանդիսատեսին էլ այս ամենի մասին ավելին իմանալու հնարավորություն ենք տալիս”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա եւ հավելել, որ երբեւիցե չի շփվել ՁԻԱՀ-ով հիվանդ մարդու հետ:
Մարիամ Ղազանչյանը
Պատանի հանդիսատեսի թատրոնի այցելուների համար գեղարվեստական ղեկավարը նպատակ ունի ներկայացնել ոչ միայն մանկական բեմադրություններ, այլեւ խորհելու առիթ տվող գործեր. “Չբացառելով Գրիմ Եղբայրների, Թումանյանի հեքիաթները` խաղացանկում ունենք բավական լուրջ ասելիքով գործեր”:
Թատրոնի խաղացանկում ներառված “Վիրուս” ներկայացման ասելիքն անձամբ գնահատելու համար անհրաժեշտ է դիտել այն :):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: