×


Ռոջեր Կուպելյանը թողարկել է “Ռազմի աստվածները” գրաֆիկական նովելը

Ռոջեր Կուպելյանը թողարկել է “Ռազմի աստվածները” խորագրով պատկերազարդ առցանց գիրք: Գրաֆիկական նովելը քրիստոնեության ընդունման,  Ավարայրի ճակատամարտի եւ հաջորդող ժամանակաշրջանի մասին պատմող եռերգության առաջին մասն է: Հայոց պատմության շրջադարձային այս իրադարձությունները ներկայացնող  Ռոջեր Կուպելյանի այս գիրքը ստեղծվել է իր մեկ այլ նախագծի` “Բյուզանդիայից արեւելք” ֆիլմի սցենարի հիման վրա:

"Ռազմի աստվածները" պատկերազարդ գիրքը


“Միշտ ցանկացել եմ ստեղծել հայոց պատմության մասին պատմող պատկերազարդ գիրք, քանի որ գրաֆիկական աշխատանքն իմ մասնագիտության մաս է կազմում, միաժամանակ` նկարներն առավել տպավորիչ են դարձնում պատմությունը”,- ստեղծման գաղափարի մասին պատմում է Կուպելյանը:

Գրքի սցենարի եւ նկարների հեղինակը Ռոջեր Կուպելյանն է, խմբագիրը` Մարք Իրվինը, սցենարի վրա աշխատել են նաեւ Ռազմիկ Չագլասյանն ու Մարտին Երնազյանը, պատկերազարդ գրքերի Միացյալ Նահանգներում ճանաչված հեղինակ Դեն Փանոսյանն էլ իր մասնակցությունն է ունեցել գեղարվեստական ձեւավորման գործում:

 “Ռազմի աստվածները” պատմում է Հայոց արքա Տրդատի եւ Գրիգոր Լուսավորիչի, ինչպես նաեւ` Տրդատի քույր Կոսրոյի  հարաբերությունների ու քրիստոնեության ընդունման մասին: Գիրքը կարելի է գտնել հետեւյալ կայքում` http://graphicly.com/fugitive-studios-ent/war-gods/1:

"Մատանիների տիրակալը","Ալիսը հրաշքների աշխարհում", "Բյուզանդիայից արեւելք–451մ.թ.ա." ֆիլմերի պրոդյուսեր Ռոջեր Կուպելյանը


 “Ռազմի աստվածները” հայոց պատմության ռազմական դրվագներ պատկերող բացառիկ նմուշ է,  որ ստեղծվել է մանրամասն ուսումնասիրության արդյունքում. Վարդանանց պատերազմը նկարագրելու համար, օրինակ, Կուպելյանը հետազոտել է այն ժամանակների հայկական տարազները, զինվորական հագուստները, զենքն ու զրահները:

Ռոջեր Կուպելյանի խոսքով`  “Ռազմի աստվածները” գիրքը նաեւ “Բյուզանդիայից արեւելք” ֆիլմը ամերիկյան քմահաճ կինոարտադրությանը ներկայացնելու առաջին քայլն է: “Հոլիվուդում ազգային պատմությունների հիման վրա ֆիլմ նկարահանելու գործընթացը բավական բարդ ու երկարատեւ է: Այն ենթադրում է նախապատրաստական փուլ, որ իր մեջ ներառում է, օրինակ, սցենարի հիման վրա պատկերազարդ գիրք, վավերագրական ֆիլմ”,- հավաստիացնում է Կուպելյանը, որը երկար տարիներ հոլիվուդյան կինոաշխարհում իր ոլորտի լավագույն մասնագետներից է համարվում:

Ըստ նրա, հայերի պատմությունը ծանոթ չէ ամերիկյան կինոարտադրողներին եւ այն պետք է մատուցել այնպես, որ գրավիչ լինի: ““Բյուզանդիայից արեւելք” ֆիլմի սցենարն ընթերցելուց առաջ  ֆիլմարտադրողները միշտ նույն հարցն են ինձ տալիս,  թե այս պատմության մեջ ինչը պետք է հետաքրքրի ամերիկացիներին եւ այլ ազգերին”,- պատմում է Կուպելյանը: Այդ նպատակով, սցենարում պատմական դրվագները գեղարվեստական որոշակի փոխարկումների են ենթարկվել` համապատասխանեցնելու համար Հոլիվուդում էպիկական ժանրի ֆիլմերի ընդունված ավանդույթներին:

Ռոջեր Կուպելյանը թողարկել է "Ռազմի աստվածները" գրաֆիկական նովելը


“Հայերի շրջանում հավանաբար կլինեն բանավեճեր որոշ իրադարձությունների մեկնաբանության շուրջ, սակայն պետք է ընդունել, որ սա պատմական ֆանտազիա է,  եւ առավել լայն զանգվածների համար մեր  պատմությունը հետաքրքիր դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել հոլիվուդյան կինոարտադրության մեջ ընդունված որոշ մոտեցումներ”,- նշում է Կուպելյանը:

““Բյուզանդիայից արեւելք” գեղարվեստական ֆիլմի ստեղծման աշխատանքները շարունակվում են”,- հավաստիացնում է Կուպելյանը  եւ ֆիլմի ճակատագրով հետաքրքրվողներին կոչ անում համբերատար լինել, ըմբռնումով մոտենալ գործընթացի առանձնահատկություններին:

“Բյուզանդիայից արեւելք”


 “Բանակցում եմ կինոարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչների` ֆիլմարտադրողների, ռեժիսորների հետ, սակայն կա  չգրված օրենք, ըստ որի` չի կարելի բացահայտել այդ բանակցությունների ընթացքը”,- հայտնում է Կուպելյանը:

Ըստ նրա, գործընթացում ներգրավված են ինչպես հայ, այնպես էլ ամերիկյան ճանաչված դեմքեր: Ֆիլմի նկարահանումները սկսելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման ուղղությամբ եւս Կուպելյանը բազմաթիվ հանդիպումներ  է ունենում հայկական կազմակերպությունների, անհատների հետ:

Նանե Ավագյան,
Mediamax-ի սեփական թղթակիցը ԱՄՆ-ում՝  հատուկ BRAVO.am-ի համար 


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW